Հրաժարական տվեց

09/12/2010 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով դեկտեմբերի 4-ին ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Արամ Կանդայանին (Կնդո), հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Երկու օր շարունակ մայրաքաղաքում, ներքաղաքական կուլիսներում, ԶԼՄ-ներում, սոցիալական կայքէջերում այս միջադեպն էր քննարկվում:

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի էր ունեցել իսպանացի աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը, որին ներկա է եղել ՀՀ իշխանական վերնախավը` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի գլխավորությամբ: Ըստ news.am-ի եւ այլ կայքէջերի` միջոցառման հրավիրատոմսերը տնօրինել է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հրավիրվածների թվում եղել է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով, սակայն, չի մասնակցել համերգին, եւ նրա տիկինը որոշել է համերգին գնալ ընկերուհու` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանի տիկնոջ հետ: Տիկնայք զբաղեցրել են ոչ այն աթոռները, որոնք նախատեսված են եղել իրենց համար: Բանն այն է, որ պաշտոնական արարողակարգի համաձայն` ՀՀ նախագահի կողքին կարող են նստել Վեհափառ Հայրապետը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, սակայն, ըստ որոշ ԶԼՄ-ների` Գ. Բեգլարյանի եւ Ռ.Սադոյանի տիկնայք զբաղեցրել են այդ նստարանները: Եվ որպեսզի պահպանվեն արարողակարգային բոլոր նորմերը, ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային բաժնի պատասխանատու Արամ Կանդայանը մոտեցել է Գ. Բեգլարյանի տիկնոջը` խնդրելով նրան իր ընկերուհու հետ միասին մեկ աթոռ հեռու նստել: Այս մասին տիկին Բեգլարյանը փոխանցել է ամուսնուն` Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյանին: Վերջինս էլ որոշել է Ա. Կանդայանին «անձամբ» հանդիպել: Ինչեւէ, հանդիպումը կայացել է, եւ Ա. Կանդայանը` մեքենան նստելուն պես, դեմքին հարված է ստացել: Այնուհետեւ Ա. Կանդայանին տարել են Գ. Բեգլարյանի ընտանիքին պատկանող «Մետաքս» գործարանի տարածք եւ ծեծել են: Այս ամենի մասին անմիջապես իմացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ երբ Գ. Բեգլարյանը փորձել է հանդիպել Ս. Սարգսյանին` «բացատրություններ» տալու համար, Ս. Սարգսյանը նրան չի ընդունել: Երեկ մամուլում լուրեր էին հրապարակվել, թե Ս. Սարգսյանը պահանջել է, որպեսզի Գ. Բեգլարյանը ներողություն խնդրի անձամբ Ա. Կանդայանից եւ ՀՀ նախագահի ամբողջ աշխատակազմից:

Ի դեպ, երեկ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը «news.am»-ի հետ զրույցում հերքել էր Գ. Բեգլարյանի կողմից Ա. Կանդայանին ծեծի ենթարկելու մասին լուրը: Հարցին, թե` պատրաստվո՞ւմ է արդյոք Գ. Բեգլարյանը հրաժարականի դիմում ներկայացնել, պատասխանել էին. «Ձեր նշած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: Սակայն ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հաստատել էր տեղի ունեցածը` նշելով. «Այո, ցավոք, միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե, մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է: Մասնավորապես, չի եղել ոչ առեւանգում, ոչ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք, իսկապես, տեղի ունեցել է»: Նա նաեւ ընդգծել էր. «ՀՀ նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս»:

Իսկ արդեն ավելի ուշ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պաշտոնապես հայտարարեց, որ Գ. Բեգլարյանը քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետ է նշանակվել 2009թ. մարտ ամսին` նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Իսկ 2009թ. մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ մեծամասնություն ստացավ ՀՀԿ-ն, Գագիկ Բեգլարյանը, ով գլխավորում էր ՀՀԿ ցուցակը, վերահաստատվեց նույն պաշտոնում` 4 տարի ժամկետով: Ի դեպ, Գ. Բեգլարյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է 2009թ. նոյեմբերից:

Հիշեցնենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնի թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Իսկ քաղաքապետ է ընտրվում առավել ձայներ հավաքած թեկնածուն: Իսկ մինչ այդ` համաձայն նույն օրենքի` քաղաքապետին ժամանակավորապես փոխարինելու է քաղաքապետի առաջին տեղակալը` Տարոն Մարգարյանը: Այնպես որ` քաղաքապետի հրաժարականից հետո մեկ ամսվա ընթացքում Երեւանը պետք է ունենա նոր քաղաքապետ: Ներկայիս ավագանու կազմից քաղաքապետի ընտրությունը, ըստ էության, տեղի կունենա մինչեւ հունվարի 8-ը: Ի դեպ, մեր տեղեկություններով, երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է տեղի ունեցել, որին ներկա է եղել նաեւ Երեւանի առաջին փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Իսկ ավելի ուշ` տեղի է ունեցել Երեւանի ավագանու նիստ:

Հ. Գ. Երեկ news.am կայքը` հղում անելով ՀՀԿ-ի իր աղբյուրներին, գրել էր, թե ՀՀԿ-ն մտադիր է Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջարկել Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Ի դեպ, երեկ արդեն Երեւանի ավագանիների շրջանում քննարկվում էր, թե Տ. Մարգարյանի քաղաքապետ դառնալու դեպքում ո՞վ է զբաղեցնելու փոխքաղաքապետի պաշտոնը, որը պատկանում է դարձյալ

ՀՀԿ-ին: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն 35 ավագանու անդամ ունի Երեւանի քաղաքապետարանում. նրանք են` Տարոն Մարգարյան, Դերենիկ Դումանյան, Սուրեն Ներսիսյան, Հրաչ Պողոսյան, Կարեն Կարապետյան, Աննա Ասատրյան, Արա Մինասյան, Աստղիկ Գեւորգյան, Ենոք Ազարյան, Մարտին Վարդազարյան, Արթուր Հովհաննիսյան, Արա Երնջակյան, Մարիամ Ղազարյան, Լեւոն Իգիթյան, Միքայել Դովլաթյան, Կարապետ Ղազարյան, Աշոտ Մովսեսյան, Ռուսլան Բաղդասարյան, Արթուր Պետրոսյան, Սերգեյ Մկրտչյան, Հակոբ Խաչատրյան, Գարիկ Քոթանջյան, Մանվել Ավետիսյան, Արտավազդ Սարգսյան, Կարեն Գրիգորյան, Արայիկ Մխիթարյան, Արման Մադաթյան, Վալերի Մանվելյան, Աշոտ Պապայան, Արմեն Գեւորգյան, Արմեն Երեմյան, Հրաչյա Այվազյան, Հայրապետ Հայրապետյան եւ Նաիրա Նահապետյան: