«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Գյումրիի տարածքային կառույցի հիմնադիր ժողովում երեկ հայտարարեց, որ նոյեմբերի 27-ը լինելու է ոչ թե սահմանադրության հանրաքվեի օր, այլ` իշխանության վստահության հանրաքվեի: Ա. Սարգսյանը բոլորին կոչ արեց այդ օրը քվեարկությունից հետո գալ Երեւան` հեղափոխություն իրականացնելու համար, քանի որ, ըստ նրա` հանրաքվեն ԵՄ-ի եւ այլ զարգացած երկրների կողմից մեծ նվեր է ընդդիմությանը: Մեր հարցին, թե ո՞վ է առաջնորդելու այդ գործընթացը, Ա. Սարգսյանը պատասխանեց, որ հանրաքվեն այն միջոցառումն է, որտեղ լիդերներ չկան, եւ այնտեղ կարող են բոլորը միասնական հանդես գալ: Իսկ մեր այն հարցին, թե` մտավախություն չունե՞ք, որ կոնկրետ պատասխանատու չունենալու դեպքում, եթե իրավիճակը սրվի, բոլորը միասնական կփախչեն, եւ ժողովուրդը կդառնա հետեւանքների զոհը, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Բացարձակ: Ցանկացած գործողություն համակարգող մարմին է ունենում, որը պլանավորում է ամբողջ գործընթացը»: