«Ռուսաստանում ազգային հողի վրա տեղի ունեցող վերջին բռնությունները կարելի է դիտարկել ոչ թե որպես կովկասատյացություն, այլ սեւատյացություն, որովհետեւ բռնության են ենթարկվում ոչ միայն կովկասցիները, այլ նաեւ տաջիկներն ու մոլդովացիները»,- երեկ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, թե Ռուսաստանում, այսպես կոչված` «կովկասյան ազգության դեմքերի» նկատմամբ վերաբերմունքը նոր չէ, որ փոխվել է, եւ դա շարունակվում է տեւական ժամանակ: «Դրա ապացույցն են երկու գործընթացներ. նախ` Ռուսաստանի մի քանի քաղաքներում ձեւավորվել են ազգայնամոլական, նացիստական ընդհատակյա շարժումներ: Երկրորդը` «կովկասատյացությունը» դուրս է եկել սահմանափակ թվով մարդկանց ենթամշակույթից եւ ավելի հեռու է գնացել»,- ասել է նա` նկատելով, որ այդ տրամադրությունները թափանցում են նաեւ այլ ենթամշակույթներ: Ա. Իսկանդարյանը մտահոգիչ է համարում այն, որ նման տրամադրությունները քաղաքականացվելու միտում ունեն, եւ վտանգ կա, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարողանա պահել թափ հավաքող ազգայնականության ալիքը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ կովկասցիները միավորվեն՝ ընդդեմ այդ ալիքի, նա պատասխանել է. «Մոսկվայում հայերը միմյանց հետ չեն կարողանում միավորվել, էլ ուր մնաց ադրբեջանցիների կամ օսերի հետ միավորվեն: Որոշակի հարցերի հետ կապված գուցե խմբավորումներ ստեղծվեն, սակայն կարծել, որ դրանք կարող են միավորվել ինչ-որ երեւույթի դեմ համատեղ դիմակայելու համար՝ դժվար է պատկերացնել»: Նրա կարծիքով` Մոսկվայում արձանագրված բախումները առիթ կդառնան, որպեսզի ազգային հողի վրա հալածվող մարդիկ լքեն Ռուսաստանն ու վերադառնան իրենց երկրներ: Խոսքը նաեւ Ռուսաստանում ապրող հայերի մասին է: