Երեկ ողջ օրվա ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում էր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ կատարված միջադեպը: Քննարկվող հիմնական հարցն այն էր` արդյոք Բեգլարյանը հրաժարական կտա՞, թե՞ կատարվածը «կհարթվի»: Երեկոյան, սակայն, պաշտոնապես հրապարակվեց, որ Գագիկ Բեգլարյանը դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին: Այն, որ դա տեղի էր ունենալու` պարզ դարձավ կեսօրին ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի տարածած հաղորդագրությունից: Նա պաշտոնապես հաստատել էր արդեն 2 օր մամուլում հրապարակվող այն տեղեկությունները, որ Գագիկ Բեգլարյանը ծեծի է ենթարկել Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: «Նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այսինքն` այդպիսի վարքագիծն անընդունելի եւ անհանդուրժելի է, իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս»,- ասել էր Արզումանյանը: Ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Այդպիսով, երեկ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար է դարձել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեկ կայացել է նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը տեւել է մինչեւ կեսգիշեր: Ընդ որում, ըստ լավատեղյակ աղբյուրների, այդ նիստում բավական թեժ քննարկում է ծավալվել, քանի որ որոշ ՀՀԿ-ականներ այնքան էլ խանդավառված չեն եղել Տ. Մարգարյանին նաեւ ապագա քաղաքապետի պաշտոնում տեսնելու հեռանկարով: Ավելին, մեր տեղեկություններով` երեկ արդեն քննարկվել են քաղաքապետի առաջիկա ընտրություններում այլ թեկնածուների անուններ` ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանի եւ Դերենիկ Դումանյանի անունները: Անկախ ամեն ինչից, երեկ տեղի ունեցածը կարելի է համարել որպես աննախադեպ եւ որակական իմաստով նոր քայլ Հայաստանի քաղաքական կյանքում: Գ. Բեգլարյանի հրաժարականով իշխանությունն` ի դեմս Սերժ Սարգսյանի, ցույց տվեց, որ ի վերջո քաղաքական կամք ունի երկրում ամենաթողությանը դիմակայելու համար: Իրականում, Ս. Սարգսյանը ոչ թե պաշտպանեց իր աշխատակազմի ներկայացուցչին` զոհաբերելով քաղաքական թիմի անդամին, ինչպես երեկ փորձ էր արվում ներկայացնել ոմանց կողմից, այլ ցույց տվեց, որ ամեն ինչ սահման ունի: Իհարկե, արդեն երեկ իշխանական շրջանակներում ոմանք խոսում էին «թիմի անդամին զոհաբերելու», «ընկածին խփելու» պարզունակ դատողությունների մասին, սակայն պետության հեղինակության եւ հասարակայնության համար դա բացարձակապես նշանակություն չունի: Բացառված չէ նաեւ, որ նույնիսկ ընդդիմությունը տեղի ունեցածը որակի՝ որպես «ավազակապետության ինքնախժռում»` օգնության ձեռք մեկնելով «զոհերին»: Սակայն, անկախ ամեն ինչից, տեղի ունեցածն առնվազն զսպող նշանակություն է ունենալու մյուս` իրենց ամենակարող զգացող պաշտոնյաների ու իշխանավորների համար: Եվ մնում է միայն հույս հայտնել, որ օրերից մի օր իշխանությունը Հայաստանում կպաշտպանի ոչ միայն պետական ինստիտուտներին ու նրանց աշխատակիցներին, այլ նաեւ շարքային քաղաքացիներին, որոնցից շատերը ենթարկվում են ավելի սանձարձակ ոտնձգությունների: