Երգչուհի Էմմա Բեջանյանը (Էմմի) ԱՄՆ-ից վերադարձել է վերափոխված: Փոխվել է ոչ միայն նրա արտաքինը (որն ավելի հասուն կնոջ կերպարանքի է նմանվել), այլեւ` կյանքի ընկալումը: Նա այսօր առավել վստահ է, քան անցյալ տարի, քանի որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար նա այլեւս չի պայքարելու, այլ պարզապես` մեկնելու է գերմանական Դյուսելդորֆ քաղաք` 2011-ին Հայաստանը ներկայացնելու: Այդ մասին օրերս տեղեկացրել է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ով որոշել է երգչի նախնական մրցույթ չանցկացնել: «Էմմին վաղուց էր պատրաստ մասնակցել մրցույթի»,- ասաց նա` ավելացնելով, որ մնում է միայն Էմմիի համար լավ երգ ընտրել ու սատարել նրան: Մեկ տարի անհետ թռավ-անցավ, Էմմիի ու նրա մայրիկի՝ Նադեժդա Սարգսյանի վրդովմունքը` նույնպես: Անցյալ տարի նրանք խիստ նեղսրտած էին Հ1-ի մոտեցումից ու Եվա Ռիվասի հաղթանակը կասկածի տակ էին դնում` պատրաստվելով դատարանում վիճարկել «Եվրատեսիլի» նախնական փուլի արդյունքները: Գործը դատարան չհասավ, քանի որ բարոյական հատուցումը առավել քան արժեքավոր համարվեց: Էմմին ասուլիսի ընթացքում ասաց, որ բոլոր կասկածները փարատված են. «Այդ մրցույթի ընթացքում հեշտ էր ինձանից այդպիսի բաներ լսել: Ես հետ չեմ կանգնում իմ ասածներից, քանի որ իրոք վիրավորված եմ եղել: Բայց եթե այսօր այստեղ եմ, եկել եմ ու ելույթ եմ ունենալու, ուրեմն ամեն ինչ մոռացել եմ: Երբ խոսքը գնում է հայրենիքի մասին, մոռանում ենք ամեն ինչ, ինչ եղել է: Եվ ես պատրաստ եմ ներկայացնել մեր եռագույն դրոշը: Մենք «բարիշել» ենք»: Հաշտեցման («բարիշելու») փաստը արձանագրեց Ա.Հարությունյանը, ով գրկելով Էմմիին՝ նկատեց, որ նա առաջին տարուց սկսած «եվրատեսիլյան» թեկնածուների ցանկում է եղել: Ն. Սարգսյանը, ով նաեւ իր դստեր պրոդյուսերն է, ասաց, որ վոկալի առումով Էմմին խնդիրներ չունի, եւ մնում է միայն «Աստված կանչել, որ լավ երգ լինի»։ «Համոզված եղեք, որ եթե լավ երգ լինի, նա լավագույնս կներկայացնի»,- ասաց նա: Ամիսներ առաջ Ն. Սարգսյանը հիշատակում էր նաեւ այն գումարները, որոնք ծախսել է դստեր երգը պատրաստելու համար` նշելով, որ այդ ապարդյուն ծախսերը փոխհատուցման կարիք ունեն: Հիշեցնենք, որ Էմմին պատրաստվում էր եվրոպական երգի մրցույթում ելույթ ունենալ աշխարհահռչակ պարող Միհրան Կիրակոսյանի հետ, ով իր գործի մեջ կատարյալ վարպետության է հասել ու համատեղ շոուներ է բեմադրում գերաստղեր Մադոննայի, Փինքի, Բրիթնի Սփիրսի հետ: «Հանրային» ալիքի հրավերով նա Էմմիի հետ պատրաստվում էր նույն բեմում ելույթ ունենալ: Եվ բավական մեծ հիասթափություն ապրելով` ետ էր վերադարձել ԱՄՆ, կտրուկ ասելով, որ իր թանկ ժամանակը չի ուզում վատնել ետկուլիսյան պայմանավորվածությունների ու մեծ գումարներով կատարվող «լոբբինգի» դեմ պայքարելու վրա: Էմմին իր վերջին ասուլիսի ժամանակ չբացառեց, որ կարող է կրկին դիմել Միհրանի օգնությանը, սակայն թե որքանո՞վ է պատրաստ այդ հմայիչ ու փայլուն պարողը երկրորդ անգամ «նույն գետը» մտնել` դժվար է ասել: Էմմին պատրաստ է, մանավանդ, որ արդեն իսկ «քարտ բլանշ» է ստացել` մրցակիցներ չունենալու փաստը նրան տրվել է: