Անկախ Հայաստանի ապագա զինվորները

11/12/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Փոքրամարմին, մրից սեւացած Արմենն իր ձեռքերով կացնով կոտրատած ձմեռվա փայտը կոկիկ դասավորում է: Նա ողջ մարմնով ճկվել է իրենց տնակից մի ոտնաչափ այն կողմ գտնվող խորդանոցում ու փայտերը դասավորելու աշխատանքի մեջ խորացած` չի էլ նկատում ուրիշների ներկայությունը: Խորդանոցը ճիշտ նույն շան բնի նման շինություն է, որտեղ պարբերաբար հորն օգնության են գալիս չորս մանկահասակ երեխաները: Տնակի շուրջ, նեղլիկ բակում ամբողջ ընտանիքով այս ու այն կողմ են գնում, ինչ-որ բաներ են տանում-բերում: Մանավանդ փոքրիկների ջանասեր իրարանցումն ինձ հիշեցնում է ծանրությունից «կուզիկ» դարձած աշխատասեր մրջյունների մասին մուլտֆիլմերի տեսարանները: Բոլորը լուռ են ու լռության մեջ միմյանց անխոս հասկանում են: Տնակի մերձակայքում կենցաղից հոգնած լռության մեջ այնքան են տարված իրենց աշխատանքով, որ մինչեւ մթնելը կարող է նույնիսկ չնկատեն իրենց կողքին կանգնած անծանոթ մարդուն: «Բարեւը» հետաքրքիր երեւույթ է. կամ քո առաջ դուռ է բացում, կամ փակում է: «Բարեւ»-ից հետո այս տնակներում ապրող մարդկանց պատմությունները սուր ոսկորի նման կանգնում են կոկորդիդ: Արմենն, արդեն 20 տարուց ավելի, չգիտի՝ ի՞նչ բան է հանգիստն ու անհոգ կյանքը: Հոգնածությունն ու կյանքից հիասթափությունը ծորում է նրա հայացքից: «Բարեւ»-իցս անակնկալի եկած Արմենը մի տեսակ կասկածանքով ու ինքնապաշտպանական ագրեսիվությամբ նայում է իմ կողմը: «Ամեն ինչն էլ իմ ձեռքով եմ սարքում: Էս տարածքը հատուկ փետերի համար եմ սարքել: Փետն էլ ստեղից-ընդեղից հավաքում եմ, որ երեխեքը չցրտահարվեն: Դոմիկում փետ վառելը գիտե՞ք ոնց ա. ստեղ վառում ես` ընդեղ ցրտում ա»: Արմեն Առաքելյանն ու կինը` Լուսինեն, արդեն 12 տարի եւ ավելի ապրում են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի տնակային աննկարագրելի պայմաններում: Արմենին հարցնում եմ` «Քանի՞ տարեկան եք»: Երկար մտածելով, «գցել-բռնելով»՝ ասում է` «Հըմ… 35, է՜… թու… մոռացել եմ տարիքս: Եթե չեմ սխալվում` 36 եմ»: Հազար ու մի թիթեղներով ծածկված ու կարտոններով կարկատած տնակում ապրելն իսկական պատիժ է ցանկացած մարդու համար: Ներս մտնելուն պես տրամադրությունդ ընկնում է: Մութ, տաղտկալի ու ահավոր ճնշող է:

 

Արմենն ու Լուսինեն այս տնակում 4 երեխա են լույս աշխարհ բերել, ու դժվար է պատկերացնել նման պայմաններում մեծացող երեխաների ապագան: Լուսինեն ասում է. «Երեխեքը գիշերօթիկում են սովորում, էնտեղ սնվում են, մնում են մինչեւ շաբաթ-կիրակի»: Երեխաներից Գագիկը մանկուց հաշմանդամ է, որի համար պետությունը 14.000 դրամ թոշակ է հատկացնում: Հարցնում եմ` ինչպե՞ս եք ապրում: «Դե՛, որ հարցնում եք… մարդ չգիտի՝ ոնց պատասխանի: Ո՞նց պիտի… խանութներին պարտքերով, դեսից-դենից մի բան ճարում ենք: Լույսի փող ա, հացի փող ա … ու վերջ: Երեխեքի սնունդը հիմնականում դպրոցում ա, թե չէ` տանը սովամահ կլինեին»,- ասում է Լուսինեն: 6 հոգանոց ընտանիքը ստանում է 43.000 դրամ ընտանեկան նպաստ: Լուսինեն ասում է, որ 2 տարեկան Նինայի խնամքը խանգարում է աշխատանք գտնելուն: Աշխատանք գտնելը Վանաձորում հեշտ չէ, նույն թաղամասի բնակիչների մեծամասնությունը գործազուրկ է, աշխատանքը օրախնդիր է: Արմենը Վանաձորի գյուղմթերքի շուկայում բեռնասայլակ է աշխատեցնում: Ասում է` «Դե՛, ի՞նչ ասեմ… Խուլիգանություն չեմ անում, գողություն չեմ անում, ընդամենը «կաշկա» եմ քշում, որ երեխեքիս հաց առնեմ: Կյանք ա, էլի, հո միշտ էս վիճակում չե՞նք եղել: Մենք էլ ենք լավ ապրել, լավ հագնվել, կարգին մարդու տպավորություն ենք թողել: Հիմա էս օրին ենք…»: Շուկայում բեռնասայլակ քշելով` Արմենը հազարից մեկ վաստակում է 2000 դրամ: Պատահում է` ընդհանրապես չի վաստակում: Չնայած ծայրաստիճան թշվառության մեջ են ապրում, այդուհանդերձ, Արմենը հպարտության ու արժանապատվության զգացումով լի է, չի բողոքում, լավատես է… Հարցնում եմ` «Ինչի՞ կարիք ունեք»: Ժպտալով պատասխանում է` «Ոչ մի բանի, ամեն ինչ նորմալ ա: Կարողանում եմ ընտանիք պահել»: Լուսինեին եմ հարցնում` «Ինչի՞ կարիք ունեք»: Պատասխանում է` «Երեխեքս կոշիկ չունեն, որ դպրոց գնան: Ավելի լավ ա հարցրեք` ինչի՞ կարիք չունեք»: 6-ամյա Արտակն ամողջ խոսակցության ընթացքում կծկվել է տնակի ջարդուխուրդ եղած պահարանի դիմաց ու անհամբեր սպասում է հյուրերի հեռանալուն: Հարցնում եմ` «Արտակ ջան, ինչի՞ ես թաքնվել էստեղ, արի մի քիչ խոսենք»: Փոքրիկ տղան 2 մետրանոց տնակում հարմար տեղ է փնտրում իրեն «կորցնելու» համար: Հարցնում եմ` «Իսկ դու ի՞նչ երազանք ունես»: Արտակը շփոթված հարցնում է` «Ի՞նչ…»: Կրկնում եմ` «Երազանք ունե՞ս»: «Ի՞նչ…»,- նորից հարցնում է: Նա չի հասկանում երազանքն ինչ բան է, ինչ բան է վաղվա օրվա հեռանկարն ու ապագան: Առաջին դասարանցի այս տղան լույսը բացվելուն պես լծվում է ծնողների հետ կենցաղային հոգսերը հոգալու գործին: Փայտ է կոտրում, ջուր է կրում, վառարան է վառում, պարտքով հաց է վերցնում ու դպրոց է գնում պատառոտված, ամառային կոշիկներով: Մանկուց հաշմանդամ Գագիկն առհասարակ չի խոսում: Արմենենց տանը մանկական խաղալիք չկա:

Արմենի եւ Լուսինեի 3 տղաները մոտ 10 տարի հետո կզորակոչվեն բանակ: Սակայն, արդյոք նման անառողջ, սոցիալական ծանր պայմաններում` անհաց, անշոր գոյատեւող տղաները զինվորական ծառայության համար պիտանի կլինե՞ն: Ավելին, Վանաձորի տնակային թաղամասերի երեխաների մեծ մասը նույն վիճակում են: