Առանց միգրանտների «յոլա» չեն գնա

16/12/2010

ԱՄՆ-ում դեկտեմբերի 13-ից վաճառքից հանվել են կոֆեին պարունակող էներգետիկ ոգելից ըմպելիքները: Նման որոշման համար հիմք է ծառայել առողջության համար այդ ըմպելիքների վնասակարության մասին երկրի իշխանությունների եզրակացությունը: Նոր հրահանգի համաձայն՝ ընկերությունները պետք է վաճառքից հանեն սահմանված չափանիշներին չհամապատասխանող ապրանքատեսակը, եթե համապատասխան գերատեսչությանը չներկայացվեն ապացույցներ, որ իրենց արտադրած ըմպելիքն անվտանգ է առողջության համար: Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում ուսանողների եւ աշակերտների ալկոհոլային թունավորումները հաճախակի բնույթ են կրում: Նոյեմբերին Դեղորայքի ու մթերքի որակի վերահսկողության վարչությունը երիտասարդների շրջանում մեծ տարածում գտած մի շարք թույլ ալկոհոլային ըմպելիքներում պարունակվող կոֆեինը որակել է՝ որպես «առողջության համար ոչ անվտանգ սննդային հավելում»: Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի ու ալկոհոլի համակցությունը թույլ չի տալիս ճիշտ գնահատել հարբելու աստիճանը: Ի դեպ, էներգետիկ ըմպելիքներից թունավորվածների մեծ մասն անչափահասներն են, ովքեր ըմպելիքը ձեռք են բերում՝ խախտելով օրենքն ու այդկերպ պատասխանատվություն կրելով հետեւանքների համար: Այդուհանդերձ, ըստ «Ռիա նովոստիի»` մի շարք հ/կ-ներ դրա համար պատասխանատու են համարում արտադրողին՝ ակտիվորեն ընդգրկվելով էներգետիկ ըմպելիքների արգելման համար պայքարում: