Ամերիկյան Յուտա նահանգում ամեն տարի տեղի է ունենում անկախ կինեմատոգրաֆի հայտնի «Սանդանս» փառատոնը, որը հիմնադրվել է դերասան ու ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդի կողմից` որպես «մեյնստիմյան» կինոյի հակակշիռ:
Իր գոյության տարիների ընթացքում «Սանդանսը» հսկայական հեղինակություն է ձեռք բերել, ու նրա «short list» հայտնվելը մեծ խթան է համարվում անկախ ռեժիսորների համար: Որպես կանոն՝ փառատոնը իր ծրագրերում ընդգրկում է դեբյուտային եւ սակավաբյուջե ֆիլմերը:
Այս տարվա «Սանդանսի» մրցութային ծրագում ընդգրկվել է ամերիկյան «Այստեղ» («Here») ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանում: Կարելի է ասել, որ ֆիլմի գլխավոր հերոսը հենց Հայաստանն է, քանի որ պերսոնաժների զույգը` հայուհի ֆոտոլրագրողն ու ամերիկացի քարտեզագրողը ինքնաբուխ որոշում են կայացնում ճամփորդել Հայաստանի ու Արցախի տարածքով` ճանապարհին տարաբնույթ արկածների հանդիպելով: Ռեժիսոր Բրեյդեն Քինգը (Braden King) «Այստեղը» նկարահանել է ճանապարհային ֆիլմի (road-movie) ժանրի օրենքներով: Հերոսները շրջագայում են` բացահայտելով եւ անծանոթ երկիրը, եւ սեփական ներաշխարհը: Ռեժիսորը, ով անցյալ տարի աշխատել է Հայաստանում ու նկարահանումների մեջ ընդգրկել հայաստանցի դերասաններին, իր ֆիլմի ծանուցման մեջ ընդգծում է, որ կա հողի ճշմարտություն, որը ճակատագրական է մարդու համար: Հայաստանը գլխավոր հերոս Ուիլլի համար դառնում է սեւեռուն նպատակ: Նա ցանկանում է լեռներով շրջապատված բնաշխարհը ներկայացնել գծագրական թվային ֆորմատով ու մեդիա-խաղ արարել: Լինելով 21-րդ դարի քարտեզագրող` նա փորձում է ժամանակակից մեդիա գործիքներն օգտագործել, եւ իր հետազոտման ընթացքում էմոցիոնալ լիցքեր է ստանում: Ֆիլմի հատվածները դիտելով` կարելի է նկատել, որ զուսպ ու մինիմալիստական տեսարանների մեջ շատ մեծ սիրո պաշար կա: Ներքին ու արտաքին ճանապարհորդությունները խաչվում են իրար, եւ հերոսներն էլ ստիպված են լինում այստեղ մնալու կամ այստեղից փախչելու միջեւ ընտրություն անել: Այդ երկընտրանքի առջեւ է կանգնում լուսանկարչուհի Կատարինեն, ում ծնողներն արտագաղթել են Հայաստանից, իսկ նա տուն վերադառնալու որոշում է ընդունել: Բրեյդեն Քինգը նշել է, որ իր համար շատ կարեւոր է եղել պատմության ներկայացման ձեւը. «Ֆիլմում ես օգտագործել եմ չբեմադրված էլեմենտները, որոնք երկու միայնակ հերոսները պետք է միասին վերապրեին ու վերջիվերջո` ռոմանտիկ հարաբերություններ հաստատեին»: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Զոե Կեւորկը (Zoe Kevork) նշել է, որ «ցանկություն կար Հայաստանի մոդեռն կյանքը ցույց տալ: Օտարի համար սա դեպի էկզոտիկ երկիր կատարած ռոմանտիկ արկած կլինի, իսկ հայերին հնարավորություն կտա իրենց գեղեցիկ երկիրը դիտարկել` օտարի տեսանկյունից»: Ֆիլմի պրոդյուսերներից են նաեւ Լարս Նուդսենը (Lars Knudsen) եւ Ջեյ Վան Հոյը (Jay Van Hoy)` իրենց «Parts and Labor» ընկերությամբ, Ջեֆֆ Գալուստյանը (Jeff Kalousdian), Ջուլիա Քինգը (Julia King):
Բրեյդեն Քինգի ֆիլմի հետ զուգահեռ՝ Հայաստանում նաեւ իմպրեսիոնիստական վիդեո-բացիկների շարք է ստեղծել ռեժիսոր Ավա Բերկովսկին: Հայկական բնաշխարհն ու մարդիկ դանդաղ հոսող ու հակիրճ մեկնաբանությունները ձեռք բերած HD-բացիկների են վերածվել, որոնք կարելի է դիտել համացանցում:
«Այստեղի» նկարահանումները բարդ են ընթացել, քանի որ Հայաստանի հեռավոր մարզեր ու սահմանամերձ գոտիներ այցելած բազմամարդ ստեղծագործական խումբը տարբեր խոչընդոտների է հանդիպել` սկսած հյուրանոցների որոնումներից, վերջացրած` Իրանի սահմանի վրա հանդիպած ռուս սահմանապահների դիմադրությամբ:
Ֆիլմի դերասանուհի Լյուբնա Ազաբալը (Lubna Azabal (Gadarine Najarian) հայաստանյան նկարահանումների մասին այսպես է արտահայտվել. «Դա զարմանալի էր: Սարսափելի: Շատ բարդ էր: Մենք առաջին ամերիկյան ընկերությունն էինք, որը երբեւէ աշխատել է Հայաստանում: Այստեղ ֆիլմ նկարահանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները զրոյական են, եւ մենք իսկական խենթերի նման էինք աշխատում: Իսկ մյուս կողմից էլ` դա պարզապես հրաշալի էր»: Դերասան Բեն Ֆոստերը (Ben Foster (Will Shepard) նշել է. «Մենք կարծես իսկապես չքարտեզագրված ու անհայտ մի տարածք էինք մուտք գործել: «Այստեղը» ֆիլմ է գաղտնիքի, հրաշքի մասին: Երբ սովորական մարդկային տրամաբանությունն այլեւս չի գործում, ի հայտ են գալիս հրաշքները: Մենք ոչինչ չգիտեինք, բայց մենք հասկանում էինք, որ իմանալը կարեւոր չէ, կարեւորը` զգալն էր: Մեր անձնական փորձառությունը տեղ գտավ ֆիլմում, եւ արդյունքում ֆիլմում ոչ միայն դժվար աշխատանքային պրոցեսը, այլեւ` մեր հայտնագործությունները տեղ գտան: Եվ Հայաստանի քարտեզն էլ կարծես դաջվեց մեր մարմինների վրա»:
«Այստեղ» ֆիլմը վավերագրական ճշգրիտ ֆոն ունի, հայաստանցիներից շատերը` ակամայից հայտնվելով ֆիլմի սյուժեի մեջ, Հայաստանի իրական (ոչ տուրիստական ու իլյուստրատիվ) պատկերն են ստեղծել: Եվ հենց այս ֆիլմի օրինակով կարելի է ապացուցել, որ կինոն ամենահզոր զենքն է, որը տարածում ու տիրաժավորում է պատկերները: Այսինքն` անում է այն գործը, որը պետական «PR»-ով զբաղվող կառույցներն են կատարում` գործի դնելով դիվանագիտական ու ֆինանսական ռեսուրսը: Ընդ որում` շատ հաճախ կինոն այդ նույն գործն անում է ավելի լավ, քանի որ կիրառվում է «ձնագնդու» էֆեկտը, ու մեկ անգամ նկարահանվածը տարբեր փառատոներում ցուցադրվելով` հայաստանյան իրական էթնոգրաֆիան է ճանաչելի դարձնում: Ինչպես նաեւ` հայերեն լեզուն է հնչեցնում էկրանից (հայախոս դրվագներում օգտագործվում են անգլերեն լուսագրերը): «Այստեղը» նկարահանվել է Հայաստանի հյուսիսում ու հարավում, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ հերոսները հայտնվում են ֆինալում: Եվ մինչ Կատարինեն փորձում է իր ազգությունը, նախնիների մշակույթը, պատմությունը անձնավորել ու հասկանալ հայրենիքը, Ուիլլը սեփական միայնության պատճառը գտնում է օտար հողում:
Պետք է նշել, որ Բրեյդեն Քինգը այս տարի ժամանակակից արվեստի «MօMA» թանգարանում ներկայացրել է «Այստեղ. Քնած պատմություններ» հիբրիդային համերգա-ֆոտոնախագիծը, որը նախորդել է ֆիլմի ստեղծմանը: Եվ այս նախագծի ընթացքում էլ ներկայացվել են Հայաստանի քարտեզները, վիդեո-բացիկներն ու պատկերաշարերը: