Եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը

11/12/2010

Երեկ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի եզրափակիչ՝ բանավոր փուլը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ 1950թ. 423 (V) բանաձեւի համաձայն, բոլոր պետություններին եւ շահագրգիռ կազմակերպություններին կոչ արեց դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների օր: Այդ օրը նշանավորում է 1948թ. ասամբլեայի կողմից ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարեդարձը: Այդ իսկ պատճառով, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան եւ Հոլանդական Ստրիչտինգ Օքսֆամ Նովիբ հիմնադրամը կազմակերպում են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի ընդունման 60-ամյակին նվիրված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողով, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին: Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր եւ բանավոր: Մասնակցելու հայտ էին ներկայացրել 14 ուսանողներ՝ Երեւանից եւ ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից եւ բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գրավոր փուլին մասնակցեցին 8 իրավաբան ուսանողներ: Ներկայացված 5 լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցելու բանավոր փուլին, որի ընթացքում ներկայացրեցին իրենց զեկույցները, որոնցում անդրադարձել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, ընդդեմ ՀՀ կայացրած ՄԻԵԴ-ի վճիռներին եւ դրանց կատարման գործընթացին: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր անդամներից կազմված ժյուրիի կողմից, որոնց թվում էին փաստաբաններ Դավիթ Աբգարյանը, Արթուր Գրիգորյանը եւ Մարատ Ատովմյանը:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում» խորագրով իրավաբան ուսանողների հանրապետական ուսանողական գիտաժողովի բանավոր փուլի հաղթող եւ լավագույն հռետոր ճանաչվեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Թադեւոսյանը եւ արժանացավ գիտաժողովի երրորդ մրցանակին: «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ ԵՊՀ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Հարությունյանը եւ արժանացավ գիտաժողովի 2-րդ մրցանակին: Իսկ գիտաժողովի հաղթող դարձավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտոնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Գեւորգ Հակոբյանը: Հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ եւ հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները եւս արժանացան մասնակցության հավաստագրերի եւ մրցանակների:

Ի դեպ, նախօրեին` դեկտեմբերի 9-ին, ՀԵԻԱ գրասենյակում տեղի էր ունեցել նաեւ «Կոռուպցիայի դրսեւորման ժամանակակից եղանակները եւ դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովը: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի` 2003թ. հոկտեմբերի 31-ի թիվ 58/4 որոշման համաձայն, դեկտեմբերի 9-ը ճանաչվել է միջազգային հակակոռուպցիոն օր: Նշված որոշման նպատակն է` բարձրացնել հանրության իրազեկությունը կոռուպցիայի վերաբերյալ եւ մեծացնել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ կանխարգելման գործում: