Կամ անունը, կամ հրաժարականը

09/12/2010

Իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առջեւ պայման է դրել կողմնորոշվել` Ամանորյա տոներից հետո անպայման հայտարարել, թե 2013թ. նախագահական ընտրություններում ում թեկնածությունն է պաշտպանելու ԲՀԿ-ն: Հակառակ դեպքում ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից: ԲՀԿ մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը նման տեղեկություններ չունի: Իսկ վերջնաժամկետը Ծառուկյանին նման խիստ ձեւով է ներկայացվել, քանի որ իշխանությունները համոզված չեն, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Ս. Սարգսյանին եւ չի ունենա սեփական թեկնածուն: Հատկապես, երբ Գ. Ծառուկյանը հայտարարում է, թե խորհրդարանական ընտրություններում իրենք պայքարելու են, որպեսզի ստանան ընտրողների ձայների 50+1 տոկոսը: Մեր տեղեկություններով` այս օրերին ԲՀԿ ղեկավարը փորձում է մեկ տարով երկարաձգել Ս. Սարգսյանին պատասխանելու ժամկետը, որպեսզի նախագահի սեփական թեկնածու ունենալու դեպքում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին դուրս գան կոալիցիայից, ու այդ քայլով շահի ընտրողների համակրանքը: Կոալիցիայից ավելի շուտ դուրս գալու դեպքում այդ քայլն ընտրությունների ժամանակ չի ունենա նույն էֆեկտը: Ի դեպ, մեկ այլ աղբյուրի հավաստմամբ` օրեր առաջ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը։ Զրույցի հետ կապված մանրամասներ առայժմ հայտնի չեն: