Աիդաներ ունենք, իսկ Ռադամեսներ` ոչ

11/12/2010

Դեկտեմբերի 23-ին հայաստանցիներին օպերային պրեմիերա է սպասում: Երեւանի Օպերայի եւ բալետի թատրոնի բեմում կներկայացվի Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերան: Բազմադերասան ու բազմամարդ (հայտնի է, որ բեմում ստատիստների կարգավիճակում կհայտնվեն նաեւ ոստիկանական ակադեմիայի կուրսանտները) օպերայի բեմականացումն իրականացրել է իտալացի ռեժիսոր Մարիո Կորադին, ով հատուկ հրավիրվել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից: Ինչպես հայտնի է` մեր օպերային թատրոնն արդեն մի քանի տարի զրկված է գեղարվեստական ղեկավարից, եւ թատրոնի ստեղծագործական խնդիրները, ինչպես նաեւ` խաղացանկը համալրելու քաղաքականությունն այժմ իրականացվում է փուլային տարբերակով: Այսինքն` տարբեր անձանց ու կառույցների միջամտությամբ` առանց հեռահար նպատակները հաշվի առնելու: «Աիդա» օպերայի պրեմիերայի կապակցությամբ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասուլիսի է մասնակցել, որտեղ նշել է. «Մենք մեր ուժերից բարձր պատասխանատու գործ ենք սկսել: Շատ թատրոններ ռիսկ չեն անում «Աիդա» բեմադրել, քանի որ մենակատարներն իրենց կատարողական արվեստով պետք է բարձր մակարդակի լինեն»: Հատուկ պրեմիերային մասնակցելու համար Մյունհենից կժամանի օպերային երգիչ Գեորգի Օնիանին, քանի որ, ինչպես հայտնի է, հայ օպերային արվեստը բավարար պատրաստվածություն ունեցող տենորներ չունի: Թատրոնի տնօրենը դա ընդունված պրակտիկա է համարում` նշելով, որ աշխարհում ընդհանրապես տենորները քիչ են: Հետագայում նախատեսվում է բեմադրության մեջ օգտագործել հայ երիտասարդ տենորների ներուժը: Աիդայի դերերգը պատրաստ են կատարել Մագդա Մկրտչյանը, Մարինե Դեինյանը, Լիլիթ Սողոմոնյանը եւ Աննա Մնացականյանը: 50 մլն դրամ արժեցող «Աիդայից» հետո թատրոնը պատրաստվում է նոր ներկայացումներ անել: Հիշատակվում է «Սայաթ-Նովա» օպերան ու «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը: Ըստ Կ.Հովհաննիսյանի` 2011 թվականը բեղմնավոր տարի կլինի թատրոնի համար, սակայն հաջորդ տարի էլ չի հստակեցվի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի թեկնածուների ցանկը: Նա նշեց, որ, համենայնդեպս, այս պահի դրությամբ նման խոսակցություններ չկան: Եվ կարող են եւս մի քանի տարի չլինել: