Հանրապետականները երեկ առավոտյան արդեն տեղյակ էին, որ երեկոյան իրենց կուսակցության գործադիր մարմինը քննարկելու է «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանի թեկնածությունը Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու հարցը:
Ավելի շուտ տրամադրված էին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարելու է, որ քաղաքապետը լինելու է Կ. Կարապետյանը: Չնայած ներքաղաքական կուլիսներում երեկ շրջող այն խոսակցություններին, որ Կարեն Կարապետյանն իրականում չի ցանկանում ընդունել այս առաջարկը, երեկ Երեւանի ավագանու անդամներից մի քանիսը նույնիսկ արդեն պատրաստվում էին քաղաքապետի պաշտոնում նրա երդմնակալության արարողությանը: Կ. Կարապետյանը, վստահաբար, գիտակցում է, թե առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ ինչպիսի քաղաքական պատասխանատվություն է ենթադրում քաղաքապետի պաշտոնը: Արժե՞ արդյոք մի ամբողջ քաղաքական ուժի, այդ ուժի շարքերում ընդգրկված առանձին գործիչների արած-չարածների համար պատասխանատվություն կրել: Մտածելու խնդիր է:
ՀՀԿ-ում էլ տրամադրությունները տարբեր են: Բնականաբար, հանրապետականները չեն առարկելու Ս. Սարգսյանի որոշմաը, միաձայն ողջունելու են նրա թեկնածությունը: Սակայն երեկ ՀՀԿ գործադիր մարմինը մոտ 3 ժամ տեւած նիստում վերջնական որոշում չի կայացրել: Մեր տեղեկություններով՝ այդ եւ շատ այլ հարցեր երեկ քննարկվել են: Քննարկվել են ոչ միայն նոր նշանակումներին, այլեւ նոր հրաժարականներին կամ հեռացումներին վերաբերող հարցեր: Որոշվել է այսօր էլ հրավիրել ՀՀԿ արդեն խորհրդի նիստ եւ դրա ընթացքում վերջնական որոշում կայացնել: Իսկ այս նոր նիստի պատճառն այն է, որ, մեր տեղեկություններով, Ս. Սարգսյանի այս կտրուկ քայլերը կուսակցության ներսում այնքան էլ միանշանակ չեն ընդունում:
Հանրապետականներն իրենց հոգու խորքում վիրավորված են, որովհետեւ իրենց նախագահն այդ կարեւոր պաշտոնի համար կրկին իրենցից մեկին չի առաջադրելու: ՀՀԿ-ականներից շատերը կիսաձայն դժգոհում էին, որ Ս. Սարգսյանը չկարողացավ գոնե այնքան պայքարել, որ Ռուսաստանը չպնդեր Կ. Կարապետյանի թեկնածությունը: Նրանց մի մասին ավելի հոգեհարազատ է փոխքաղաքապետ, իրենց կուսակից ու ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի որդու` Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Երեկ արդեն հանրապետականները քննարկում էին ոչ թե այն հարցը, թե այդ երկուսից ո՞ւմ է առաջադրելու Ս. Սարգսյանը, այլ՝ թե իրենց համար որքան անընդունելի է Կ. Կարապետյանի թեկնածությունը: Նախ` նշում էին, որ նա ՀՀԿ անդամ չէ, եւ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետո այն մարդն է, ում նշանակում են նման բարձր պաշտոնի` շրջանցելով հանրապետականներին: Հանրապետականներն այն ժամանակ Տիգրան Սարգսյանին էլ ներքուստ չէին ընդունում, բայց հետո հաշտվեցին այդ մտքի հետ: Հատկապես, որ կարճ ժամանակ անց նա դարձավ ՀՀԿ անդամ: Դժվար է ասել, արդյոք Կ. Կարապետյա՞նն էլ կդառնա ՀՀԿ անդամ, թե՞ ոչ, բայց երեկ հանրապետականները սկսել էին քննարկել նրա թեկնածության վատ կողմերը: Ասվում էր, որ Կ. Կարապետյանը համարվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր անձանցից մեկը եւ, ինչպես ընդունված է ասել, «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչ է: Սա եւս դուր չի գալիս ՀՀԿ-ականներից շատերին: Նրա կապը Ռուսաստանի հետ, մեղմ ասած, աննախադեպ է: Հայաստանի կառավարությունը թեեւ շուրջ 20 տոկոս բաժնեմաս ունի «ՀայՌուսգազարդում», սակայն այն համարվում է ռուսական ընկերություն: Որոշ հանրապետականների համար կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Տ.Մարգարյանը ընդունված մարդ է համարվել ոչ միայն իրենց շրջանակում, այլ նաեւ Երեւանի բնակչության որոշակի հատվածի կողմից: Նրանց համոզմամբ` Տ. Մարգարյանի նկատմամբ հասարակության ունեցած դրական վերաբերմունքը մեծ դեր կարող է ունենալ 2012թ. ԱԺ ընտրությունների ժամանակ: Իսկ գազի գնի թանկացումների հարցում Երեւանի բնակչության զգալի մասը մեղավորների շարքին է դասում նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կ. Կարապետյանին:
Հանրապետականները երեկ խոսում էին նաեւ արդարադատության նոր նախարարի թեկնածուի մասին: Ըստ այդմ, այդ պաշտոնում նշանակվելու է սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, ով որպես փորձագետ աշխատում է GTZ գերմանական կազմակերպությունում: Վերջինիս թեկնածությունը նույնպես շատ անակնկալ էր ոչ միայն բոլորի, այլ նույն հանրապետականների համար: Երեկ ասվում էր, թե նրա թեկնածության համար վճռորոշ դեր է կատարել արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Նրանք բավականին մտերիմ հարաբերություններ ունեն եւ շատ առանցքային օրինագծեր, այդ թվում եւ՝ նոր «Ընտրական օրենսգիրքը», միասին են հեղինակել: Սակայն այս պարագայում հանրապետականներն ավելի շատ զարմացել էին, նաեւ շփոթվել էին Դ.Հարությունյանի հնարավորությունների առնչությամբ: Նա, փաստորեն, վերջին մեկ ամսում կարողացավ աշխատանքից ազատել տալ երկու պաշտոնյայի, նախ` Գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանին, ապա` արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին: Վերջինիս դեպքում, ասում են, Դ. Հարությունյանն անընդհատ փորձել է խոչընդոտել նրա աշխատանքին: Իր ղեկավարած ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի գործունեության շրջանակում փորձել է հնարավորինս ձգձգել ու խանգարել նրա ներկայացրած օրինագծերի ընդունումը, կամ իր տեսակետը պնդել այդ նախագծերի հետ կապված: Հիշեցնենք, որ վերը նշված պաշտոնյաների հեռացումը Դ. Հարությունյանը կյանքի էր կոչել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ: Ամեն դեպքում արտաքուստ այդպես է երեւում, հատկապես, որ վարչապետը նիստի ժամանակ է նրանց խիստ քննադատության ենթարկել: Եվ շատերը չեն հասկանում, թե այդ ի՞նչ կապ կա վարչապետի ու արդարադատության նախկին նախարարի միջեւ, որին չեն դիմանում անգամ նախարարները: Բացի այդ, Դ. Հարությունյանը մտերիմ հարաբերություններ ունի ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանի հետ եւ նրա միջոցով կարողանում է իր տեսակետը լսելի ու ընդունելի դարձնել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին: Հիմա հանրապետականները վախենում են եւ խիստ զգույշ են Դ. Հարությունյանի հետ հարաբերություններում, վախենում են, որ հանկարծ վերջինս չդժգոհի նաեւ իրենցից: Վ. Գյուլզադյանի դեպքում նրա ղեկավարած կառույցի տեսուչները ուշացրել էին պատգամավորի դստեր ներկրած ապրանքի զննումը: Իսկ Գ. Դանիելյանն էլ չէր պատժել ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին, ով ծեծել եւ աշխատանքից ազատել էր Դ. Հարությունյանի ազգական, արդարադատության գնդապետ Ռուբեն Միրաքյանին: Ի դեպ, վերջինս արդեն վերականգնվել է իր պաշտոնում, իսկ Մ. Պողոսյանը շուտով կհեռացվի աշխատանքից, ով կդառնա երրորդ պաշտոնյան, ում ազատման հետ առնչություն կունենա Դ. Հարությունյանը: Թեեւ պետք է նշել, որ Մ. Պողոսյանի հեռացումը անկախ Դ. Հարությունյանից էլ ՀՀԿ-ականները տեղին են համարում:
Ամեն դեպքում այսօր Ս. Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում փորձելու է մոտ հարյուր պաշտոնյաների` պատգամավորների, նախարարների, մարզպետների, համայնքապետերի ներկայացնել, թե ինչու է վերը նշված մարդկանց նշանակելու այդ պաշտոններում: Փորձելու է այնպես ներկայացնել կամ համոզել կուսակիցներին, որպեսզի կուսակցության շարքերում դժգոհողներ չլինեն: