«Մոստովիկի» գործը «ջրվեց»

16/12/2010

Մի քանի շաբաթ է՝ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքէջում բավական ազդեցիկ մի նյութ է տեղադրվել: Շատերի համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ հանկարծ նախարար Մանուկ Վարդանյանը որոշեց աշխատանքային խումբ ուղարկել՝ Գորիս-ԼՂՀ միջպետական նշանակության ճանապարհաշինարարության թերություններն ուսումնասիրելու: Արդյունքում՝ նշյալ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների խախտումներ էին հայտնաբերվել. «Առանձին հատվածներում ճանապարհի ծածկ հանդիսացող ասֆալտբետոնյա շերտը հնարավոր է քանդել անգամ ձեռքի միջոցով, առանձին հատվածներում ճանապարհի ծածկ հանդիսացող ասֆալտբետոնյա շերտի հաստությունը չի համապատասխանում նախագծով նախատեսված 5սմ հաստությանը, եւ առկա են ճաքեր, բետոնյա աշխատանքների որակը գոհացնող չէ (կան ճաքեր, քանդվածքներ), տեղադրված ճանապարհային նշանների որոշ մասը հնարավոր է հողից հանել անգամ ձեռքի միջոցով, մայթերի վրա ասֆալտբետոնյա շերտը շատ բարակ է եւ հեշտ է քանդվում, որոշակի թերություններով են կատարված ջրահեռացման համար նախատեսված աշխատանքները»: Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը հանձնարարականներ է տվել, օրինակ, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հենրիկ Քոչինյանին՝ Լոռու նախկին մարզպետին, մինչեւ դեկտեմբերի 2-ը նշված ճանապարհի հատվածում լաբորատոր ուսումնասիրություններ կատարել, իսկ ահա ճանապարհաշինարարությունն իրականացրած «Մոստովիկ» ՍՊԸ-ին (տնօրեն` Էդիկ Բազիկյան)՝ մեկշաբաթյա ժամկետում ապահովել տեղ գտած թերությունները: Այս կապակցությամբ մենք փորձեցինք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ՀՀ տրանսպորտի նախարարությունից, թե արդյո՞ք որեւէ տույժի ենթարկվել է «Մոստովիկը»: Նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի փոխանցմամբ՝ նախարարի հանձնարարականով ընկերությունը շտկել էր թերությունները: Մեր հարցին, թե որոշ տեղերում «փռված» խճաքարին փոխարինե՞լ է ասֆալտը, Ս. Տոնոյանն ընդամենը պատասխանեց, որ ընկերությունը պարտավորվել է շտկել թերությունները: Պարզվում է, որ Տրանսպորտի եւ կապի նախարարությունում նման խառնաշփոթի պատճառ են դարձել ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից կատարված ստուգումները: Նախարարությունում հերթական խախտումը ծածկելու համար նախարարը ֆիքսել է պահն ու մարդիկ ուղարկել ճանապարհաշինարարությունն ուսումնասիրելու: Ի դեպ, նախարարի մամուլի քարտուղարը դժվարացավ պատասխանել, թե ե՞րբ են սկսել ստուգումները, միայն նշեց, որ ստուգումներն արդեն ավարտվել են: Այսինքն՝ «Մոստովիկի» գործն էլ կարելի է այլեւս փակված համարել: