«Հայաստանին պետք է ոչ թե անձերի, այլ համակարգի կտրուկ փոփոխություն: Բովանդակային իշխանափոխությունը պետք է ունենա մի շարք առաջնահերթություններ»,- երեկ ասուլիսում հայտարարել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Նա նաեւ ներկայացրել է «բովանդակային իշխանափոխության» չորս առաջնահերթությունները. «Արմատախիլ անել իշխանության վերարտադրման համակարգը եւ ձեւավորել իշխանության ձեւավորման ընտրական համակարգ, ձեւավորել ժողովրդավարացման համար անհրաժեշտ միջավայր, իրականացնել իշխանության ապակենտրոնացում: Իշխանության գերկենտրոնացումը լավ պայմաններ է ստեղծել արտոնյալ խավի համար: Եվ չորրորդ` վերացնել պատգամավորի անձեռնմխելիության համակարգը` մշակելով նրանց հետ կանչելու մեխանիզմներ»: «Հայաստանում գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս գալ իշխանության: Ընտրական իրավունքի պաշտպանության շարժում պիտի սկսվի Հայաստանում: Ժողովրդի գիտակցությանը պետք է հասցնես, որ ամենակարեւորն իր ընտրական իրավունքն է: Իշխանությունը պետք է վերցնի ժողովուրդը, եւ ոչ թե ինչ-որ խմբեր ու թայֆաներ»,- ասել է Ռուստամյանը` հավելելով, թե ՀՅԴ-ն նախաձեռնում է «նոր շարժում»: Հարցին, թե ինչպե՞ս է Ռուստամյանը պատկերացնում այդ շարժումը, ի՞նչ մեխանիզմներով, նա պատասխանել է. «Չեմ ուզում դետալացնել, թե ինչ կանենք: Այս գաղափարը դեռ պետք է քննարկել քաղաքական մյուս ուժերի հետ: Մենք մերժված լինելու փորձն ունենք, երբ քաղաքական ուժերին նախընտրական միասնական շտաբ ստեղծելու առաջարկ արեցինք ու մերժվեցինք»: Միաժամանակ նա նշել է, թե հնարավոր է՝ հանրապետությունում ընտրական իրավունքի պաշտպանության կենտրոններ ստեղծեն. «Մեր ժողովրդին թվում է, թե ինչ-որ մեկը պետք է գա ու իրենց ժողովրդավարություն մատուցի: Ոչ, դա պետք է ինքներս անենք: Այս գաղափարը նաեւ քաղաքական ուժերին մերձեցնելու հնարավորություն կտա»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ-ն խորհրդաժողով է կազմակերպելու, որի ժամանակ անդրադարձ է կատարվելու Հայաստանում ժողովրդավարական ու ներքին քաղաքական իրավիճակին: Ա. Ռուստամյանի համոզմամբ` Հայաստանում «թույլ» է ներկայացուցչական ժողովրդավարությունը, եւ ժողովրդին ներկայացնող խորհրդարանն «անկարող է գործադիր իշխանության նկատմամբ»: «Այսօր, եթե լավ ուսումնասիրեք, կտեսնեք, թե ինչ օրենքներ են ընդունվում Ազգային ժողովում, կտեսնեք, որ դրանց գերակշռող մասը` 1/10 հարաբերակցությամբ, կառավարության կողմից ներկայացվող օրինագծերն են: Մեր խորհրդարանում հազիվ 25-30 տոկոսն են զբաղվում օրենսդրությամբ. ներկայացուցչական ժողովրդավարություն չկա»,- ասել է նա: Ռուստամյանի կարծիքով` Հայաստանում այսօր ներհասարակական ճգնաժամի լուրջ վտանգ կա, որը կարող է մի օր խորանալ: «Սա չի կարող մի տեղ չպայթել: Իրավական մակարդակում մենք ունենք մի վիճակ, երբ կա դե յուրե ամրագրված կարգ, բայց իրականում գոյություն ունի այլ` չգրված օրենքներով, արատավոր դրսեւորումներով գործող կարգ, որի դեմն առնելու որեւէ միջոց Հայաստանում չի կիրառվում»,- նշել է նա` հավելելով, թե ՀՅԴ կազմակերպած այսօրվա խորհրդաժողովում պատասխաններ են տրվելու նաեւ այդ «լուրջ» հարցերին: