Անցած շաբաթվանից փակվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Կարեն Անդրեասյանի «Իրականում» հաղորդումը: Մեր տեղեկություններով՝ լրագրողը խնդիրներ է ունեցել ոչ միայն «Արմենիայի» սեփականատերերի, այլեւ նախագահի աշխատակազմում հեռուստաընկերությունների գործունեությունը համակարգող պաշտոնյաների հետ: Խնդիրները ծագել են դեռ մի քանի ամիս առաջ, եւ դրանց արդյունքում կրճատվել է հաղորդաշարի թողարկման հաճախականությունը: Վերջին շրջանում այն հեռարձակվում էր միայն շաբաթ եւ կիրակի օրերին, անցած շաբաթ հեռարձակվել է միայն շաբաթ օրը: Մեր տեղեկություններով` Կ.Անդրեասյանը հաղորդման հյուրերին ուղղված հարցերում հաճախ նաեւ չգիտակցված այնքան «հեռու» է գնացել, որ նրա հյուրերը «սահմանված չափից» ավելի են անկեղծացել: Դա դուր չի եկել լրատվական դաշտը վերահսկողներն, ովքեր ավելի հարմար են գտել պարզապես փակել հաղորդումը: Մեր թղթակցի հետ զրույցում Կ. Անդրեասյանը հաստատել է, որ իր հաղորդումը փակվել է, բայց հրաժարվել է խոսել պատճառների մասին: Միայն ասել է, թե այլեւս ոչ մի հարաբերություն չունի «Արմենիայի» հետ, որտեղ վերջին 5 տարիներին աշխատել է ոչ միայն որպես լրագրող, այլեւ` իրավաբան եւ պրոդյուսեր: Նա նշել է, որ այսուհետ զբաղվելու է իրավաբանական գործունեությամբ: