Հեղինակավոր «Spiegel» հանդեսն Ադրբեջանի իշխող վերնախավին նվիրված ծավալուն հոդված է հրապարակել` այն վերնագրելով՝ «Փարվել նավթային բռնապետին»: Գերմանացի լրագրող Գրեգոր Պետեր Շմիցը, մեկնաբանելով Բաքվում աշխատող ամերիկացի դիվանագետների` «Wikileaks»-ի կողմից գաղտնազերծված հաշվետվությունները, գրում է. «Նավթի համար ամերիկացի դիվանագետները պատրաստ են դիմել գրեթե ցանկացած քայլի: Ադրբեջանում, օրինակ, նրանք գովերգում են տեղի բռնապետին եւ նրա փողատենչ կլանին: «Wikileaks»-ի կողմից հրապարակված` Ադրբեջանին վերաբերող փաստաթղթերն ընթերցում ես որպես ամերիկացի դիվանագետների սարկազմով լի տպավորությունների հավաքածու: Դրանց հեղինակների կարծիքով` իրենք հայտնվել են աշխարհի ծայրում գտնվող բանանային մի հանրապետությունում»: Չնայած դրան, ըստ «Spiegel»-ի, Կասպյան տարածաշրջանում գտնվող այս պետությունը ԱՄՆ ռազմավարական էներգետիկ գործընկերներից է, որը, սակայն, գտնվում է ռուսական ազդեցության գոտում: «Հաստատված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի նավթային պաշարները կազմում են 7 միլիարդ բարել, իսկ գազի ընդհանուր ծավալը` 1 միլիարդ 700 միլիոն խորանարդ մետր: Ահա թե ինչու էին ժամանակին ԱՄՆ փոխնախագահ Չեյնին եւ նրա կինը գովերգում Ալիեւներին: Այսօր` Օբամայի դարաշրջանում, նույն գործով է զբաղված նրա եվրասիական հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը»,- գրում է ամսագիրը` նշելով, որ Մորնինգսթարը Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին աշխատել է Սպիտակ տանը` հանդիսանալով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման գլխավոր ջատագովներից մեկը: «Մեծ խաղ»` այսպես էր կոչվում բրիտանացիների եւ ռուսների միջեւ 19-րդ դարում ծավալված պայքարը, որի գլխավոր նպատակն էր՝ վերահսկողություն հաստատել Կասպյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի նկատմամբ,- գրում է լրագրողը` նկատելով,- Այսօր այդ պայքարի առաջին գծում են հայտնվել ամերիկացիները, խաղադրույքներն էլ շատ ավելի բարձր են: Շատ ավելի բարձր է նաեւ այն գինը, որ ստիպված են վճարել դիվանագետները»: «Ադրբեջանը, ինչպես եւ Կասպյան տարածաշրջանի մյուս պետությունները, այն դաշնակիցների թվին է պատկանում, որի գործած արարքների համար ստիպված ես կարմրել: Քանի դեռ ադրբեջանական մի քանի կլանները ամերիկյան դոլարների շնորհիվ շարունակում են հարստանալ` բնակչության 40 տոկոսը աղքատության շեմից ցածր է գտնվում, իսկ միջին ամսական եկամուտը կազմում է 24 եվրո»,- գրում է «Spiegel»-ը` մեջբերելով Ադրբեջանի լիբերալ կուսակցության առաջնորդ Լալա Շովքեթի` «Նավթն Ադրբեջանի ողբերգությունն է» խոսքերը: