Հայաստանում Գերմանիայի արտաքին եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ելույթներից առանձնացնում է հատկապես ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Ֆրանսիայի վարչապետի ելույթները, ովքեր մեկ անգամ եւս շեշտեցին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին չպետք է տարանջատել 3 հիմնարար սկզբունքները, եւ դրանք պետք է դիտարկել մեկ հարթության մեջ: «Ես խիստ կարեւորում եմ նաեւ Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ով եւս բարձրացրեց ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միաժամանակյա կիրառման անհրաժեշտությունը: Լիովին ըմբռնում եմ Հայաստանի դիրքորոշումը՝ պնդել բոլոր 3 սկզբունքների հավասարությունը: Նաեւ ճիշտ եմ համարում հարցի շուրջ ձեր երկրի հստակ դիրքորոշում ցուցաբերելը եւ դրոշակ բարձրացնելը: ԼՂՀ խնդրի կարգավորման ճանապարհին ուժի կիրառումը բացառեց նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը»,- երեկվա ասուլիսում հայտարարել է դեսպանը` ընդգծելով, որ անձամբ ինքը եւ Գերմանիայի ժողովուրդը առավել պաշտպանում են եւ կարեւորում են ազգերի ինքնորոշման սկզբունքը:
«Հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառեցված, այլ ընդամենը քնած հակամարտություն է: Սահմանին գրանցվող միջադեպերը խոսում են անվտանգության փխրուն վիճակի մասին, եւ մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի իրավիճակը չհանգի բաց հակամարտության»,- ասել է Շմիդտը` վստահեցնելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը «պատվով» կիրականացնի իր առջեւ դրված խնդիրը եւ կլուծի շահերի հակամարտություն հանդիսացող ղարաբաղյան հարցը: