Մեկ շաբաթից ավելի` Հայաստանի ներքաղաքական կյանքը կաթվածահար է եղել: Բոլորը շունչները պահած` սպասում են նախ՝ Երեւանի քաղաքապետի ու արդարադատության նախարարի պաշտոններում նշանակումներին եւ հնարավոր նոր պաշտոնանկություններին, որոնց մասին խոսակցությունները, ոչ առանց իշխանական որոշ օղակների մասնակցության, տարածվում են արդեն մի քանի օր: ՀՀԿ գործադիր մարմնի` երեկ կայացած նիստում եւս հստակություն չի մտցվել: Երեւանի նոր քաղաքապետի ամենահավանական թեկնածու է համարվում «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը, ում «նշանակման» հարցում արդեն որեւէ մեկը չի կասկածում, սակայն պաշտոնապես դեռեւս չի հայտարարվում այդ մասին: Երեկ ողջ օրվա ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու է սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, որոշ ՀՀԿ-ականներ նույնիսկ պնդում են, որ նրա նշանակման հրամանագիրն արդեն ստորագրված է: Սակայն այդ հարցի առնչությամբ եւս երեկ հստակեցում չեղավ: Հիմա էլ սպասվում է, որ ամեն ինչ հայտնի կդառնա այսօր հրավիրվելիք ՀՀԿ խորհրդի նիստում: Իսկ գուցե ոչ…. Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները միտումնավոր են ստեղծում եւ «զարգացնում» այս ինտրիգային, խորհրդավոր ու կիսագաղտնի մթնոլորտը: Առավել եւս, որ բոլոր որոշումները կայացվելու են նախագահական նստավայրում` Սերժ Սարգսյանի կողմից, եւ անգամ ՀՀԿ-անները հրապարակավ` ուղիղ տեքստով հայտարարում են, որ բոլոր պաշտոններում կնշանակվեն այն մարդիկ, ում անունը կհրապարակի երկրի նախագահը: Այսինքն` կուսակցական այդ նիստերն ու ժողովներն անհարկի ձեւականություն են, որոնք, սակայն, էլ ավելի են սրում խուճապային տրամադրությունները: Առաջին հերթին եւ առավելապես՝ իշխանական գործիչների շրջանում: Դրան նպաստում են նաեւ նոր պաշտոնանկությունների մասին շրջանառվող խոսակցությունները: Մասնավորապես, ըստ տարբեր աղբյուրների, առաջիկայում ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը ազատվելու է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում: ՔՀ վարչության պետ է դառնալու նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Աշոտ Մարտիրոսյանը, ով ժամանակին պաշտոնանկ էր արվել ինչ-որ սկանդալային պատմության պատճառով: Ըստ հավաստի տեղեկությունների, վերջապես պաշտոնանկ է արվելու նաեւ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ում փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է Ոստիկանության Ներքին զորքերի ներկայիս հրամանատար Գարեգին Գաբրիելյանը: Հնարավոր է համարվում, որ այս եւ մի շարք այլ պաշտոնանկությունները կարող են տեղի ունենալ հաջորդ տարեսկզբին: Մասնավորապես, քննարկվում է նաեւ Սյունիքի եւ Լոռու մարզպետներ Սուրիկ Խաչատրյանին եւ Արամ Քոչարյանին պաշտոններից ազատելու հարցը: Իսկ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի եւ Սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի պաշտոնանկությունը իշխանական շրջանակներում օրերի հարց է համարվում: Հետաքրքիր է, եթե որեւէ հետազոտություն անցկացվեր` պարզելու համար, թե անցած մեկ շաբաթվա ընթացքում որքանո՞վ է նվազել այս խառնաշփոթի արդյունքում կազմալուծված Հայաստանի պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետությունը (եթե, իհարկե, նման բան գոյություն ունի), ի՞նչ արդյունքներ կստացվեին: Արժե այդ թեմայով «անկախ» հարցումներ պատվիրել «Պոպուլուսին»: Եթե վերջինիս ղեկավար կազմում նույնպես փոփոխություններ տեղի չունենան: