Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ` անդրադառնալով Հայաստանին եւ թուրքալեզու երկրների հետ Անկարայի հարաբերություններին, ասել է. «Այլ երկրների դատարանների ոչ մի որոշում չի կարող փոխել մեր վերաբերմունքը 1915թ. դեպքերի վերաբերյալ»: Իսկ ինչ վերաբերում է Սան Ֆրանցիսկոյի 9-րդ շրջանի Դաշնային վերաքննիչ դատարանի որոշմանը, թե` Օսմանյան Թուրքիայում սպանված հայերի ժառանգները կարող են փոխհատուցում պահանջել այն կազմակերպություններից, որոնք անցած դարի սկզբին ապահովագրել էին նրանց հարազատներին, Դավութօղլուն նշել է, որ տարբեր երկրների դատարանների այդ բոլոր իրավական ընթացակարգերը չեն վերաբերում Թուրքիային. «Չկա որեւէ իմաստ, որպեսզի մենք այդ հարցը դնենք պետությունների կամ ԱԳՆ ղեկավարների քննարկմանը: Այդ հարցի շուրջ այդպիսի վերաբերմունքի չենք սպասում ո՛չ ԱՄՆ Սենատից, ո՛չ էլ նախագահից: Մեր դիրքորոշումն այդ հարցի շուրջ շատ պարզ է, ու այն չի փոխվել»: