ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային եւ բժշկական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործով առ այսօր Հայաստանի դատախազությունը իրավական փոխօգնության վերաբերյալ միջնորդագիր, հարցում չի ստացել: Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Նաեւ հայտնել է, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` մեկ շաբաթ առաջ Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ժամանակ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ թե կոնկրետ քրեական գործեր, այլ երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությանը եւ դրա համար իրավական մեխանիզմների ձեւավորման հնարավորությանը վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային եւ առողջապահական ապահովագրության (Medicare) ոլորտում բացահայտված զեղծարարությունների փաստով հարուցված աղմկահարույց քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված են մեծ թվով ազգությամբ հայեր, հանցախմբի ենթադրյալ ղեկավարը Արմեն Ղազարյանն է` «Պզո» մականունով: Իսկ հոկտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ներկայացուցիչները Ա. Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ ասել էին, որ քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՄՆ-ը կդիմի Հայաստանին: