Երեկ կայացած նիստում Երեւանի ավագանին որոշում է ընդունել քաղաքապետի ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 17-ին: Հիշեցնենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Քաղաքապետ է ընտրվում առավել ձայներ հավաքած թեկնածուն: Այսինքն` նոր քաղաքապետի թեկնածու առաջադրելու է նաեւ մայրաքաղաքի ավագանու կազմում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): Վերջինս դեռ պաշտոնապես չի հայտարարել քաղաքապետի թեկնածուի անունը եւ առնվազն մինչեւ երեկ որպես ամենահավանական թեկնածու՝ նշվում էր Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի անունը: Մեր տեղեկություններով, սակայն, իշխանության վերնախավում նրա թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Ավելին` երեկվա դրությամբ ավելի հավանական էր համարվում, որ որպես Երեւանի քաղաքապետ առաջադրվի «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Ըստ մեր աղբյուրների, Կ. Կարապետյանի թեկնածությունն ավելի լրջորեն սկսել է քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի` անցած շաբաթվա վերջին Մոսկվա կատարած այցից հետո: Այսինքն` բացառված չէ, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունը նաեւ համաձայնեցվել է ՌԴ իշխանությունների հետ, կամ գուցե հենց ռուսական կողմն է «առաջարկել» «ՀայՌուսգազարդի» տնօրենի անունը: Եթե վերջինիս թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում կայացվի, ապա մինչեւ դեկտեմբերի 17-ը հրավիրվելիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Ս. Սարգսյանը ՀՀԿ-ականներին կներկայացնի ոչ հանրապետական քաղաքապետի թեկնածուի, կամ որ նույնն է` Երեւանի նոր քաղաքապետի անունը: Եթե, իհարկե, առաջիկա երկու օրերին որեւէ բան չփոխվի այս հարցում: Զուտ որպես քաղաքապետ, քաղաքային տնտեսության կառավարման առումով եղածների մեջ գուցեեւ լավագույնը Կարեն Կարապետյանի թեկնածությունն է, ով բարձրորակ կառավարչի համարում ունի: Սակայն քաղաքական տեսանկյունից նրա` «ռուսական գործիչ» լինելու հանգամանքը, կարծես, միարժեք չի ընդունվում ՀՀ ներքաղաքական որոշ ուժերի կողմից. ըստ այդմ` Երեւանը մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաք է, որտեղ էլ, ըստ էության, որոշվում են քաղաքական հարցերը: Այսինքն` Հայաստանում առանց այն էլ չափից ավելի մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանն այդպիսով Երեւանում կստանա ուղղակի ներկայություն` դրանից բխող բոլոր հետեւանքներով: