– Երկար ժամանակով բացակայեցիր երկրից, սակայն գիտեմ, որ անգործ չես մնացել եւ դատարկ ձեռքերով չես վերադարձել ԱՄՆ-ից:
– Հայաստանից իմ մեկնելու պատճառը տեսահոլովակի նկարահանումներն էին, որոնք պետք է տեղի ունենային ԱՄՆ-ում: Այդ ընթացքում եւ Միհրանին, եւ ինձ նոր առաջարկներ եղան, նոր աշխատանքներ, որոնք շատ մեծ ջանքեր էին պահանջում, եւ արդեն մի քիչ անիմաստ էր տեսահոլովակ նկարահանել մի երգի հիման վրա, որի կենդանի կատարումը արդեն բազմիցս դիտվել էր ինտերնետային կայքերում: ԱՄՆ-ում ունեմ տասնյակ պայմանագրեր` տարբեր երգերիս կոմպոզիտորների հետ կապված: Շուտով սպասվում է իմ մենահամերգը, բնականաբար, կենդանի հնչողությամբ, որը տեղի կունենա հունվարի 30-31-ին` Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: Հենց համերգի օրն էլ տեղի կունենա իմ ձայնասկավառակի շնորհանդեսը: Զբաղվածության պատճառով Միհրանը չի կարող ներկա լինել, սակայն, եթե Միհրանը գար, համերգը, բնականաբար, տեղի կունենար Համալիրում: Ես այստեղ եմ արդեն երկու շաբաթ, սակայն Հայաստան վերադառնալուց երկու օր անց ես եւ մի խումբ երգիչներ` Հասմիկ Կարապետյանը, Միստր Իքսը, Գարիկը, «Վիտամինը» եւ Արամ MP3-ն մեկնեցինք Պարսկաստան, որտեղ շատ բարձր մակարդակի համերգ ունեցանք:
– Չե՞ս վախենում նախաեվրատեսիլյան ավանդական դարձած «հայկական խառնաշփոթից»:
– Միաժամանակ եւ վախենալու է, եւ վախենալու չէ: Բոլորիս հետ էլ ամեն ինչ պատահում է: Հետ չեմ վերցնում բոլոր այն խոսքերը, որոնք ես ասել եմ անցյալ տարվա «Եվրատեսիլի» նախընտրական փուլից հետո: Ես ասել եմ այն ամենն, ինչ կարծել եւ զգացել եմ այդ պահին: Այսօր ես համաձայնել եմ այն պարզ պատճառով, որ ինտերնետային կայքերում իմ երկրպագուները եւ բոլոր այն մարդիկ, որոնք իմ կողքին են եղել, հեռախոսազանգերով միշտ ասել են ու ասում են, որ ես պարտադիր պետք է գնամ եւ մասնակցեմ «Եվրատեսիլին»: Հանրային հեռուստաընկերությանը տված իմ «Այո» պատասխանը երկրպագուներիս համար է: Բացի այդ, թող բարձր չհնչեն իմ խոսքերը, պարզապես կարծում եմ, որ արժանի եմ ելույթ ունենալ նման բարձր բեմերից:
– Չե՞ս կարծում, որ Հ1-ը քեզ հրավիրելով՝ անցյալ տարվա գործած «մեղքերի թողություն» է խնդրում:
– Չգիտեմ, սա մեղքերի թողությո՞ւն է, թե՞ ոչ, բայց, որ առաջարկը հենց Հ1-ի ղեկավարության կողմից էր, այդ մասին հայտարարվեց օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Չեմ կարծում, թե նման ասուլիսից հետո եւս տեղի կունենա այն, ինչ անցյալ տարի: Այս տարի լինելու է երգի մրցույթ, եւ ես առիթից օգտվելով կոչ եմ անում իմ հայրենիքում եւ սփյուռքում գտնվող իմ երկրպագուներին, ովքեր հնարավորություն ունեն երգ գրելու` գրեք ինձ համար տարբեր ոճերի երգեր: Հաշվի ենք առնելու բոլորի կարծիքները` եւ լրագրողների եւ երկրպագուների, բոլոր նրանց, ովքեր կարող են ինչ-որ բանով օգնել: Շատ հնարավոր է, որ երգի ընտրությունից հետո մենք կապվենք նաեւ Միհրանի հետ, ով անչափ ուրախացավ` իմանալով «Եվրատեսիլում» իմ մասնակցության լուրը:
– Ճի՞շտ է, որ եկել ես Հայաստան` «Եվրատեսիլում» քո մասնակցության մասին իմանալուց հետո միայն:
– Ոչ, անկեղծ ասեմ, իմ մասնակցության մասին ես իմացել եմ ասուլիսից մի քանի օր առաջ միայն: Ես այնքան անպատրաստ էի, երբ ինձ արվեց այդ առաջարկը, որ անգամ չգիտեի` ինչ ասել: Եթե ես իմանայի այս հրավերի մասին, ավելի շատ բաներ կբերեի ԱՄՆ-ից: Միայն կարող եմ ասել, որ շատ մարտական եմ տրամադրված, քանի որ պատասխանատվությունս բազմապատկված է: Ես ամեն ինչ կանեմ հաղթելու համար: