Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագրի՝ 49 տարով երկարաձգման փաստին ՆԱՏՕ-ն հանգիստ է վերաբերվում: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը: Նրա խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքը կարեւորում է Մոսկվայի այս որոշումը եւ միաժամանակ դրա մեջ անհանգստացնող որեւէ բան չի տեսնում. «Ավելին, ռազմական պայմանավորվածությունների առումով հաճախ անհանգստանում է ռուսական էլիտան` մասնավորապես Մերձբալթյան երկրների` ՆԱՏՕ-ին անդամակցելու, ինչպես նաեւ՝ Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցության համար հող նախապատրաստելու հեռանկարի շուրջ»: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, Հանս Յոհեն Շմիդտը կարեւորել է Հայաստանի խաղաղասիրական մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի բազմաբնույթ ծրագրերին` ասելով. «Շատ լավ է, որ Հայաստանը փորձում է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, այդ համատեքստում բարեփոխումներ է կատարում Զինված ուժերում: Չպետք է մոռանալ նաեւ Բալկաններում եւ Իրաքում հայկական խաղաղապահ զորքերի ներկայության մասին»: