Նախօրեին հանրապետության մի շարք մարզերում ինքնասպանության փորձերի աննախադեպ աճ է գրանցվել: Հետաքրքիրն այն է, որ նրանցից շատերը թողած երկտողերում իրենց քայլը բացատրել են սոցիալական ծանր պայմաններով: Արմավիր քաղաքում 3-րդ հարկի բնակարանից իրեն ցած նետելու միջոցով ինքնասպանության փորձ է արել 1966թ. ծնված Տիգրան Խ.-ն: Վերջինիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նա իր երկտողում գրել է, որ գործազուրկ է եւ ծանր սոցիալական պայմաններից ելնելով` գերադասում է մահը: Նույն օրն ինքնասպանության փորձ է գրանցվել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում: 1953թ. ծնված Ա. Ա.-ն փորձել է կյանքին վերջ տալ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: Նա երկտողում գրել է, որ տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, դեղի փող չունի, որոշել է ինքնակամ մահվան դիմել: Իսկ Արտաշացի երկրորդ կարգի հաշմանդամ, 1982թ. ծնված Սամվել Հ.-ն ձախ ձեռքի եւ որովայնի մասում կտրված վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: Իրենց շենքի բակում նա եւս իր արարքը պատճառաբանել է հաշմանդամ լինելով ու սոցիալապես ծանր պայմաններին չդիմանալու հանգամանքով: Իսկ արտաշատցի 15-ամյա Թագուհի Վ.-ն էլ մեծ քանակությամբ ժավելի սպիրտ խմելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել ծնողների վիճաբանության պատճառով: Ինքնասպանության մի փորձ էլ գրանցվել է Սիսիան քաղաքում: Այստեղ 1972թ. ծնված Սամվել Ս.-ն ապակու միջոցով փորձել է կտրել իր աջ նախաբազկի երակները՝ պատճառաբանելով, որ չունի ոչ աշխատատեղ, ոչ փող: Ինչեւէ, ինքնասպանությունների նմանօրինակ ցուցանիշը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, մանավանդ, որ գրեթե բոլորն իրենց արարքը պատճառաբանել են սոցիալական պայմաններով:
Ա.Գ.