ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Թիթեռ» բար-սրճարանը գործում է ապօրինի:
ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ բար-սրճարանը, իրոք, հարկային մարմիններում հաշվառված չէ եւ շուրջ մեկ ամիս գործում է հարկային դաշտից դուրս` զբաղեցնելով 50քմ տարածք: Ապօրինի ձեռնարկատերը Երեւանի բնակիչ Խաչիկ Աթանեսյանն է:
Բացի այդ, դադարեցվել է մսամթերքի ապօրինի արտադրամասի գործունեությունը, որը Շենգավիթում ծավալել էր Գ.Ամիրյանը` առանց համապատասխան թույլտվության եւ հարկային մարմիններում հաշվառվելու, իսկ մայրաքաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչ Գ.Մարտիրոսյանն էլ` դարձյալ առանց պետական գրանցման, կազմակերպել էր մետաղյա դռների ապօրինի արտադրություն: Անօրինական գործունեության հետեւանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:
Էջմիածնում եւ Իջեւանում էլ Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների տեսադաշտում հայտնվել էին ալկոհոլային խմիչքների շշալցման ապօրինի երկու արտադրամասեր: Մի դեպքում՝ հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալել էր քաղաքացի Կ.Բազոյանը, ով զբաղվել է օղու շշալցմամբ, մյուս դեպքում էլ՝ Իջեւանի բնակիչ Վ.Վերանյանն է զբաղվել օղու եւ կոնյակի շշալցմամբ: Վերջինիս պատկանող տան նկուղային տարածքում հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշի մի քանի տասնակ օղի եւ կոնյակ, շուրջ 150 լիտր սպիրտ, Ավշար օղու համար նախատեսված հարյուրավոր շշեր եւ խցաններ:
Իսկ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում էլ դադարեցվել է կոշիկի ապօրինի արտադրամասի աշխատանքը: Հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալել էր քաղաքացի Կարեն Անդրեասյանը: