Արդեն նշանակվել է

16/12/2010

Ինչպես տեղեկացրել էինք, առաջիկայում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կարող է նշանակվել Կենտրոնական Ասիայում Միավորված ազգերի կազմակերպության` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում` նստավայրը Բիշքեկ: Երկու օր առաջ մեր թղթակցի հետ զրույցում Ժնեւում գտնվող Ա. Հարությունյանը հերքել էր այդ տեղեկությունը` միանշանակ ասելով, որ դա իրականությանը չի համապատասխանում: Մեր տրամադրության տակ եղած փաստերը, սակայն, անհերքելիորեն ապացուցում են, որ Ա. Հարությունյանն արդեն իսկ նշանակվել է այդ պաշտոնում: Ավելին` դեկտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում նա գտնվելու է Ժնեւում, եւ այդ այցը ձեւակերպվել է՝ որպես Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի գրասենյակի «գործընկերների հետ հանդիպելու հնարավորություն»: Ա. Հարությունյանն արդեն հանդիպել է Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի գրասենյակի քարտուղար Վալերի Մոնետի հետ, ով էլ ՀՀ օմբուդսմենին ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի աշխատակազմին: Ա. Հարությունյանը նոր պաշտոնում պարտականությունները ստանձնելու է 2011թ. սկզբին: Զարմանալի է միայն, թե ինչու է նա համառորեն հերքում այս տեղեկությունը: Սա ուշագրավ է ոչ միայն նրանով, որ Ա. Հարությունյանը նման կարեւոր պաշտոն է զբաղեցնելու ՄԱԿ-ի համակարգում, այլ նաեւ այն պատճառով, որ ներքաղաքական վերջին իրադարձությունների համատեքստում նոր օմբուդսմենի թեկնածության շուրջ բավական հետաքրքիր զարգացումներ կարող են ծավալվել: