ՀՀ ոստիկանությունը տեղեկություն չունի այն մասին, թե ով է եղել Պետական եկամուտների կոմիտե զանգահարող եւ ռումբի մասին ահազանգող անձը: «news.am»-ի հարցին ի պատասխան` արդյո՞ք այդ անձը Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի հայր Արտաշես Ավետիսյանն է, ինչպես գրել էր թերթերից մեկը, Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը պատասխանել է. «Մենք այս պահի դրությամբ որեւէ տեղեկություն չունենք»: Նշենք, որ ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգի առթիվ հարուցված քրեական գործը վաղուց կասեցված է: Սակայն կայքի աղբյուրների հավաստմամբ` ահազանգի հեղինակն իսկապես եղել է Ա. Ավետիսյանի հայրը` Արտաշես Ավետիսյանը, ում այս քայլը դարձել է համընդհանուր զվարճանքի նյութ: Նրա դեմ քրեական գործ չի հարուցվում միայն այն պատճառով, որ Ավետիսյանը պատկառելի տարիքի է: