Եվս մեկ չբացահայտված հանցագործություն

16/12/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 21 շենքի բնակչուհի Մարգարիտա Հակոբյանը տեւական ժամանակ, ինչպես իրավապահ մարմիններին, այնպես էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին խնդրում է արձագանքել 2009թ. դեկտեմբերի 1-ին կատարված հանցագործությունը բացահայտելու՝ իր կողմից հնչեցված ահազանգերին:

Բանն այն է, որ Մ. Հակոբյանի ընտանիքին պատկանող բնակարանից խոշոր չափի ոսկյա զարդեր են գողացել: Մ. Հակոբյանի պնդմամբ` դա արել է ՀՀ նախագահի անվտանգության աշխատակցի աղջիկը` Աննա Դալլաքյանը: Մ. Հակոբյանի հավաստմամբ` գողացված ոսկյա զարդերը դրամի վերածելիս՝ դրանք նվազագույնը կազմում են 3մլն 713.000 դրամ: «Այդ զարդերը ես ու ամուսինս կուտակել էինք մեր համատեղ ամուսնության 23 տարիների ընթացքում: Այնտեղ շատ հնաոճ ու թանկարժեք իրեր են եղել, «Պիտեր Բենջամեն» ադամանդե մատանի, որից աշխարհում երեք հատ գոյություն ունի, «Բակինսկի», եւ այլն: Ամենաաբսուրդն այն է, որ փաստերով եւ ապացույցներով հաստատվում է գողություն կատարողի ինքնությունը, սակայն քանի որ նրա հայրը ՀՀ նախագահի անվտանգության բաժնի աշխատող է` գործը փակում են»,- ասում է Մ. Հակոբյանը` վստահեցնելով, որ նույնիսկ քննիչներն են հայտնվել խղճուկ վիճակում, քանի որ նրանց ստիպել են քրեական գործի նյութերն այլ ընթացքով տանել: Մ. Հակոբյանը վստահեցնում է, որ նույնիսկ զարդատուփի վրա առկա մատնահետքերի փորձաքննությամբ ՀՀ Ոստիկանությունը հաստատել է, որ դեկտեմբերի 1-ին կատարված գողության հետ ուղիղ կապ ունի Մ. Հակոբյանի դստեր ընկերուհի Աննա Դալլաքյանը. «Բայց քանի որ Աննայի հայրն աշխատում է ՀՀ նախագահի անվտանգության համակարգում` գործը փակել են: Հասկանո՞ւմ եք, գործով ձեռք բերված նյութերով անգամ ապացուցված է, որ գողությունը կատարել է Աննան, բայց նրա հոր` Վրույր Դալլաքյանի միջամտության արդյունքում շատ գեղեցիկ կերպով գործը կասեցրին: Նա աշխատում է նախագահի անվտանգության բաժնում եւ բաժնի աշխատակիցներն անգամ քաջատեղյակ են այս գործի մասին»: Մ. Հակոբյանի ազգականներից մեկը նույնպես աշխատում է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում, ում միջոցով Մ. Հակոբյանի ընտանիքն ընդհանուր ծանոթներից մեկի ծննդյան տոնի միջոցառման ժամանակ ծանոթացել է Վրույր Դալլաքյանի ընտանիքի հետ: «Վրույրն ու նրա կինն իմ հորեղբոր տղայի կնքահայրն ու կնքամայրն են եղել: Մենք նրանց հետ առանձնապես մտերիմ չենք եղել: Անցյալ տարի մենք գնացինք Քոբուլեթի հանգստանալու, եւ այնպես ստացվեց, որ մեզ հետ եկան նաեւ Աննան, մայրը եւ հորաքույրը: Այդ ընթացքում մտերմացանք, քանի որ ամբողջ օրը միասին էինք: Աննան սկսեց աղջիկներիս հետ ընկերություն անել: Մշտապես ասում էր` դուք ինչ լավ մարդիկ եք, ինչ լավ է, որ ձեզ նման ընկերուհիներ ունեմ»,- պատմում է տիկին Մարգարիտան` ասելով, որ մեկ շաբաթ անց վերադարձել են Երեւան, որից հետո Աննան սկսել է հաճախակի այցելել իրենց տուն: Չորս երեխաների մայրը վստահեցնում է, որ Քոբուլեթիից վերադառնալուց հետո իր երկու աղջիկների հետ Աննան սկսել է ջերմ հարաբերություններ ստեղծել եւ պարբերաբար տիկին Մարգարիտային խնդրել է թույլ տալ, որ աղջիկներն իրենց տանը գիշերեն: «Որոշ ժամանակ անց նա աղջիկներիս` Անահիտի եւ Անժելայի հետ գնում է մեր ընդհանուր ծանոթներից մեկի` Քրիստինե Արշակյանի տուն: Քրիստինեն ասում է` երեխեք, ուզում եմ ոսկեղենս վաճառեմ, ինձ գումար է պետք: Աննան ասում է` տուր, ես կվաճառեմ, ես շատ ծանոթներ ունեմ: Վերցնում է ոսկեղենը, բայց ես տեղյակ էլ չեմ եղել, որովհետեւ աղջիկներս չեն պատմել` դրան կարեւորություն չտալով»: Այնուհետեւ Աննա Դալլաքյանը Մարգարիտայի դստերը` Անահիտ Պետրոսյանին, ասում է, որ ինքը միեւնույն ժամանակ երկու տղաների հետ ընկերություն է անում, ինչի պատճառով հայրն իրեն հսկողության տակ է պահում, եւ Անահիտի ներկայությամբ բջջային հեռախոսի նոր քարտ է ձեռք բերում. «Նա ասում է, որ այդ քարտը հանում է, որպեսզի գիշերներն ընկերների հետ խոսի, եւ հայրը չիմանա: Բայց ամբողջ գողության կատարման գործընթացներն այդ քարտով է կազմակերպում»:

Գողությունն այսպես է կատարվել

Ըստ տիկին Մարգարիտայի` իրենք ծրագրել էին դեկտեմբերի 1-ին տեղափոխվել մոր տուն` բնակարանը վերանորոգելու նպատակով: Առավոտյան շուտ Աննա Դալլաքյանը զանգահարել է Մարգարիտայի դստերը՝ Անժելային` տեղեկացնելով, որ ցանկանում է իրենց տուն գալ: ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Անժելա Պետրոսյանն Անահիտին տեղեկացրել է, որ ինքը համալսարանում է եւ չի կարող հեռանալ լսարանից: «Աղջիկս ասում է` չեմ կարող գալ, դու գնա, մաման ու Անահիտը տանն են: Աննան ասում է` ինձ պետք ա, որ շուտ ձեր տուն գամ, ու Անժելային խնդրում է, որ հեռախոսով իր հետ խոսի այնքան ժամանակ, մինչեւ ինքը մեր տուն հասնի: Աննան գալիս է մեր տուն: Փոքրերս դասի էին, եւ տանը ես ու մյուս աղջիկս էինք` Անահիտը»: Տիկին Մարգարիտայի հավաստմամբ` Աննան եղել է շատ անհանգիստ, լարված վիճակում, եւ մշտապես ինչ-որ հեռախոսազանգերի է պատասխանել, ընդ որում` առանձնանալով ննջասենյակում, գաղտնի զրուցելով: Այնուհետեւ նա տիկին Մարգարիտային տեղեկացրել է, թե իբր եկել է իրենց օգնելու, որպեսզի բնակարանի իրերը հավաքեն: «Նա անընդհատ ինչ-որ առիթներ էր ման գալիս, որ մեր ննջասենյակում հայտնվի, բայց մեր մտքով չի անցել, որ կարող է մեզ հետ այդպես վարվել: Անահիտն ասում է, որ ննջասենյակում նա մեկ նայում էր կոմոդին, մեկ էլ` զգեստապահարանին: Աննան աղջկաս ասում է` գիտե՞ս, Անահիտ, մենք վաղը չէ մյուս օրը հարսանիքի ենք, ու ճիշտն ասած` ձեր տուն համ էլ եկել եմ, որ ինձ շոր տաք հարսանիքին հագնեմ: Այդ ընթացքում նա առաջարկում է սրճել, իսկ ես լոգանք եմ ընդունում: Աղջիկս սուրճ պատրաստելուց հետո պատահաբար սենյակ մտնելիս տեսնում է, որ նա զգեստապահարանը բացել ու ձեռքերով հագուստներն է շոշափում: Հարցնում է` Աննա, ի՞նչ ես անում, պատասխանում է, թե` ուզում էի շոր ընտրել»: Տիկին Մարգարիտան լոգարանից դուրս գալուց հետո տեսնում է, որ Աննան ինչ-որ տեղ է շտապում` ասելով, որ իր ընկեր Գոռին պետք է տեսնի: Նա նույնիսկ սուրճը չի խմում ու արագ հեռանում է: Ժամեր անց տիկին Մարգարիտայի ամուսինը զանգահարում է` ասելով. «Հավաքվեք, որ տեղափոխվում ենք»: «Իրերը հավաքելու ընթացքում տեսնեմ` զարդատուփս դատարկ է»,- պատմում է Մարգարիտան:

2009թ. դեկտեմբերի 1-ին Մարգարիտա Հակոբյանը ահազանգ է հնչեցրել ՀՀ Ոստիկանության Շենգավիթի ստորաբաժանում` տեղեկացնելով, որ իր բնակարանից խոշոր չափի գողություն է կատարվել: Հետաքրքիր է, որ Աննա Դալլաքյանի ծնողները տեղեկանալով այդ մասին՝ իսկույն եկել են Մարգարիտայենց բնակարան եւ հայտարարել. «Ապարդյուն եք մտադրվել դիմելու համապատասխան մարմիններին ինչ-որ ստեկլյաշկաների եւ ժեշտերի համար, քանի որ մենք բարձրաստիճան պաշտոնյա մեր ծանոթների միջոցով այդ գործը հեշտությամբ կփակենք»: Ինչեւէ, գողություն կատարվելու փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, կատարվել է նախաքննություն: Զարդատուփի վրա փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են Աննա Դալլաքյանի մատնահետքերը: Հեռախոսազանգերի վերծանումից պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին Մարգարիտա Հակոբյանի տանից դուրս գալուց հետո նա եղել է Մոսկովյան փողոցում, խոսել է արդեն Թուրքիայում գտնվող Քրիստինե Արշակյանի հետ, ով նրանից պահանջել է իր ոսկեղենի գումարը. «Քրիստինեն նրան սպառնացել է` եթե իմ փողը չուղարկես` ես պապայիդ ու մամայիդ ասելու եմ, որ ոսկեղենս վերցրել ես վաճառելու, բայց մինչեւ հիմա փողս չես տվել: Հետագայում մենք նաեւ պարզեցինք, որ ոչ մի հարսանեկան արարողություն չի եղել, դա էլ է խաբել` զգեստապահարան մուտք գործելու պատրվակով»: Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:00-ի սահմաններում, այսինքն` Մարգարիտայի բնակարանից հեռանալուց հետո Աննա Դալլաքյանը Քրիստինե Արշակյանին sms է ուղարկել, թե` «Գումարը ձեռքիս ա, ժամը 16:30-ից մինչեւ 18:00-ի ընթացքում կուղարկեմ»: Այնուհետեւ նշված ժամանակահատվածում «Կարգո» ընկերության միջոցով առանց գրանցման Ա. Դալլաքյանը Թուրքիայում գտնվող Ք. Արշակյանին է փոխանցել 700 դոլար: Եվս մեկ հաղորդագրություն էլ ուղարկել է իր ընկեր Գոռ Շահազիզյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ստացա, տարա, տվեցի»: Ի դեպ, «Կարգո» ընկերության աշխատակցուհի Ռ. Դավոյանը Ոստիկանությունում տված ցուցմունքներում` առանց տվյալները գրանցելու փոխանցում կատարելու իր գործողությունները բացատրել է հետեւյալ կերպ. «2009թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ի սահմաններում մի աղջիկ, որի արտաքին տվյալներն ինքը չի հիշում, ընկերության գրասենյակ է բերել 700 դոլարին համարժեք դրամ, իրենց մշտական հաճախորդի խնդրանքով Թուրքիա փոխանցելու համար: Ինքն ընդունել է այդ գումարը եւ խնդրել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող իրենց գրասենյակի աշխատակցին՝ առձեռն տալ իրենց հաճախորդին այդ գումարը ԱՄՆ դոլարով: Այդ առումով իրենք բանկային փոխանցում չեն կատարել, ոչ մի գործարք չեն արել եւ փաստաթղթային ձեւակերպում չեն տվել, պարզապես կատարել են իրենց հաճախորդի խնդրանքը»: Այլ կերպ ասած` տիկին Մարգարիտան վստահ է, որ իր ոսկյա իրերը գողանալուց հետո Աննա Դալլաքյանը դրանք գրավ է դրել կամ վաճառել է եւ Ք. Արշակյանի գումարն է փոխանցել: Գողությունն, ըստ նրա, Աննայի կողմից պլանավորված է եղել, քանի որ նրան մի կողմից՝ սպառնացել է Քրիստինեն` ասելով, որ եթե գումարը չուղարկես՝ ծնողներիդ կտեղեկացնեմ կատարվածի մասին, իսկ մյուս կողմից էլ՝ Աննան իմացել է, որ Մարգարիտայի ընտանիքն այդ օրը տեղափոխվելու էր, եւ զարդերը գողանալու հնարավորություն այլեւս չի լինելու: «Թե՛ հեռախոսազանգերի վերծանումով եւ թե՛ մեր վկայություններով այստեղ մեծ է նաեւ նրա ընկեր Գոռ Շահազիզյանի դերակատարումը, որը կազինոներում մեծ պարտքեր է ունեցել, եւ գողության օրը նրանք եւ՛ հեռախոսային խոսակցություններ են ունեցել, եւ՛ միասին են եղել»,- ասում է տիկին Մարգարիտան` վստահեցնելով, որ նախաքննության ընթացքն արդեն փոխվել է, երբ Շենգավիթի ոստիկանություն ոտք է դրել Վրույր Դալլաքյանը: Ըստ նրա` քննիչները վախենալով անվտանգության աշխատակցից՝ արդեն սկսել են ագրեսիվ տոնով ստիպել ստորագրել իրենց թելադրած տեքստերի տակ. «Մեզ ստորացնում, հոգեբանորեն ճնշում էին: Քննիչն ասում էր` սենց գրի, քեզ ասում եմ` իմ ասածով գրի: Ոնց ուզեմ՝ կխոսամ, ինչ ուզեմ՝ կանեմ: Ես ամբողջ ձայնագրություններն ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազություն»: Ի դեպ, ուսումնասիրելով քրեական գործով ձեռք բերված նյութերը, պարզեցինք, որ քննիչն անձամբ արձանագրել է, որ մի քանի անգամ հարցաքննված Աննա Դալլաքյանի տված ցուցմունքներն իրար հակասող են եւ չեն համապատասխանում նախկին ցուցմունքներին: Զարդատուփի վրա հայտնաբերված մատնահետքերի վերաբերյալ Աննա Դալլաքյանն իր ցուցմունքում նշել է, որ հագուստ ընտրելիս` «Զարդատուփն ընկնում էր, ես բռնեցի, որ չընկնի»: Խուզարկության եւ տեղազննության ժամանակ քննիչը պարզել է, որ զարդատուփը չէր կարող ընկնել մեկ պարզ պատճառով` այն եղել է զգեստապահարանի վերեւի մասում, իսկ հագուստները՝ ներքեւում: Ի դեպ, իր ցուցմունքներում տիկին Մարգարիտան նշել է, որ դեպքի ժամանակ Ա. Դալլաքյանը իրենից միջադիրներ է խնդրել եւ պոլիէթիլենային տոպրակը ձեռքին մտել է զուգարան: «Նա մտել է զուգարան եւ թաքցրել է գողոնը»: Խուզարկության ժամանակ աղբամանից միջադիր չի հայտնաբերվել, մինչդեռ Ա. Դալլաքյանը պնդել է, թե զուգարան է մտել այդ պատրվակով: Այնուհետեւ ցուցմունքը փոխել է, թե իր մոտ ցիկլը դեռ սկսված չի եղել: Մի խոսքով` ցուցմունքներն էական հակասություններով են եւ իրար չհամապատասխանող: Այլ կերպ ասած` նույնիսկ գործով ձեռք բերված նյութերով քննիչը բացահայտել է գողության հեղինակին, սակայն որոշել է. «Վարույթումս քննվող թիվ 11128909 քրեական գործի վարույթը կասեցնել` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով»: Մարգարիտա Հակոբյանը, տեւական ժամանակ է, դիմումներ է ուղարկում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա վստահ է, որ ՀՀ նախագահին ուղղված նամակները տեղ չեն հասնում` անվտանգության աշխատակիցների միջամտության շնորհիվ. «Ես վստահ եմ եւ տեղեկություններ ունեմ, որ այդ նամակների ճանապարհը Վրույր Դալլաքյանը փակում է: Հասկանո՞ւմ եք, ես դիմել եմ մամուլի օգնությանը զուտ այն պատճառով, որ մեր դիմումները «դոստուպ» չունեն նախագահի մոտ, եւ նա տեղյակ չէ, թե իր համակարգի աշխատակիցներն ինչերի են ընդունակ»: Ներկայումս քրեական գործը կասեցնելու օրինականությունը ստուգելու դիմումը ՀՀ գլխավոր դատախազությունում է, իսկ Քննչական գլխավոր վարչությունում իրավապահ մարմինները դեռեւս «ի զորու» չեն նոր հանգամանքներ պարզելու: «Քննչական վարչությունում բոլորն էլ գիտեն այս գործը, անգամ ծաղրում են` ասելով` հա, էն կագեբեյեչնիկի աղջկա գողության դեպքն ա՞: Նույնիսկ ինձ պատմել են, որ, երբ ցանկացել են Աննա Դալլաքյանին ձերբակալել, նրա հայրը` Վրույր Դալլաքյանը, վատացել է: Բնականաբար, դա չի եղել, բայց բոլորն էլ գիտեն, որ գողության հեղինակը բացահայտված է: Անվտանգության աշխատակից մեր ծանոթներն ասում են, որ Վրույրն այդ դեպքից հետո 20 կգ նիհարել է ու հիմա շատ վատառողջ է, դեղերով է ապրում»,- վստահեցնում է տիկին Մարգարիտան` հույս ունենալով, որ գոնե Քննչական գլխավոր վարչությունն այս դեպքին ընթացք կտա: Թեեւ չի բացառվում, որ բազմաթիվ նմանատիպ քրեական գործերի նման՝ այս գործն էլ «կքնեցնեն»:

Դեռ անցյալ շաբաթ մենք զանգահարել ենք Աննա Դալլաքյանին` տեղեկացնելով, որ հրապարակում ենք պատրաստում, որտեղ ինքը մեղադրվում է խոշոր չափի գողության մեջ: Առաջարկեցինք լսել նաեւ նրա փաստարկները, սակայն նա մեզ պատասխանեց. «Ես կփոխանցեմ ծնողներիս: Ձեր հեռախոսահամարը թողեք` կզանգահարենք»: Աննան չզանգահարեց: Օրեր անց կրկին զանգահարեցինք։ «Մենք խորհրդակցեցինք, խոսելու ոչինչ չունենք»,- ասաց նա: Հարցրեցինք` «Դուք իսկապե՞ս ձեր ծնողներին փոխանցել եք, որ խմբագրությունից են զանգահարել»: «Այո»,- ասաց Աննան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 21 տարեկան այս աղջիկը ծնողներին անհարմար վիճակի մեջ է գցել եւ անգամ Ոստիկանությունում սուտ է խոսել` մենք, այնուամենայնիվ, կասկածներ ունենք, որ նա իսկապես դա փոխանցել է իր ծնողներին: Բայց քանի որ հեռախոսազանգերին մշտապես նա է պատասխանում` ստիպված ենք նրա խոսքն ընդունել՝ որպես ի գիտություն: