Դե յուրե կճանաչենք

11/12/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ելույթ է ունեցել, որտեղ խոսել է նաեւ ՀԱՊԿ պայմանագրի ու կանոնադրության մասին` նշելով, որ առաջարկված փոփոխությունները ոչ միայն էականորեն ընդլայնում են այս կամ այն ճգնաժամային իրավիճակներին արձագանքմանն ուղղված Կազմակերպության գործիքակազմը, այլեւ կարգավորում են իր շրջանակները եւ ընդլայնած սպառնալիքների վերացմանն առնչվող միջոցառումների ձեռնարկման եւ մշակման հարցերը: «Երկրորդ կարեւոր պահը, որի վրա ես կցանկանայի կենտրոնացնել ուշադրությունը` մեր Կազմակերպության փաստաթղթերում սահմանափակ ձեւաչափով որոշումներ կայացնելու հնարավորության ամրապնդումն է: Այս տարվա գարնան-ամռան ողբերգական իրադարձություններն ի հայտ բերեցին իրավական բաց, որը փաստացի արգելափակեց ՀԱՊԿ գծով անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հետ կապված օպերատիվ որոշում կայացնելու հնարավորությունը: Վստահ եմ, որ նման որոշումների կայացման գործող մեխանիզմի առկայությունը, նախազգուշական արձագանքման մեխանիզմի հետ մեկտեղ, թույլ կտա ապահովել Կազմակերպության ներուժի իրականացումը ճգնաժամային իրավիճակի ամենավաղ փուլում` չթողնելով, որ այն անցնի ակտիվ փուլի: Հավասարապես կարեւոր նշանակություն եմ տալիս այսօրվա նստաշրջանում ընդունված` գործող իրավական բազայի կատարելագործմանն ուղղված այն փաստաթղթերի փաթեթին, որոնք կանոնակարգում են հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների ձեւավորման եւ գործարկման կարգավիճակն ու հաջորդականությունը, ինչպես նաեւ դրանց կիրարկման համար որոշումների ընդունման կարգը: Այն հատկապես կարեւոր է արագ արձագանքման հավաքական ուժերի լիարժեք գործարկման ապահովման լույսի ներքո: Իսկ դա, իր հերթին, մեծացնում է ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ Խորհրդի կողմից նորմատիվ իրավական ակտերի ընդունման կարեւորությունը, որոնք պատրաստվել են ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գծով: Մենք հաճախ ենք խոսում մեր երկրների արտաքին քաղաքականության սկզբունքային հարցերի ուղղությամբ մեր գործողությունների կոորդինացիայի մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ կարեւոր քայլ հանդիսացավ ՀԱՊԿ-ում որպես նախագահող հանդես գալու վերաբերյալ Ղազախստանի թեկնածությանը համախմբված աջակցության մասին մեր որոշումը: Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նուրսուլթան Աբիշեւիչին` Աստանայի գագաթաժողովի հիանալի կազմակերպման եւ այս կարեւոր կազմակերպության գործունեությանը նոր խթան հաղորդելուն ուղղված մեծ ջանքերի համար: Աստանայում անցկացված գագաթաժողովը ակներեւաբար ցուցադրեց ՀԱՊԿ-ի առջեւ ծառացած օրակարգային հարցերի արդիականությունը, նրա ձեւաչափում խոր եւ որակական քննարկումների անհրաժեշտությունը: Աստանայի գագաթաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների միջեւ ընդունվեց հնգակողմ հայտարարություն: Դրանում խոսվում է այն մասին, որ բանակցությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման փնտրտուքները ազգերի միջեւ կայունության, հաստատուն խաղաղության, փոխըմբռնման ոչ այլընտրանքային ճանապարհ են համարվում: Ընդգծվել է հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը` ՄԱԿ կանոնադրության եւ ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի հիման վրա, Ակվիլայում եւ Մուսկոկայում համանախագահող երկրների հայտարարության ոգով: Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի վարչապետը եւ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեցին ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին, այն մասին, որ այդ առաջարկվող տարրերը որոշվել են որպես մի ամբողջություն, եւ դրանց մի մասը` ի վնաս մյուսների գերադասելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հավասարակշռված լուծման հասնելը: Գագաթաժողովի իմ ելույթում ես գրեթե կրկնեցի այն, ինչ բազմիցս ասել եմ մեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Այսինքն, որ Հայաստանը կտրականապես դեմ է հարցը ռազմական ճանապարհով լուծելուն եւ Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան դե յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով: Վստահ եմ, որ եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ լցնելու ուղղությամբ մեր հետագա ջանքերը եւ այսօր քննարկման ու ընդունման պատրաստված փաստաթղթերը ուղղված կլինեն տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ամրապնդման գործում ՀԱՊԿ իրական ներդրման բարձրացմանը»,- իր ելույթում ասել է Ս. Սարգսյանը: