Գործուղե՞լ են, թե՞ հեռացրել

16/12/2010

Նոյեմբերի 27-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում (նախկին Հանրապետական հիվանդանոց) թթվածնային քաղցի հետեւանքով մահացավ 5 օրական նորածինը: Փոքրիկի ծնողները՝ Ծովինար Ղամբարյանն ու Ալբերտ Աբգարյանը, դա պայմանավորեցին բժշկի անփութությամբ եւ անգործությամբ: «Ամեն ինչ անում են ցույց տալու համար, որ երեխան մինչ ծնվելը խնդիրներ է ունեցել, որի արդյունքում նա չապրեց, բայց իրականում տրավմաները շատ մեծ էին»,- նորածնի կորստից հետո մեզ հետ զրույցում ասում էր Ծովինարը: Հիշեցնենք, որ ծնունդ ընդունած բժիշկ Դավիթ Աբովյանը նշել էր, որ մինչեւ վերջ ծննդաբերությունը նորմալ էր անցել: Ինչեւէ, դեկտեմբերի 10-ին Դ. Աբովյանի դեմ հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 130 հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է բժշկի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, ինչն էլ առաջացրել է տուժողի մահ: Հոդվածը նախատեսում է 2-6 տարի ազատազրկում, ինչպես նաեւ՝ 3 տարի ժամկետով մասնագիտական պարտականությունների իրավունքից զրկում: Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով բժիշկ Դավիթ Աբովյանն ազատվել է աշխատանքից: Սակայն, մեզ հետ հեռախոսազրույցում Դ. Աբովյանը երեկ ասաց, որ ինքը պարզապես գործուղվել է Ալավերդու հիվանդանոց: Հարցին, թե արդյո՞ք դա կատարվել է իր ցանկությամբ, բժիշկը պատասխանեց. «Նաեւ իմ ցանկությամբ»: Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն: