«Ամուսինս գիտեր, թե ում հետ է ամուսնանում»,- ասում է «Աննա» ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը

16/12/2010 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այն, որ մեր հեռուստաեթերը ողողված է սերիալներով, եւ որ հեռուստադիտողը գրեթե խեղդվել է դրանց առատությունից` հայտնի է: Սակայն, թե ինչն է ստիպում երիտասարդ, գեղեցիկ եւ անձնական կյանքում երջանիկ 26-ամյա կնոջը նկարահանել լացող, դարդոտ հերոսներով լի սերիալ, փորձեցինք պարզել «Աննա» հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանից:

– Ես չեմ կարծում, որ Աննան «դարդոտ» սերիալ է, որտեղ դերասանները միայն տխրում են, եւ որ նրանց կյանքում ոչ մի լուսավոր երեւույթ տեղի չի ունենում: Մենք ներկայացնում ենք կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա: Այն, ինչ կատարվում է մեր սերիալի հերոսների հետ, կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրիս կյանքում:

– Կարծում ես, որ յուրաքանչյուրիս կյանքում ոչ մի դրական ու պայծառ երեւույթ իսկապես չկա՞: Ի՞նչ պարտադիր է, ինչպես դու ասացիր՝ «մեր իրականությունը», միայն լացով ու ողբով արտահայտել: Եվ ի՞նչն է ստիպում քեզ` երիտասարդ, սիրված եւ անձնական կյանքում երջանիկ կնոջը, կյանքը նման գույներով ներկայացնել:

– Ես ձեզ անկեղծ ասեմ, որ ինձ մոտ էլ ամեն ինչ միանգամից հիանալի չի եղել: Ոչ ոք իմ առջեւ հեշտությամբ դուռ չի բացել: Ինքս եմ բացել բոլոր բացվող ու չբացվող դռները՝ թե անձնական կյանքում, թե մասնագիտությանս ու աշխատանքիս մեջ: Ասեմ ավելին, «Աննա» ֆիլմում իմ եւ ֆիլմի սցենարիստի կյանքին համապատասխանող շատ ու շատ դրվագներ կան: Պարզապես ես իմ էությամբ վհատվող չեմ, եթե նպատակ եմ դնում` անպատճառ հասնում եմ դրան: Ինչ վերաբերում է «Աննային», ապա մենք աշխատում ենք սցենարի մեջ հումորի գիծը եւս զարգացնել, բացի այդ, մենք պարզապես ցույց ենք տալիս, որ կյանքում միշտ էլ կլինեն «կոտրողներ», սակայն չպետք է վհատվել եւ ինքնասպան լինել: Պետք է ուժ ունենալ ներել եւ շարժվել առաջ:

Ելենան 2003-ից աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, որպես սցենարիստ, խմբագիր, սակայն մասնագիտությամբ ռեժիսոր է: 2008թ. ստեղծվեց «Որբերը» հեռուստասերիալը, որտեղ նա եւ սցենարիստ Անահիտ Մխիթարյանը բուռն գործունեություն էին ծավալում: Հետագայում պրոդյուսեր Արթուր Ապրեսովը նրան առաջարկեց դառնալ «Որբեր» հեռուստասերիալի ռեժիսորը:

Ելենան կարծում է, որ իրեն նման պատասխանատու աշխատանք վստահելը «շատ համարձակ» քայլ էր Արթուր Ապրեսովի կողմից: «Ճիշտ է` ես ինստիտուտն ավարտել եմ գերազանց, աշխատել եմ թատրոնում, ներկայացումներ եմ բեմադրել, բայց որպես հեռուստատեսության ռեժիսորի փորձ, որպես այդպիսին, չունեի»,- ասում է Ելենան: Այնուհետեւ «Որբեր» սերիալին հաջորդեց «Որբեր երկուսը», հետո արդեն` «Աննան»:

– Կինո, կենցաղ, երեխա եւ ամուսին…Հնարավո՞ր է արդյոք համադրել անհամադրելին, այնպես, որ ոչ ոք չտուժի:

– Ես ամուսնացել եմ երկրորդ կուրսում, եւ ամուսինս շատ լավ գիտեր, թե ում հետ է ամուսնանում: Նա գիտի, որ ինչ էլ անեմ` պետք է լիդեր լինեմ: Փառք Աստծո, ես ունեմ շատ հարազատ մի մարդ` իմ տատիկը, ով ապրում է մեզ հետ եւ խնամում է իմ բալիկին, երբ ես տանը չեմ: Անչափ կարոտում եմ բալիկիս: Երբ անգամ մի ժամ ընդմիջում է լինում, վազում եմ տուն` երեխայիս տեսնելու: Ի դեպ, իմ աղջիկը շատ է սիրում լինել նկարահանման հրապարակում, նրա ներկայությունն ինձ շատ էր պետք, դրա համար էլ ես նրան «Աննա» ֆիլմում նկարահանվելու մի փոքրիկ դրվագ տվեցի` Մերիի դերը:

Ի դեպ, մինչեւ տարեվերջ ավարտվելու է «Աննա» հեռուստասերիալը, սակայն նկարահանող խումբը պատրաստում է նոր անակնկալ: Մնում է միայն հուսալ, որ այս անգամ «մեր իրականությունը» կներկայացվի միայն վառ գույներով: