«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը երեկ առավոտյան կուսակցության գրասենյակ մտնելիս՝ տեսել է, որ գողություն է տեղի ունեցել: Հանցագործության հիմնական թիրախը հանդիսացել է իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող Զեյնալյանի սենյակը, որտեղից անհայտ անձինք գողացել են նրա համակարգչի մոնիտորը, ընդ որում` պրոցեսորը չեն տարել, բացել են փակ դարակները եւ ակնհայտորեն փնտրել ինչ-որ բան: Սեղանին էր թափված Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի գործի նյութերը` հատորներով: Հյուրասենյակից գողացել են ալեհավաքի կոդազերծող սարքը եւ դրա հեռակառավարման վահանակները, իսկ խոհանոցից տարել են գրասենյակի սուրճը: «Տարբեր ծախսերի համար նախատեսված գումար կար դարակում` 16 հազար դրամ, որին ձեռք չեն տվել»,- «Ա1+»-ին ասել է Ա. Զեյնալյանը: «Դեռ չգիտենք, թե ինչ են փնտրել եւ արդյոք կատարվածը կապ ունի Խալաֆյանի գործի հետ, պարզապես երեւի ցելոֆանի տոպրակի մեջ էր հատորներով գործը, դատարկել են սեղանին: Ամեն ինչ պարզ կլինի, երբ ձեռք բերենք մոնիտոր եւ հրավիրենք մասնագետ, որպեսզի պարզենք՝ արդյո՞ք իմ բացակայության ընթացքում՝ դեկտեմբերի 2-12-ը իմ համակարգչում գործողություն կատարվել է»,- հավելել է նա, ով նշված ժամանակահատվածում գտնվել է ԱՄՆ-ում: Սենյակի դուռը փակ է եղել, կողոպտիչները սենյակ են մտել դռան ապակին կոտրելու միջոցով: Զեյնալյանը տվել է հաղորդում գողության մասին, ոստիկանները եղել են կուսակցությունում, վերցրել են մատնահետքեր, հարուցվել է քրեական գործ: