– Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում ի՞նչ տեղաշարժեր եք նկատում:
– Բավական դանդաղ, բայց որոշակի փոփոխություններ նկատելի են: Այդ փոփոխությունները ներառում են նաեւ հասարակության մտածելաձեւը: Առավել քան կարեւոր է այդ հանգամանքը, եւ, այսպես ասած` ճիշտ ճանապարհի վրա ենք: Սակայն Հայաստանի տնտեսական զարգացման համար լուրջ խոչընդոտ են փակ սահմանները: Հայաստան առաջին անգամ եկա 1984թ.: Այն տարիներին հանգստություն կար, մարդիկ գիտեին թույլատրելի եւ ոչ թույլատրելի սահմանները: Մինչդեռ հիմա այդ իմաստով կատարյալ վազվզոց է: Այն տարիներին կրթության մակարդակն անհամեմատ բարձր էր: Այսօր ՀՀ-ում գործում են բազմաթիվ համալսարաններ, որոնց ղեկավարները անգամ բարձրագույն կրթության վկայական չունեն: Այդ նույն համալսարաններում վկայական ստանում են նաեւ այն ուսանողները, ովքեր ամբողջ տարին բացակայել են դասերից: Իսկ լավագույն ուսանողների մեծ մասը, ստանալով այս կամ այն մասնագիտությունը, կանգնում են համապատասխան աշխատանք գտնելու խնդրի առաջ: Հաճախ նրանցից ոմանք սկսում են զբաղվել վաճառականությամբ, բժիշկը` շինարարությամբ, եւ այլն, իսկ ոմանք էլ բարձրագույն կրթության վկայականով ամսական կարող են աշխատել 200-300 դոլար, մինչդեռ դրան զուգահեռ՝ անուսում մեկը կարող է հազարավոր դոլարներ աշխատել:
– Այնուհանդերձ, ի՞նչ տվեց անկախությունը:
– Նախեւառաջ՝ անկախությունը բավական արագ եկավ: Փոփոխություններին պետք է հասնեինք աստիճան առ աստիճան: Օրինակ, Չինաստանը հենց այդպես վարվեց: Ինչեւէ, այն արդեն անցյալ է, եւ այսօր պետք է մտածել բացթողումները լրացնելու, սխալները շտկելու մասին: Մեր երկրի ղեկավարները պետք է մտածեն այդ մասին:
– Բայց նրանք, կարծես, ավելի շատ զբաղված են խեղճուկրակ ժողովրդից փող կորզելով, քան նրա հոգսերի մասին մտածելով, այո՞:
– Այդ երեւույթն առկա է բոլոր երկրների կառավարություններում, անգամ Չինաստանում, որն աշխարհի զարգացած երկրներից է: Սակայն դա չի նշանակում, թե Կառավարությունում այդպիսի պաշտոնյաներ չունենք, ովքեր չեն շահագործում իրենց սոցիալական դիրքը: Հուսով եմ` մոտ ապագայում Հայաստանում տիրող մոնոպոլիան կվերանա: Միայն այդ դեպքում Հայաստանը կսկսի զարգանալ: Մեր երկրում մոնոպոլիայի պատճառով ամեն բան խախտվում է: Այդ մարդիկ պետք է աստիճանաբար գիտակցության գան, այլ կերպ ասած` իրենց չափը ճանաչեն, եւ այդ պարագայում իրավիճակը կշտկվի:
– Նույնիսկ այն դեպքո՞ւմ, երբ նախկին գործարաններին փոխարինեցին մեծ խանութները, եւ ՀՀ-ն վերածվեց սպասարկման երկրի:
– Շատ ճիշտ նկատառում է, բայց Խորհրդային տարիներին այդ գործարանները պատրաստում էին ինչ-որ գործիքի մասեր, այսինքն` մի մասը պատրաստվում էր Հայաստանում, մյուս մասը` Վրաստանում, Ուկրաինայում եւ այլուր: Իսկ այնուհետեւ կատարվում էր փոխանակություն:
– Իսկ չէ՞ որ մարդիկ աշխատանք ունեին:
– Իհարկե, աշխատանք ունեին, բայց միեւնույն ժամանակ՝ բավական հոգնություն կար: Այն տարիներին մարդկանց եւս շահագործում էին: Երբ ես առաջին անգամ եկա Հայաստան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շինարարությունն արդեն ավարտվել էր, սակայն համալիրի շենքի քարերին դիպչելիս` դրանք շարժվում էին: Առանց աշխատելու դրամ վաստակելու սովորությունը եկել է Խորհրդային ժամանակներից: Սակայն կարծում եմ` այս երեւույթը տարեցտարի նվազում է: Ավելի դյուրին կլինի, երբ ժողովուրդը նեցուկ կանգնի մեր երկրի ղեկավարներին, քանի որ նրանց կատարած սխալները պետք է ոչ թե հայտարարել, այլ զգուշացնել: Ժողովուրդը մեծ դեր ունի մոնոպոլիայի վերացման դեպքում:
– ՀՀ իշխանություններն ի՞նչ աջակցություն են ցուցաբերում Սփյուռքին:
– ՀՀ իշխանությունների կողմից աջակցությունը զգալի է: Սփյուռքը աներեւակայելի ուժ է ստանում, երբ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները պաշտոնական այցեր են ունենում: Մենք այնտեղ էլ շրջապատված ենք թշնամիներով, ովքեր հայ իշխանավորների այցերի ժամանակ համոզվում են, որ մեր թիկունքին պետություն կա, ղեկավարներ կան: Վերջերս ՀՀ ԱԺ նախագահի Սիրիա կատարած այցի նույն ժամանակահատվածում Սիրիա էր գնացել նաեւ Թուրքիայի նախագահը: ՀՀ ԱԺ նախագահը ելույթ ունեցավ Սիրիայի խորհրդարանում` խոսելով նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Իրականում մենք մեծ ուժ ստացանք այդ այցից: Այսօր Սփյուռքի հայապահպանության խնդիրն ունի բազմաթիվ հարցեր, որոնցից մեկը վերաբերում է, այսպես ասած` ծերացած դպրոցներին: Սփյուռքի հայկական դպրոցները վերանորոգման կարիք ունեն` թե՛ կադրային, թե՛ շենքային իմաստով: Նախկինում միությունների ջանքերով բացվեցին դպրոցներ, եւ յուրաքանչյուր գաղութում կար մոտ 14-15 դպրոց: Կարծում եմ` դրա փոխարեն կարելի է բացել 3 արդիական դպրոց: Եթե միությունների եւ կուսակցությունների միջեւ համերաշխություն լինի, դպրոցները միանան, ավելի դյուրին կլինի վերոնշյալ հարցի լուծումը, եւ բարձր դասակարգի սփյուռքահայերն էլ իրենց երեխաներին ուղարկեն հայկական դպրոց, որտեղ տասնյակ-հազարավոր դոլարների փոխարեն՝ կարող են վճարել, ենթադրենք` 1000 դոլար: Պատկերացնո՞ւմ եք, երբ առնվազն 5 ընտանիք այդպես արվի: Համոզված եմ` նրանց վճարած գումարներով հայկական դպրոցներն ավելի արագ կզարգանան:
– Պարոն Չեմբերջյան, կարծիք կա, որ իշխանություններն էլ ակնկալիքներ ունեն սփյուռքահայ մեծահարուստներից` գումարի տեսքով:
– Ես չեմ հավատում դրան: Համահայկական հիմնադրամի կազմակերպած մարաթոնի ժամանակ ամբողջ աշխարհի հայությունից հավաքվեց 20 միլիոն դրամ: Ներեցեք, իսկ Դուք կարծում եք` դա մե՞ծ գումար է: Այն բավարար չէ անգամ Երեւանի Աբովյան փողոցն ամբողջությամբ ասֆալտապատելու համար: Տվյալ պարագայում պետք է թույլ չտալ սփյուռքահայ բարեգործի հասցեին գովաբանություն անել: Երբ մենք գնում ենք եկեղեցի, եւ հանգանակությունների արկղում որոշակի գումար ենք դնում, դա չի ենթադրում, թե այդ գումարով մենք հոգացել ենք եկեղեցու ծախսերը: Հայրենիքը կարիք ունի աջակցության՝ անգամ 1 դոլարի: Պատկերացնո՞ւմ եք` սփյուռքի 7 միլիոն հայերը օրական 1 դոլար նվիրաբերեն Հայաստանին: Մարաթոն եղել է ՀՀ երեք նախագահների օրոք: Այն ավելի շատ միջոց է սփյուռքը հայրենիքին կապելու համար: Այն շահավետ աղբյուր չէ` հաշվի առնելով անգամ մարաթոնի կազմակերպման համար ծախսված գումարը:
– Նույնիսկ վնասո՞վ են աշխատում:
– Ոչ, վնասով չեն աշխատում:
– Այնուամենայնիվ, Դուք մինչ օրս օգնում եք Հայաստանին ու Արցախին: Ինչո՞ւ:
– Մենք ամեն բան անում ենք մեր հայրենիքի ու ժողովրդի համար (ժպտում է.- Մ.Մ):
Հ.Գ. Հարցազրույցից հետո մեր զրույցի ընթացքում Գ. Չեմբերջյանին պատմեցի մի աղջկա մասին, ով հայ-ադրբեջանական պատերազմի հետեւանքով կորցրել էր ձեռքերն ու ոտքի մի մասը: Նա անմիջապես պատրաստակամություն հայտնեց օգնել Մերիին, ով տարիներ առաջ կորցրել էր նաեւ մորը: Այսուհետ Գ. Չեմբերջյանը Մերիին ամեն ամիս գումար կփոխանցի: Անմիջապես այս լուրը հայտնեցի Մերիին: Լսափողում լսվում էր Մերիի տաք շնչառությունը: Նրա համար հաստատ գումարից առավել քան կարեւոր էր ուշադրությունը, որի պակասը նա ուներ երկար տարիներ: Հաշմանդամության առաջին տարիներին նրան հովանավորում էին աշխարհի տարբեր ծայրերից, իսկ հետո՞։ «Դե, երբ մեծացա, բոլորն ինձնից հոգնեցին»,- մի առիթով ասաց Մերին` տխուր նայելով պատից կախված` մոր լուսանկարին: