Հաջորդը Հայրապետ Հայրապետյա՞նն է

11/12/2010

ԱԺ ԲՀԿ-ական այլեւս նախկին պատգամավոր Արեւիկ Պետրոսյանի փոխարեն, մեր տեղեկություններով` ԱԺ պատգամավոր է դառնալու «Հայրապետյան եղբայրներ», «Եվրոմոթորս» եւ այլ ընկերության սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը` «BMW-ի Հայրոն»: Հիշեցնենք, որ Ա, Պետրոսյանը դեկտեմբերի 8-ին նշանակվել է ՍԴ անդամ: Հ.Հայրապետյանը ԲՀԿ համամասնական ցուցակում զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Նրանից առաջ ցուցակում կան եւս երեք հոգի` դերասան Գուժ Մանուկյանը, ԱԺ աշխատակից Արթուր Թամազյանը եւ «Մասիս նավթամթերք» ընկերության տնօրեն Տիգրան Ստեփանյանը: Սակայն վերջիններս, ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն կամ` արդեն ներկայացրել են: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ նոր պատգամավորի թեկնածուի հարցը դեռեւս չեն քննարկել: Հիշեցնենք նաեւ, որ 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Հ. Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրել էր իր թեկնածությունն Արաբկիր համայնքում, սակայն չէր ընտրվել: