15 րոպեում

16/12/2010

ԵԱՀԿ առաքելությունը՝ կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ, դեկտեմբերի 15-ին հերթական մշտադիտարկումն է անցկացրել հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Մոնիտորինգը կատարվել է Բերդավան-Քյամարլի հատվածում: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` դիտարկումը տեւել է ընդամենը 15 րոպե: Կապ է հաստատվել ոչ թե հայ եւ ադրբեջանցի հրամանատարների, այլ ԵԱՀԿ ներկայացուցիչների միջեւ: Տավուշի մարզում կայացել է նաեւ ԵԱՀԿ առաքելության հանդիպումը մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ: Մարզպետը ներկայացրել է իրավիճակը` նշելով, որ ադրբեջանական կողմը զինադադարը խախտում է բերքահավաքի ժամանակ: ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի Օպերատիվ վարչության ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը տեղեկացրել է, որ 2010թ. ադրբեջանական կողմը զինադադարի ռեժիմը խախտել է 7 հազար անգամ` 1,5 անգամ ավելի, քան 2009թ.: Հայկական կողմը պատասխանում է, սակայն մեծ տարբերությամբ: Այս տարվա դեկտեմբերին ադրբեջանական կողմը զինադադարի ռեժիմը խախտել է 197 անգամ, հայկական կողմը պատասխան կրակ է բացել ընդամենը 20 անգամ: