«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կանխատեսմամբ` ապագա խորհրդարանում հայտնվելու են «հին ուժերը եւ մեկ-երկու նոր ուժ»: Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի «հին ու նոր ուժեր» ասելով, նա պատասխանել է. «Գիտեմ, որ Հայաստանում մոդա չէ «չգիտեմ» ասելը, բայց ասում եմ՝ չգիտեմ»: Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, եթե ընդդիմությունն ու հասարակությունը ուզում են առաջիկա ընտրությունների ժամանակ հաջողության հասնել, պետք է «Ժառանգություն», ՀԱԿ եւ ՀՅԴ եռյակը եզրեր գտնի: «Եթե ոչ՝ քաղաքական բեկումնային արդյունք մենք չենք տեսնելու»,- ասել է նա: Նրա դիտարկմամբ` 2011թ. գործընթացներն ավելի ակտիվորեն կմտնեն նախընտրական տրամաբանության մեջ: «Կարծում եմ` հաջորդ տարվանից դուք կտեսնեք բյուրեղացում, եւ քաղաքական ուժերը հաջորդ տարվանից շատ ավելի սառը դատողությամբ կկատարեն ինքնագնահատական եւ հաջողության հասնելու հնարավորություն կստեղծեն»,- ասել է Ր. Հովհաննիսյանը` հավելելով, թե «Ժառանգությունը» ոչ միայն ներկայացված կլինի հաջորդ խորհրդարանում, այլեւ կունենա «առաջամարտիկի աշխույժ եւ ակտիվ ներկայություն»:
Ի դեպ, Ր. Հովհաննիսյանն` անդրադառնալով Երեւանի քաղաքապետի հնարավոր թեկնածուներին, ասել է, որ իր կարծիքով Երեւանի քաղաքապետ է դառնալու Տարոն Մարգարյանը: