– Արդարացված չե՞ն, արդյոք, սահմանադրական հանրաքվեի «այո»-ին միացած իշխանամետ քաղաքական ուժերի եւ մտավորականների հայտարարությունները, թե ընդդիմությունը, որը նույնպես գտնում է, որ ներկայացվող տարբերակում դրական փոփոխություններ կան, պետք է համարձակություն ունենա եւ «այո» ասի այս կարեւոր փաստաթղթի բարեփոխված տարբերակին` վեր կանգնելով անձնական այս կամ այն շահից:
– Նախ` շատ ուրախ եմ, որ իշխանական թեւի կուսակցությունները, իրենց մտավորականներն ու վարչական ապարատի աշխատողները հասկացել են, որ սահմանադրությունը շատ կարեւոր է: Իսկ որպեսզի ես համարեմ, որ իրենք դա իսկապես հասկացել են, իրենք պետք է հարգեն սահմանադրությունը, ապրեն սահմանադրությամբ նախանշված օրենքներով, պետք է մինչ այսօր իրենց թույլ տված սահմանադրական խախտումների համար քավություն խնդրեն, ու եթե ժողովուրդն իրենց ների, դրանից հետո միայն կարող են բարոյական իրավունք ունենալ նոր սահմանադրություն ներկայացնել: Այսօր, երբ իրենք կոչ են անում հարգել, կարեւորել սահմանադրությունը ու հենց իրենք էլ տեղում` ոտքի վրա, խախտում են այն, նման բան անելու իրավունք չունեն: Մարդ, որն անընդհատ խախտել է օրենքները, նոր օրենքներ բերելու բարոյական իրավունք չունի:
– ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը կոչ էր անում ընդդիմությանը` օրինակ վերցնել ընդդիմադիր Պարույր Հայրիկյանից, որն, ըստ նրա, մշտապես քննադատել է իշխանություններին, բայց` վեր կանգնելով անձնական ամբիցիաներից, այսօր կոչ է անում` «այո» ասել հանրաքվեին: Հայրիկյանից օրինակ կվերցնե՞ք:
– ՀՀԿ անդամը, որը կոչ է անում «այո» ասել, իրավունք ունի քարոզելու իր «այո»-ն: Հանրաքվեն ունի եւ՛ «այո», եւ՛ «ոչ»: Ես իմ սեփական կարծիքն ունեմ այդ գործընթացի վերաբերյալ եւ ես քաղաքական «ոչ» եմ ասել եւ իմ «ոչ»-ի քարոզչությունն եմ իրականացնում: Իրենք էլ թող իրենց «այո»-ինն անեն: Բայց այդ քարոզչության համար, եթե իրենք հարգում են օրենքներն ու սահմանադրությունը, թող երկու թեւերի համար էլ հավասար պայմաններ ստեղծեն, որովհետեւ հանրաքվեի, ժողովրդավարության իմաստը հենց դա է, ոչ թե միայն «այո»-ն: Իրենց իրավունքն է, թող իրենք «այո» քարոզեն, ու ես հակված եմ մտածելու, որ իրենք իսկապես անկեղծ են` ասելով, թե սա լավ նախագիծ է: Ես էլ գտնում եմ, որ այն վատն է, որովհետեւ շատ կարեւոր է, թե ով է փաստաթուղթը ներկայացնողը: Եթե կոնկրետ ձեր նշած ՀՀԿ-ականն օրենքներով ապրեր, հարգած լիներ այդ օրենքները ու նորը ներկայացներ, հնարավոր է արժանանար ընդունելության: Բայց երբ իրենք են օրենքները խախտում, երբ իրենց ամեն ինչ կարելի է, չի կարող ընդունելի լինել: Օրինակ, իրենք` որպես իրենց քարոզչության շտաբ, վերցրել են Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական շենքը եւ վրան էլ երեք հատ «այո» են գրել: Դե թող «ոչ» քարոզողներին էլ, որոնք պակաս լիազորություններ չունեն, որպես շտաբ տրամադրեն համարժեք, ասենք, Համալսարանի վարչական շենքը, մենք էլ գնանք այնտեղ, մեր «ոչ»-ը կպցնենք ու նստենք-աշխատենք: Այդ դեպքում կասեմ` այո, իրենք գնահատում են սահմանադրությունը, հասկանում են, որ օրենքներով է պետք ապրել, եւ հավասար պայմաններ են ստեղծում: Թող հավասար պայմաններում արդար ընտրապայքար լինի, ու եթե մեծամասնությունն ասի «այո», ես կհասկանամ, որ իմ «ոչ»-ը փոքրամասնություն է կազմում, քաղաքական հետեւություն կանեմ: Իսկ եթե «ոչ» ասեն, իրենք պետք է հետեւություն անեն, որը պետք է ունենա պատասխանատու: Սա վստահության հանրաքվե է լինելու: Նույնիսկ ԱՄՆ դեսպանն ասաց, որ եթե նորից կեղծվեն արդյունքները, ապա ժողովուրդն իրավունք կունենա իր շահերը, իրավունքները պաշտպանել փողոցում: Աստված մի արասցե, եթե նրանք նորից կեղծեն, միանշանակ պիտի հեռանան, ու մենք պետք է անցնենք հեղափոխական գործողությունների: Սա է մեր խնդիրը, ու մենք հենց այս խնդիրն ենք լուծելու:
– «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` դիմելով ընդդիմությանը, հայտարարել էր, թե եթե դուք լինեիք իշխանության, ու այս նախագիծը ձերը լիներ, կոչ կանեիք «այո» ասել, սակայն քանի որ դուք չեք իշխանության` պետք է «ոչ» ասել: Նաեւ հարցադրել էր` պարոնայք, ե՞րբ եք գալու իշխանության` նոյեմբերի՞ն, դեկտեմբերի՞ն, թե՞ 30 տարի հետո, որպեսզի սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն:
– Ընդդիմությունն իշխանության կգա բավականին շուտով, ու համոզված եմ, որ այդ ժամանակ հանրապետության դատախազը մեր առաջարկած սահմանադրությունը նախ` քարոզելու իրավունք չի ունենա, որովհետեւ դա օրենքով արգելված է, եւ երկրորդ` կոնկրետ Աղվան Հովսեփյանը չի կարող նաեւ քվեարկել, որովհետեւ կունենա նաեւ այդպիսի կարգավիճակ:
– Այսի՞նքն:
– Իրավագիտության մեջ կա մարդկային որոշակի կատեգորիա, որը քվեարկելու իրավունքից զրկված է:
– «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանն իրենց կուսակցության այսօրվա համագումարում իշխանություններին առաջարկելու է գալ «ջենտլմենական» համաձայնության. «այո»-ի քարոզչություն իրականացնել, եթե իշխանությունները պատրաստակամություն կհայտնեն հանրաքվեից հետո լուծարել ԱԺ-ն: Ի՞նչ կասեք այս առաջարկի վերաբերյալ, եւ հնարավո՞ր է, որ այն ընդունելու դեպքում դուք էլ հետ կանգնեք «ոչ»-ի քարոզչությունից:
– Ինձ համար զարմանալի է դա: Որքան տեղյակ եմ, Ա. Գեղամյանն ի սկզբանե «ոչ» է ասել սահմանադրությանը: Ես իմ սեփական մոտեցումն ունեմ եւ, գտնում եմ, որ այս իշխանությունների հետ որեւէ գործարքի գնալը, առավել եւս` սահմանադրության նախագծի հարցում, սխալ է: Բացի այդ, համոզված եմ, որ հանրաքվեն լինելու է նաեւ քաղաքական ջրբաժան: Ովքեր գտնում են, որ երկրի դժբախտությունների պատճառն այս փաստաթուղթն է, նրանք իշխանական թեւից են, ովքեր մտածում են, որ փաստաթուղթ փոխելով երկրում իրավիճակ կփոխվի, նույնպես իշխանական են, որովհետեւ այսօր մեր երկրում այդ փաստաթուղթը փաստաթուղթ էլ չէ, ուղղակի թուղթ է, որն իշխանություններն անընդհատ ոտնահարել են: Ովքեր նման կարծիք չունեն` ընդդիմություն են եւ այդ օրն իրենց քաղաքական «ոչ»-ն են ասելու փողոցում: Եվ այս ջրբաժանում ես չեմ զարմանա, որ ընդդիմադիր դաշտում գտնվող մի քանի կուսակցություններ հայտնվեն իշխանական ճամբարում: Հայաստանին դա բնորոշ է, եւ նման բաներ նախկինում էլ են եղել: Կոնկրետ Ա. Գեղամյանը «ոչ» է ասել, եւ, կարծում եմ, պետք է շարունակի իր «ոչ»-ը: Եթե նման բան առաջարկի, մենք մեր տեսակետը կարտահայտենք: Մենք «ոչ» ենք ասելու մինչեւ վերջ:
– Պատահակա՞ն եք համարում, որ ԵԽ-ում հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված Ա. Գեղամյանն ու Շավարշ Քոչարյանը, որը նույնպես գտնում է, որ այս նախագիծը դրական առաջընթաց է, ավելի մեղմ են իրենց դիրքորոշումներում, քան մյուս ընդդիմադիրները:
– Ես ուզում եմ հավատալ, որ դա պատահականություն է: Հակված չեմ վիճելու այդ մարդկանց հետ: Իրենք իրենց ուրույն տեսակետն ունեն եւ, ուզում եմ հավատալ, որ իրենք անկեղծ են իրենց տեսակետների մեջ: Ես ուղղակի գտնում եմ, որ ընդդիմադիր ցանկացած կուսակցություն, որի ուսերի վրայով անցել է այս ամբողջ գործընթացը, համոզվել է, որ գործարքները, փաստաթղթերն այս երկրում գին չունեն, էս երկրում բարոյահոգեբանական մթնոլորտն է կոտրվել: Մենք չպետք է թույլ տանք, որ 2007թ. Հայաստանն այսօրվա Հայաստանը լինի: