Թիկունքից հարվածելու փորձ

11/12/2010

«Այդ հրապարակումները սուտ են ու ստոր: Թիկունքից հարվածելու խնդիր են հետապնդում: Որոշակի ուժեր, օգտվելով առիթից, պղտոր ջրի մեջ ուզում են ձուկ բռնել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերին: Պատգամավորը հերքեց, թե Կ.Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ կապված նախագահի արարողակարգային վարչության աշխատակից Արամ Կանդայանի եւ արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի միջադեպի հետ: «Համոզված եմ, որ հասարակության մեջ Կ.Կարապետյան մարդու տեսակը բավականին դրական է գնահատվում: Եվ նա հարգված է իր աշխատակազմում ու լիարժեք վերահսկում է իրադրությունը»,- ավելացրեց Հ.Սահակյանը: Իսկ պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ հավելեց. «Ինչ-որ ուժեր կան, ովքեր ուզում են վարկաբեկել Կ. Կարապետյանին, բայց դա նրանց չի հաջողվի»: