«Դինո գոլդում» ակտը քննարկում են

16/12/2010

Օրեր առաջ ՀՀ Բնապահպանության նախարարության Սյունիքի մարզային կառույցը Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ում հերթական խախտումներն արձանագրեց: Ըստ մեր տեղեկությունների՝ խախտումները եղել են բավական մեծ մասշտաբների: Ընդ որում՝ այս քանակությամբ խախտումներ գրանցվել են 2007թ., երբ 300 միլիոն դրամից ակտի պատժաչափը «սակարկվեց»՝ անհասկանալիորեն հասնելով 12 միլիոն դրամի: Մինչդեռ հաջորդող 2 տարիներին ամենամյա խախտումները քչացել էին, այլ կերպ ասած՝ գները եւս իջել էին: Սակայն վերոնշյալ պետական կառույցն այդպես էլ չհրապարակեց տվյալները: Փոխարենը՝ նախորդ տարի ընկերությունը ՀՀ պետեկամուտների կոմիտեին տվյալներ ներկայացրեց, համաձայն որի՝ 2009թ. ընկերությունն աշխատել է 7 միլիարդ դրամ վնասով: «Ակտի պատասխանը դեռ պաշտոնապես պատրաստ չէ: Այն դեռեւս քննարկվում է: Օրենքով սահմանված կարգով մենք ժամկետ ունենք եւ դեռ ուսումնասիրում ենք: Մենք առայժմ պաշտոնական պատասխան չենք կարող տալ»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ընկերության լրատվության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը: Հարցին, թե ե՞րբ կավարտվեն քննարկումները, Ն. Աղայանը պատասխանեց, որ օրենքով սահմանված է 1 ամսից մինչ 1 տարի ժամանակ: «Հնարավոր է, որ մոտակա 10-15 օրվա ընթացքում պաշտոնական պատասխանը պատրաստ լինի»,- նկատեց Ն. Աղայանը: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է՝ ակտի վիճարկելիությունը որոշվի դատարանում, ընկերության լրատվության կապերի պատասխանատուն պատասխանեց, որ որեւէ բան դեռեւս հայտնի չէ՝ վարչական վարո՞ւյթ է իրականացվելու, թե՞ դատական գործ: Մեր հաջորդ հարցին, թե հնարավո՞ր է ընկերությունը կիրառի 2007թ. քաղաքականությունը՝ նվազեցնելով ակտի գումարի չափը, Ն. Աղայանը պատասխանեց. «2007թ. ակտը ոչ թե նվազեցվեց, այլեւ վարչական վարույթի ժամանակ թերություններ հայտնաբերեցին, որոնք տեղ էին գտել ուսումնասիրության ժամանակ: Նրանք ընդունեցին մեր առարկության փաստերը: Ամենայն հավանականությամբ, այս տարի նույն գործընթացով կգնանք, բայց սա դեռ չի նշանակում, թե մեր պաշտոնական պատասխանն է»: Հիշեցնենք, որ վերջերս ընկերության նախագահ Ռոբերտ Ֆալետտան հաստատել է Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը, որի արդյունքում ծառահատվելու է Շահումյան բանավանի եւ հարակից անտառների շուրջ 50.000 ծառ: Ի դեպ, նշենք, որ հատվելիք ծառերը հիմնականում պտղատու են, մի քանի ծառատեսակ էլ գրանցվել է Կարմիր գրքում: