Կրթություն ունենք, աշխարհը չունի

11/12/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Սա՝ բառի բուն իմաստով։ Այն, որ մեր կրթական համակարգն աշխարհում հավասարը չունի, հաստատվեց երկու օր առաջ՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2010» տարեկան զեկույցով։ Իհարկե, առաջին տեղում լինելը միշտ չէ որ լավ է, մանավանդ, եթե դա վերաբերում է կոռուպցիային։

Այն, որ կոռուպցիան մեզանում համատարած է, եւ դրա դեմ պայքարը հիմնականում աչքակապություն է, Հայաստանում բոլորը գիտեն. դրա համար զեկույց կարդալ պետք չէ։ Սակայն զեկույցը երեւան էր հանել ամենավտանգավոր կետը այս իրավիճակում`՝ ամենակոռումպացված ոլորտը հայաստանցիների համար կրթությունն է։ Ընդ որում՝ այս ցուցանիշով մենք բացարձակ ռեկորդակիր ենք։ Սա չափազանց լուրջ ահազանգ է։ Մամուլը դրան անդրադարձավ, սակայն այս թեման մնաց արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպի ստվերում։ Նախ նշենք, որ հարցումը Հայաստանում անցկացվել է 2010թ. հունիսի 10-20-ը` սոցիոլոգիական հարցումներ եւ մարկետինգային ուսումնասիրություններ իրականացնող ռուսական «Ռոմիր» հոլդինգի կողմից, որը «Գելափ Ինթերնեշնլի» պաշտոնական գործընկերն է Ռուսաստանում: Հարցման ընտրանքը կազմել է 1,000 տնային տնտեսություն, որպես հարցման ձեւ ընտրվել է հեռախոսային հարցումը: Հարցվողների ուղիղ կեսի կարծիքով՝ հանրապետությունում վերջին երեք տարիների ընթացքում կոռուպցիայի մակարդակն աճել է, եւ միայն 15 տոկոսն է գտնում, որ այն նվազել է, իսկ ըստ մնացած 35 տոկոսի` կոռուպցիան մնացել է նույն մակարդակի վրա։ Սա արդեն խոսում է այն մասին, որ բնակչությունը չի հավատում տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ մղվող «պայքարին»։ Հայաստանում կոռուպցիայի դեմ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը համարել է անարդյունավետ հարցվողների 53 տոկոսը, իսկ արդյունավետ` 27 տոկոսը: Մնացած 20 տոկոսի կարծիքով՝ ոչինչ չի փոխվել: «Այս առումով կարելի է համարել, որ Հայաստանը գրանցել է որոշակի հետընթաց նախորդ տարվա համեմատ, քանի որ անցյալ տարի իշխանությունների քայլերն անարդյունավետ էր համարել՝ հարցվողների 48, իսկ արդյունավետ` նրանց 38 տոկոսը»,- գրված է զեկույցին կից հաղորդագրության մեջ։

Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ ետընթաց է արձանագրվել բոլոր ոլորտներում անխտիր։ Համեմատելով Հայաստանի այս տարվա տվյալները նախորդ տարվա հետ այն բոլոր հաստատությունների եւ ոլորտների համար, որոնք ընդգրկված են եղել եւ այս, եւ նախորդ տարվա հարցումներում, կարելի է արձանագրել, որ այս տարի համարյա բոլոր ոլորտները ավելի կոռումպացված են ընկալվել, քան նախորդ տարի: Անհամեստաբար նշենք, որ միակ բացառությունը լրատվամիջոցներն են, որոնց կոռումպացվածության ընկալման աստիճանը մնացել է անփոփոխ։

Այժմ վերադառնանք կրթական ոլորտին։ Զեկույցի հեղինակներն իրենք առանձնացրել են Հայաստանում այս ոլորտը, քանի որ «նախանձելի» կոռումպացված է. աշխարհում հավասարը չունենք։ «Հարցված համարյա ոչ մի երկրում կրթական համակարգը չի ընկալվում որպես ամենակոռումպացված ոլորտ, եւ երկրորդ, ոչ մի երկրում նշված համակարգը այդքան «բարձր միավոր» չի հավաքել (4.2), որքան Հայաստանում (գնահատման սանդղակը 1-5-ն է, որտեղ 1-ը նշանակում է ընդհանրապես չկոռումպացված, իսկ 5-ը` լիովին կոռումպացված)»,- նշված է զեկույցում։ Կոռումպացվածության առումով հայաստանցիները 2-րդ եւ 3-րդ տեղերում դասել են ոստիկանության եւ դատական համակարգը՝ յուրաքանչյուրին տալով 4.1 միավոր։ Ամենաքիչ կոռումպացվածը, ըստ հարցման մասնակիցների, կրոնական կազմակերպություններն են։ Կոռուպցիան ընդհանրապես բացասական երեւ՛ույթ է, սակայն, երբ այն տիրում է կրթական ոլորտում, ավելին՝ երբ կրթական ոլորտն ամենակոռումպացվածն է, դա արդեն ողբերգություն է։ Այն պարզ պատճառով, որ ոչ մի հույս չկա, թե կոռումպացված համակարգում կրթված (կամ՝ իբր կրթված) գալիք սերունդը ապագայում ինչ-որ լուրջ քայլեր է անելու իրավիճակը շտկելու համար։ Ինչ տեսնում են, այն էլ սովորական է դառնում։ Ընդ որում, մեզանում կրթության ոլորտի կոռուպցիայի մասին խոսելիս ամենից հաճախ հիշատակում են դպրոցները, սակայն այս առումով «դպրոցական կոռուպցիան» այդքան էլ վտանգավոր չէ, քանի որ այդ կոռուպցիոն գործընթացներում ներգրավված են ծնողները։ Իսկ բուհերում, որտեղ պատանին կայանում է, համատարած կոռուպցիան ազդում է նրա աշխարհայացքի ձեւավորման վրա եւ դառնում նրա մտածելակերպի մի մասը։ Շաբաթներ առաջ վարչապետը խիստ քննադատության ենթարկեց կրթության եւ առողջապահության նախարարներին՝ նշելով, որ այնտեղ կոռուպցիան տարածված է։ Այնպիսի տպավորություն էր, որ մեր իշխանությունները նոր են հայտնվել Հայաստանում։ Մինչդեռ նույն միջազգային զեկույցների մակարդակում մեր կրթական ոլորտն առաջին անգամ չէ, որ հայտնվում է խայտառակ վիճակում։ 2007 թվականին կրթական ոլորտում տիրող կոռուպցիայի մասին հետազոտություն էր կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Արդյունքները սպասելի էին, ողջ ԱՊՀ-ում միայն բուհերում շրջանառվող կաշառքները հասնում էին հարյուրավոր միլիոն դոլարների։ Սակայն մենք, ինչպես միշտ, մեր ուրույն տեղն էինք գրավել։ «ԱՊՀ-ում սնկերի նման աճում են ֆիկտիվ համալսարանները, որոնք առաջարկում են վճարովի, կեղծ դիպլոմներ։ Կեղծ փաստաթղթերի առքուվաճառքի առումով հետազոտության հեղինակները առաջատար համարում են Հայաստանին»,- այս առիթով գրել էր «թՈջպՑՈ.ru»-ն։ Նշենք, որ «կեղծ» ասելով՝ նկատի ունեն ոչ թե կեղծ կնիքով կամ համակարգչով պատրաստված դիպլոմները (չնայած նման դեպքեր էլ են եղել), այլ այն, որ լիովին օրինական հիմունքներով գրանցված եւ գործող կոոպերատիվ բուհը դիպլոմ է տրամադրում այն մարդկանց, ովքեր 4 տարվա մեջ 4 անգամ էլ համալսարան չեն գնացել, սակայն պարտաճանաչ կերպով մուծել են բոլոր ֆորմալ եւ ոչ ֆորմալ վճարները։ Նման կարգի դիպլոմներ ունեն, օրինակ, մեր հանրապետության ճանապարհային ոստիկանների մեծ մասը։

Հանուն արդարության պետք է նշել, որ վերջին տարիներին մասնավոր բուհերում տիրող խայտառակությունը փոքր-ինչ կանոնակարգվել է, եւ հիմա այնքան էլ հեշտ չէ «ափաշքյարա» դիպլոմ վաճառել կամ գնել։ Բայց փոխարենը՝ լայն տարածում է գտել մեկ այլ՝ ավելի «բարձր» երեւույթ՝ ակադեմիկոսների կոչումներ գնելը կամ նվեր ստանալը։ Խոսքը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին չէ, այլ՝ չգիտես որտեղ գրանցված վեհաշուք անուններով միջազգային «ակադեմիաների», որոնց այստեղի «ֆիլիալները» գիտնականի պատվավոր կոչում են տալիս տվյալ բնագավառի հետ կապ չունեցող, կամ գիտության հետ ընդհանրապես կապ չունեցող, կամ, որ ավելի զավեշտալի է՝ մտավոր շեղումներ ունեցող մարդկանց։ Դե, թեկնածուական աստիճանի մասին չենք խոսում, քանի որ ամեն իրեն հարգող քիչ թե շատ նորմալ պաշտոնյա հարկ է համարում գիտության թեկնածուի վկայական ձեռք բերել։ Ավելորդ է նշել, որ նշված այս վերջին «կայֆերը» բնորոշ են, այսպես կոչված, էլիտային՝ հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդկանց։ Իսկ դա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա, քանի որ ակադեմիկոսի կոչում նվեր ստացած մարդը լավության տակից դուրս է գալիս՝ բնականաբար, իր պաշտոնական դիրքի շնորհիվ։ Իսկ երբ ամենավերեւներն են այս ձեւով «պայքարում» կոռուպցիայի դեմ, ապա կաշառակերության համար դպրոցի տնօրենի կամ դասախոսի դատելը ընդամենը վատ բեմադրված թատրոն է հիշեցնում։ Համեմատություններ անել սիրող մեր հայրենակիցների համար նշենք, որ հարեւան Ադրբեջանում կրթական ոլորտի կոռուպցիան, ըստ ԿՀԲ-ի, զգալիորեն զիջում է Հայաստանին՝ 3.3 միավոր։ Իսկ վերը հիշատակված ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում Ադրբեջանի մասին գրված էր բառացիորեն հետեւյալը. «ԱՊՀ-ի մռայլ ֆոնին միակ բացառությունը համարվում է Ադրբեջանը»։

Իսկ մենք ուզում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն զարգացնել եւ ետեւում թողնել տարածաշրջանի մեր հարեւաններին։ Դա առայժմ հաջողվում է միայն մի տեսանկյունից՝ բացասական երեւույթների։