Խուլերն էլ են պառակտվում

23/10/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Այս տարի ներկայիս նախագահ Ժորա Վարագյանի նախագահության ժամկետը լրանում է: ՀԽՄ գործող կանոնադրության համաձայն` միության 6 մասնաճյուղերը (երկու մասնաճյուղ՝ Երեւանում, մեկական՝ Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում, Ագարակում) պետք է գումարեն կոնֆերանսներ, ընտրեն պատգամավորական խումբ, հրավիրեն համագումար, համագումարում պատգամավորական խումբը կընտրի պլենումի մասնակիցներին, պլենումի մասնակիցները կհաստատեն նախագահության կազմ, որն էլ կընտրի նախագահ: Սակայն մասնաճյուղերի հրավիրած կոնֆերանսներից հետո միության անդամները պառակտվել են: Ընդդիմադիր կողմը ղեկավար մարմնին մեղադրում է ՀԽՄ ունեցվածքը փոշիացնելու եւ կոնֆերանսների ժամանակ պատգամավորական ընտրությունները կեղծելու մեջ: Ընդդիմադիր կողմի լիդեր Պարթեւ Մուրադյանի հավաստմամբ՝ հոկտեմբերի 14-ին ՀԽՄ Վանաձորի մասնաճյուղում կոնֆերանսին մասնակցել են ՀԽՄ 120 անդամներից 17-ը եւ ընտրել 5 պատգամավոր, ովքեր պետք է մասնակցեն հոկտեմբերի 28-ին կայանալիք համագումարին: «Սա ՀԽՄ կանոնադրության ակնհայտ խախտում է»,- ասում է Պ. Մուրադյանը։ Պ. Մուրադյանը թեեւ լսողական արատ չունի, սակայն ՀԽՄ անդամ է, քանի որ տարիներ շարունակ աշխատել է այս համակարգում: Սեպտեմբերին ՀԽՄ ղեկավարությունը նրան զրկել է անդամությունից՝ վկայակոչելով գործող կանոնադրությունը, այն է՝ երկու տարի շարունակ անդամավճար չմուծելու պատճառով: «2000թ. ի վեր ոչ ոք անդամավճար չի մուծել, սակայն մնացածներին ներեցին, իսկ ինձ հեռացրին՝ պատճառաբանելով, թե` դու խոսող անդամ ես, նրանք՝ ոչ, փաստորեն նրանք ուզում էին ընդամենն անցանկալի մարդկանցից ազատվել, որովհետեւ կանոնադրությունը խոսող եւ չխոսող անդամների միջեւ տարբերակում չի դնում,- ասում է Պ. Մուրադյանը,- եւ պատահական չէ, որ պատգամավորական ընտրությունների ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չընտրվեց»: Եթե հավատանք ընդդիմության լիդերին, ապա նա միության նախագահի պաշտոնին չի հավակնում (ի դեպ, գործող կանոնադրության համաձայն` այս միության նախագահ կարող է լինել միայն լսողական արատ ունեցող եւ բարձրագույն կրթությամբ միության անդամը): Տեղեկացնենք, որ 70-ամյա այս կառույցը Սովետմիության ժամանակ ինքնաֆինանսավորվող եւ բավականին հարուստ կառույց է եղել՝ իր հաշվեկշռում ունենալով 6 հիմնարկ-ձեռնարկություններ: «Այդ ձեռնարկությունների միայն 4 ամսվա հասույթով կառուցել եւ պետությանն ենք նվիրել քիթ-կոկորդ-ականջի հիվանդանոցը, որն այժմ սեփականաշնորհվել է, եւ միության ոչ մի անդամ նույնիսկ զեղչերով իրավասու չէ օգտվել այդ բուժծառայությունից»,- հիշեցնում է ՀԽՄ փոխնախագահ Ժ. Գեւորգյանը: 6 կոմբինատներից երկուսը գտնվում են Երեւանում, Երեւանի թիվ 1 կոմբինատի առաջին հարկն ու Մարտունու կոմբինատն օտարվել են, Վանաձորինը փոխանակվել է, Ագարակի կոմբինատի վերաբերյալ արդեն օտարման որոշում կա: Մասնավորապես` Մարտունու կոմբինատի օտարումը բացատրում են տարեցտարի կուտակվող պարտքերով եւ անգործությունից արդեն քայքայվող շենքի վիճակով: Վանաձորի կոմբինատը փոխանակվել է հանրակացարանի հետ, որի մի մասը տրվել է վարձակալությամբ, մյուս մասով ապահովել են Վանաձորի բնակարանային խնդիրներ ունեցող իրենց անդամներին: Երեւանի թիվ 1 կոմբինատի օտարված առաջին հարկն այժմ տնօրինում է ՀԽՄ անդամ, որը պարտավորվել է արտադրություն իրականացնել եւ աշխատատեղեր ստեղծել իրենց անդամների համար: Ագարակի կոմբինատը եւս փլուզման եզրին է: «Ավելի, քան 2,5 մլն գույքահարկի պարտք է կուտակվել,- ասում էր Ագարակի կոմբինատի տնօրեն Ռ. Չախոյանը,- անցած տարի քամին շենքի կտուրը տարավ, չենք կարողանում վերանորոգել, դիմել եմ մեր վարչությանը, որպեսզի միջոցներ ձեռք առնեն, ես այլեւս ի զորու չեմ այդ շենքը պահել»: Ագարակի կոմբինատը կօտարեն, որովհետեւ վախենում են, որ տարեցտարի կուտակվող պարտքերը շուտով կգերազանցեն կոմբինատի արժեքը: «Պարթեւ Մուրադյանն ուզում է ընդամենը նախագահ դառնալ»,- համոզված է ՀԽՄ ղեկավարությունը: Որոշ տեղեկություններ էլ կան այն մասին, որ Պ. Մուրադյանին հրահրում են այլ ուժեր: Քանի որ միությունը դեռ լրիվ չի քայքայվել, եւ վաճառելու բան դեռ կա, հատկապես յուղոտ պատառ են Երեւանի կենտրոնում գտնվող մշակույթի պալատն ու թիվ 1 կոմբինատը, շատերն են շահագրգիռ` ձեռք գցել այդ տարածքները: Միությունը պառակտելով` կարելի է հասնել նաեւ լուծարման, ինչի արդյունքում միության ողջ ունեցվածքը կպետականացվի: