ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրը, որ գնդապետ Իգոր Գորդիենկոն նախարարության կադրերի բաժին է ներկայացրել ազատման դիմում, ինչը առաջիկա օրերին կներկայացվի նախարարին: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` Ի.Գորդիենկոյին ստիպել են ներկայացնել ազատման դիմում: Հիշեցնենք, որ վերջերս «Wikileaks» կայքը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ 2003թ. Հայաստանը զենք է վաճառել Իրանին, եւ այդ զենքերով ամերիկյան զինվորներ են վիրավորվել ու սպանվել:
Մեր տեղեկություններով՝ Ի.Գորդիենկոյի պաշտոնանկությունը կատարվում է, որպեսզի ԱՄՆ-ին ցույց տրվի, որ պատժվում են զենքի վաճառքի հետ կապ ունեցող պաշտոնյաները: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ նույն պատճառաբանությամբ առաջիկայում ՊՆ-ից կհեռացվեն եւս մի քանի միջին օղակների պաշտոնյաներ, որոնցից ոչ բոլորն են, սակայն, իրականում կապ ունեցել զենքի վաճառքի հետ: Հիշեցնենք, որ Ի.Գորդիենկոն այն նույն գնդապետն էր, ում որդու հարսանիքի ժամանակ ամիսներ առաջ օգտագործվել էին պետական արարողակարգային հանդիսությունների համար ձեռք բերված «Nissan» մեքենաները: