Ինչո՞ւ «այո» եւ ինչո՞ւ «ոչ»

23/10/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Վերջերս տարածած հայտարարությամբ սահմանադրական փոփոխությունների փաթեթին դեմ արտահայտված ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանն իրենց այդ տեսակետը հետեւյալ կերպ է հիմնավորում. «Փորձ է արվել ֆորմալ տեսակետից ներկայացնել իշխանության ապակենտրոնացում, սակայն իրականում ամեն տեղ պահպանվել են լծակներ, որոնց միջոցով շարունակվում է վերահսկողությունը»: ԱԺՄ ղեկավարի կարծիքով՝ փոփոխությունների մեջ կան արտաքուստ լավ թվացող կետեր, ինչպիսիք են կառավարություն նշանակելու հարցում ԱԺ իրավունքների մեծացումը, այն, որ Արդարադատության խորհուրդը երկրի նախագահը չի ղեկավարում եւ այլն: Վ. Մանուկյանը նկատում է սակայն, որ դրանք զուտ ֆորմալ փոփոխություններ են, քանի որ, օրինակ, իրականում պահպանվել է ԱԺ-ն լուծարելու նախագահի լիազորությունը, եւ, ասենք, երբ դատավորը ներկայացվում է նշանակման, նախագահը կարող է եւ չհաստատել: ԱԺՄ ղեկավարի խոսքերով՝ եթե Սահմանադրությունը փոխվի այս տեսքով, դա նշանակում է, որ այս (սահմանադրական փոփոխությունների) հարցը փակվում է, եւ մոտակա տասը տարում նորից գտնվելու ենք մի Սահմանադրության շրջանակներում, որը չնչին տարբերություններ ունի նախորդի հետ: «Եվ մեր պայքարը կավարտվի ոչնչով»,- առաջարկվող նախագծին դեմ արտահայտվելու իր հիմնավորումներն այսպես է եզրափակում Վ. Մանուկյանը, ով գտնում է, որ նախագծի նկատմամբ բացասական վերաբերմունքը պետք է արտահայտվի այն բոյկոտելով: Իսկ ինչպե՞ս են հիմնավորում իրենց «այո»-ն հակառակ տեսակետն ունեցողները: Միավորված կոմունիստական կուսակցության (ՄԿԿ) ղեկավար Յուրի Մանուկյանի կարծիքով՝ «այո»-ի հիմնավորումը բնակչության յուրաքանչյուր խավի պետք է իրեն մատչելի ձեւով տրվի եւ համոզելու ստանդարտ մեթոդներն ամեն տեղ չեն աշխատի: «Պետք է նայել ամբողջ աշխարհին, տեսնել, թե նա ոնց է գնում, ու գնալ նրանց նման, այլ կերպ դուրս կմ նանք ցանկացած գործընթացից,- «այո»-ի իրենց հիմնավորումն է ներկայացնում ՄԿԿ առաջնորդը եւ հավելում,- աշխարհի շատ-շատ անկյուններում Սահմանադրության բարեփոխումների այս փաթեթը ողջունել են: Դա չի նշանակում, թե մեր իշխանությունները նրանց համոզել են, թե` եկեք մեր մնալու խաթեր մեր ժողովրդին ասեք, թե բարեփոխումները նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանը»: «Եթե դուք ինձ ասեք ինչո՞ւ «ոչ», ես դրա վրա ավելի շատ կարող եմ ժամանակ ծախսել եւ բացատրել, որ այդ «ոչ»-ը բոլորովին էլ կապ չունի «այո»-ի հետ»,- ասում է Յու. Մանուկյանը ու կարծիք հայտնում, որ «ոչ»-ը չի պատճառաբանվում, այն մի դեպքում` նեղացկոտ, մանկական հոգեբանության դրսեւորում է, մեկ այլ դեպքում` իշխանատենչության, աթոռապաշտության, երրորդ դեպքում` ցայտուն երեւում է արտաքին գործոնի առկայությունը: «Նման «ոչ»-երը հայ ժողովրդի համար չեն»,- սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու իրենց հիմնավորումն այսպես է ավարտում ՄԿԿ ղեկավարը: