Շնորհակալությո՛ւն, Պլասիդո Դոմինգո։ Եվ… բիս։

11/12/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Եթե Երեւանում համերգ չտար աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն, եւ եթե Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը լիներ դասական երաժշտության երկրպագու, տենորի համերգին ներկայանար անձամբ, այս պատմությունը չէր լինի: Վաղուց արդեն մոռացվել էր նրա թիկնապահների կողմից որդուն վիրավորած դասընկերոջ հրապարակային ծեծը: Արդեն քչերն են հիշում մեր մյուս օլիգարխի` Լեւոն Սարգսյանի թիկնապահների կողմից «Օդնոկլասսնիկ» սրճարանում տեղի ունեցած երկու երեխաների հոր սպանությունը: Երկու դեպքում էլ, փոքրիկ հիշեցում, որեւէ մեկը չպատժվեց: Ամեն ինչ հրաշալի էր: Եթե միայն Երեւանում համերգ չտար այդ ատելի տենորը` Պլասիդո Դոմինգոն, որը ճակատագրական եղավ շատերի համար: Հետաքրքիր էր, որ համերգը պաշտոնյաների կամ նրանց կանանց համար ընդամենն առիթ էր` վայելելու երկրի նախագահի անմիջական հարեւանությունը: Նախագահի արարողակարգի հանդուգն աշխատակիցը, սակայն, փորձեց քաղաքապետի տիկնոջն ու նրա ընկերուհուն հիշեցնել` ում տեղը որտեղ է:

Այն դեպքում, երբ նա իր աշխատանքային պարտականությունն էր կատարում: Քաղաքապետը դա չներեց: Արարողակարգի ղեկավարին ծեծեց սեփական ձեռքերով: Ի դեպ, հիշեցնենք, որ արարողակարգի աշխատակիցների ցուցումներին, որպես կանոն, հետեւում են նաեւ Նախագահները:

Բոլոր լրատվական հաղորդումները, Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պատմությունը ներկայացնելուն զուգահեռ` ցուցադրում են նաեւ 2008թ. արխիվային կադրերը: Քրիստոսի ծնունդից հետո հենց 2008թ. դեռեւս ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համաժողովրդական ինքնաբուխ հանրահավաքի, հետո արդեն` երդման արարողության ժամանակ, քիչ ավելի ուշ` ՀՀԿ համագումարում հայտարարում էր, որ զոռբայությունը, պետության գործառույթները ստանձնելը, լկտիությունը եւ նման այլ արատները անհանդուրժելի են: Այս տրամաբանությամբ` անհանդուրժելի համարվեց Երեւանի քաղաքապետի արարքը:

Եվ ահա, ի հաստատումն վերոնշյալ ելույթների, խոսեց նախագահի խոսնակը, ով աշխարհի բոլոր իրադարձությունների եւ հարցերի համար սովորաբար ունի երկու սպառիչ պատասխան` «այո» կամ «ոչ»: Նա հնչեցրեց ամբողջ երկու նախադասություն: Ըստ այդմ` նախագահի արարողակարգի ղեկավարին չեն առեւանգել, փախցրել են, եւ ծեծը եղել է ոչ այնքան դաժան, որքան նկարագրվում է, այլ թեթեւ դաժանությամբ: Կարճ ասած` նման բան եղել է:

Քանի որ մեր իրականությունն այնպիսին է, որ դժվար է հավատալ, որ Գագիկ Բեգլարյանին հրաժարական է պարտադրվել՝ ինչ-որ մեկին, թող որ անգամ ՀՀ նախագահի արարողակարգի աշխատակցին, ծեծելու համար, քաղաքական գործիչներն ու որոշ ռուս վերլուծաբաններ ավելի խոր արմատներ են փնտրում: Դիցուք, արդեն նախկին քաղաքապետի կապը հայտնի Պզոյի հետ, Լուժկովի հետ կասկածելի գործարքների հնարավորությունը, եւ այլն:

Սակայն նման վարկածները քիչ հավանական են թվում այն հիմնավորմամբ, որ Բեգլարյանին պաշտոնանկ չեն արել անմիջապես, նրա դեմ քրեական գործ չի հարուցվել, այլ նրան հնարավորություն է տրվել ներողություն հայցել տուժողից: Ինչը, ինչպես հասկացանք, չի արվել:

Ամեն դեպքում, այս օրերին կատարվածը գնահատվում է որպես մեկ քայլ առաջ` անկախ պաշտոնանկության մոտիվից: Հուզված են քաղաքական գործիչները, երեւանաբնակները: Տեղի է ունեցել աննախադեպ մի բան. բարձրաստիճան պաշտոնյան հանցագործություն է կատարել եւ արժանացել նախագահի կոշտ գնահատականին: Մինչդեռ իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարեց, որ միջադեպի կապակցությամբ պետք է քրեական գործ հարուցվեր. «Սա քրեական հանցագործություն է, ի՞նչ կապ ունի պաշտոնանկության հետ»:

Հեռուստաընկերությունները ժրաջանորեն ներկայացնում են երեւանցիների կարծիքները. մեկը գոհ է քաղաքապետից, շատերը` դժգոհ, բայց բոլորը համակարծիք են` պատիժն արդարացի է: Սակայն իրո՞ք այդքան արդարացի է: Նախ` շնորհակալությունները երկրի նախագահի հասցեին այս դեպքում այնքան էլ տեղին չեն, որովհետեւ նա կատարել է իր պարտականությունը: Եվ հետո, մինչ իր համաձայնությունը տալը, որ քաղաքապետ դառնա հենց Գագիկ Բեգլարյանը, նախագահը հրաշալի գիտեր նրա հնարավորությունները (այն, որ նա կարող է հանգիստ հաշվեհարդար տեսնել իր որդու հետ կոնֆլիկտ ունեցող երեխայի հետ, որ հսկայական կարողությունների տեր է, եւ այլն): Սրանք պետական պաշտոնյային զարդարող լավագույն արժանիքները չեն: Եվ հետո, արդարացի են բոլոր նրանք, ովքեր երկրի նախագահի այս քայլը համարում են ֆրագմենտալ, ոչ համակարգային: Գոնե առայժմ:

Այս օրերին շատ է հնչում, կարծում եմ, նաիվ եզրակացություն, թե այսուհետ պաշտոնյաներն իրենց ավելի զուսպ կպահեն, կամ սա դաս կլինի մյուսների համար: Առանց այդ էլ կուսակցական նոմենկլատուրան, բարձրաստիճան չինովնիկությունն ու օլիգարխներն ազատ են այնպիսի դատարկ պայմանականություններին ենթարկվելուց, որպիսիք են սահմանադրությունը, օրենքները կամ քաղաքավարության կանոնները: Ամենաթողության սանդղակը շատ բարձր է, նրանց տրված է գործողությունների լիարժեք ազատություն: Եվ նրանք սա շատ լավ գիտակցում են ու գնահատում:

Այս միջադեպը պետական բարձրաստիճան չինովնիկների, քաղաքական գործիչների եւ օլիգարխների համար կարող է ուսուցողական լինել այն առումով, որ այսուհետ նրանք անձամբ կներկայանան դասական երաժշտության համերգներին: Հատկապես, եթե այնտեղ է երկրի նախագահը: Իսկ նախագահից հնարավորինս հեռու նստելը նրանց համար պետք է իսկական նվեր լինի. խելացի չինովնիկը, դասական երաժշտությունն անհասկանալի աղմուկ համարող օլիգարխներն այդ երկու ժամը կարող են արդյունավետ անցկացնել եւ քնել: Իսկ քնած վիճակում, հայտնի է, հանդուգն եւ բանականության հետ աղերսներ չունեցող մտքեր ավելի քիչ են այցելում:

Իսկ համերգը իսկապես հրաշալի էր: Շնորհակալությո՛ւն, Պլասիդո Դոմինգո: Եվ …բիս:

Հ.Գ. Ի դեպ, նոր հումորը լսե՞լ եք. գյումրեցիները խնդրել են աշխարհահռչակ տենորին համերգ տալ նաեւ Գյումրիում: