ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է ճգնաժամում

09/12/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Արդարացա՞ն Ձեր սպասելիքները ԵԱՀԿ գագաթաժողովից:

– Մեզ համար` որպես ԵԱՀԿ անդամ երկիր, Աստանայի գագաթաժողովը հետաքրքիր էր երկու առումներով. նախ, որպես Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության հարցերով զբաղվող կազմակերպության կարեւոր միջոցառում, ապա՝ նաեւ միջոցառում, որի ընթացքում «ճեղքում» էր կանխատեսվում Լեռնային Ղարաբաղի հարցում: Երկու առումներով էլ լավատեսները խորապես հիասթափվեցին, թեեւ մեծ ջանքեր են գործադրում դա թաքցնելու համար: Մինչդեռ իրատեսները եւս մեկ անգամ համոզվեցին, որ թե ԵԱՀԿ-ն է գտնվում ճգնաժամում, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, ապա չպետք է մոռանալ, որ դա մի կազմակերպություն է, որը 1975թ. ստեղծվեց երկբեւեռ աշխարհակարգի սահմանման եւ պահպանման նպատակով: ԽՍՀՄ փլուզումից հետո ամերիկյան քաղաքագետներից շատերը խոսում են միաբեւեռ աշխարհի մասին եւ Վաշինգտոնի գործողություններն էլ բխում են այդ տրամաբանությունից: Ռուսաստանն այդ դրվածքի հետ համակերպվելու ցանկություն չունի եւ վերջին տարիներին բացահայտորեն արտահայտում է իր անհամաձայնությունն աշխարհի միաբեւեռ հայեցակարգի վերաբերյալ: Իհարկե, այսօր Ռուսաստանի տնտեսական հզորությունը բավարար չէ երկբեւեռությանը վերադառնալու համար, սակայն Մոսկվայի համար ընդունելի է նաեւ բազմաբեւեռ կամ «անբեւեռ» աշխարհակարգը: Սա այն աշխարհաքաղաքական հիմքն է, որի հստակեցման պարագայում է միայն հնարավոր հետագա «խաղի» կանոնների ձեւավորումը: 11 տարի ԵԱՀԿ գագաթաժողով չէր հրավիրվել, քանի որ այդ կանոնների անհստակության պայմաններում անհնար է կամ առնվազն շատ դժվար է սկզբունքային հարցերում համաձայնությունների հասնելը:

Աստանայի գագաթաժողովի հրավիրումը պարզապես Ղազախստանի նախագահի պատվախնդիր մղումների արդյունքն էր: Պատահական չէ, որ Օբաման ու Սարկոզին չմասնակցեցին գագաթաժողովին, կամ Աստանայում որեւէ խոշոր հարց չքննարկվեց անգամ տարածաշրջանային որոշ խնդիրների վերաբերյալ, կամ արգելափակվեց կոնկրետ դիրքորոշման արտահայտումը (օրինակ, Վրաստանի հարցում), կամ փաստորեն ընդունված հայտարարությամբ արձանագրվեց ճգնաժամի առկայությունը (Լեռնային Ղարաբաղի հակամարտություն):

– Աստանայում ընդունված հայտարարությունը բխո՞ւմ է Հայաստանի շահերից, եւ արդյո՞ք դրանով կողմերը պաշտոնապես ընդունեցին Մադրիդյան սկզբունքները:

– Նախ, հայտարարությունը պարզորոշ հաստատեց, որ վերջին երկու տարում կարգավորման գործընթացում որեւէ առաջընթաց չի արձանագրվել: Դրա մասին են վկայում հղումները 2008թ. նոյեմբերից մինչ օրս ընդունված չորս հայտարարություններին, որոնցից երկուսը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, մյուս երկուսը` Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները: Վերջիններիս երկու հայտարարությունները` մեկ տարվա տարբերությամբ, միմյանց նման են՝ ինչպես ջրի երկու կաթիլ: Եթե բանակցություններում որեւէ նորություն չկա երկու տարվա ընթացքում եւ արձանագրվել են սոսկ կողմերի ու միջնորդների խուսանավումներ, ապա ճգնաժամից բացի՝ այլ բանի մասին հնարավոր չէ խոսել: Ընդ որում, ճգնաժամը հայեցակարգային բնույթ ունի: Նախ, համանախագահները չեն հստակեցնում իրենց պատկերացումները, թե այս հակամարտության հանգուցալուծման համար որ հարցերի լուծման համար են կիրառվելու Հելսինկյան եզրափակիչ ակտում արձանագրված տարածքային ամբողջականության սկզբունքի եւ ազգերի ինքնորոշման իրավունքը, ինչը շարունակական շահարկումների հիմք է դարձել: Երկրորդ պատճառն այն է, որ համանախագահները «հավասարակշռություն» ստեղծելու նպատակով գլխիվայր շուռ են տվել խնդիրը եւ ԼՂ կարգավիճակի հարցի լուծումն իրենց առաջարկած վեց հիմնարար սկզբունքների մեջ նախատեսել են որպես վերջին քայլ: Հակամարտությունների կարգավորման փորձն ու տրամաբանությունը վկայում են, որ դա կոպիտ սխալ է եւ կարգավորման համար անհաղթահարելի խոչընդոտ: Կոսովոյի հարցի կարգավորման ժամանակ նման մոտեցումը հանգեցրեց ողբերգական հետեւանքների` նոր զինված բախումներ, փախստականներ, զոհեր: Երրորդ կոպիտ սխալը կարգավորման գործընթացում, որը հակասում է անգամ Մադրիդյան սկզբունքներին, բանակցությունների վարումն է առանց հիմնական կողմի` ԼՂ ներկայացուցիչների: Եթե երեք գլխավոր սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է, ապա ինչպե՞ս կարող է դրա կիրառման հարցը քննարկվել առանց այդ իրավունքը կրողի: Դժվար չէ նկատել, որ այս սխալներն ու ձեւավորված ճգնաժամն առաջին հերթին չպետք է բավարարեն հայկական կողմերին, քանի որ, այն բանից հետո, երբ բանակցությունների գլխավոր սկզբունքների շարքում 2007թ. ընդգրկվեց ազգերի ինքնորոշման իրավունքը, եզակի հնարավորություն ստեղծվեց խնդրի արդարացի լուծման համար, որի հիմքում պետք է լիներ ԼՂՀ անկախության ճանաչումը: Սակայն վերոհիշյալ սխալները բանակցային գործընթացում տեղ են գտել ոչ այն պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ին կամ ԼՂ-ին ցանկանում են վնասել: Բանն այն է, որ միջազգային բանակցություններում ներգրավված միջնորդներն առաջին հերթին փորձում են պաշտպանել սեփական երկրների շահերը` դա այս կամ այն ձեւով քողարկելով: Դա հանրահայտ ճշմարտություն է նրանց համար, ովքեր քիչ թե շատ ծանոթ են բանակցային գործընթացների տեսությանը: Հակամարտությունների յուրաքանչյուր կողմի խնդիրն է իր շահերի պաշտպանությունը: Այնպիսի բարդ գործընթացում, ինչպիսին ԼՂ հակամարտության կարգավորումն է (միջնորդները երեքն են, որոնցից երկուսը տարածաշրջանում ազդեցության գոտիների համար կոշտ մրցակցություն են ծավալել), հակամարտության կողմերից պահանջվում են խորը գիտելիքներ, բանակցությունների վարման լուրջ փորձ եւ ամենօրյա բարդ աշխատանք` հաջողություն ակնկալելու համար: Ցավոք, ՀՀ-ի պարագայում դրանցից որեւէ մեկը տեսանելի չէ: Ճիշտ հակառակը, բազմաթիվ են օրինակները, որոնք ապացուցում են, որ խնդրի պատասխանատուները լրջորեն չեն վերաբերվում դրան: Բերեմ միայն մի քանի օրինակ: Ինքնորոշման իրավունքի արձանագրումը` որպես խնդրի կարգավորման գլխավոր երեք սկզբունքներից մեկը, իրավական հնարավորություն ստեղծեց, որ ՀՀ-ն պահանջի ԼՂ վերադարձը բանակցությունների սեղանի մոտ` որպես հակամարտության կողմ: Կամա թե ակամա Հայաստանը չի հարգում ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: ՀՀ-ն բացարձակապես անտարբեր էր երկու տարի շարունակ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում Կոսովոյի խնդրին առնչվող գործընթացին, մինչդեռ 36 երկիր ակտիվորեն մասնակցում էին դրան: Մասնագիտական աշխատանքի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը նկատելի է նաեւ ՀՀ նախագահի ելույթների պատրաստման գործում: Դրա մասին գրել էի դեռեւս երկու տարի առաջ հրապարակված մի հոդվածում, որին ի պատասխան՝ հայտարարվեց, որ նրանք, ովքեր կարծում են, որ ինքնորոշման իրավունքի յուրաքանչյուր կիրառում պետք է ավարտվի անկախությամբ, կամ ռոմանտիկներ են, կամ ազգայնական ծայրահեղականներ, թեեւ այսօր արդեն ՀՀ նախագահն է ասում, որ միակ լուծումը ինքնորոշման իրավունքի հիման վրա ԼՂՀ անկախությունն է: Ցավոք, ՀՀ նախագահի ելույթներն այսօր էլ ինչ-որ մարդիկ պատրաստում են` առանց հաշվի առնելու լսարանի պատրաստվածությունը, ելույթի նպատակը եւ այլն: Թեեւ պալատական սազանդարները չեն հոգնում Աստանայի ելույթը գովաբանելուց, երկու օրինակ բերեմ, որոնք ցույց կտան, որ ելույթը պատրաստողները չեն ունեցել անհրաժեշտ հմտություններ: Նախ, նախագահը Աստանայի ելույթում հայտարարեց, որ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական ագրեսիան, ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը: Սա բացարձակապես անընդունելի ձեւակերպում է: Նախ, ռազմական ագրեսիան եւ անկախության ճանաչումը տարբեր հարթություններում գտնվող երեւույթներ են: Հենց Լեռնային Ղարաբաղի օրինակը վկայում է, որ ագրեսիան դադարեցվում է այն դեպքում, երբ ագրեսորը համոզվում է, որ պատերազմը շարունակելու դեպքում ինքը կունենա ծանր կորուստներ: Ադրբեջանը միայն դա է հասկանում, ինչպես դա եղավ 1994-ին: Իսկ ԼՂ անկախությունը ԼՂՀ ժողովրդի անօտարելի իրավունքի դրսեւորումն է, եւ որեւէ բանի, այդ թվում եւ՝ պատերազմի սպառնալիքի հետ չի կարող փոխանակվել: Երկրորդ օրինակը: Նախագահը խոսեց Նախիջեւանի մասին` խաչքարերի պատկանելության առնչությամբ: Իհարկե, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը վանդալիզմի աղաղակող դեպք է եւ ցույց է տալիս Ադրբեջանի իրական բնույթն ու դեմքը: Սակայն դա կարող էր արվել այլ առիթով, քանի որ ելույթն ամբողջությամբ նվիրված էր Արցախին, հետեւաբար՝ Նախիջեւանի հիշատակումը պետք է արվեր հենց այդ ենթատեքստով: Նախիջեւանը ինքնավարություն էր Ադրբեջանի կազմում, նույնպես բնիկ հայկական տարածք, որտեղ այսօր գեթ մեկ հայ չի մնացել: Նախիջեւանը Լեռնային Ղարաբաղի ապագան է, եթե ԼՂՀ-ն կրկին հայտնվի Ադրբեջանի կազմում: Իհարկե, ելույթները չունեն հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի նշանակությունը, սակայն երկրի նախագահի ելույթները տարբեր ատյաններում ընկալվում են որպես երկրի դիրքորոշում եւ պետք է պատրաստեն մասնագետները: Միայն բոլոր ուղղություններով մեծ ծավալի մասնագիտական աշխատանքի դեպքում է հնարավոր ապահովել խնդրի արդարացի կարգավորումը: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա հայտարարությունը պարզապես եւս մեկ անգամ փաստեց, որ հիմնարար սկզբունքները, որոնք ԼգԱքվիլայի եւ Մուսկոկայի փաստաթղթերում ներկայացված են վեց կետերով, հիմք են ընդունվում բանակցությունների համար, եւ հետագա աշխատանքը պետք է կատարվի դրանց հստակեցման եւ կոնկրետացման ուղղությամբ:

– Տպավորություն կա, թե վերջին շրջանում մեծացել է պատերազմի վտանգը: Աստանան լուծում տվե՞ց այդ հարցին:

– Կարծում եմ՝ այդ տպավորությունը միտումնավոր է ստեղծվում` բանակցություններում ինչ-որ տեղաշարժ ապահովելու նպատակով: Իհարկե, մատնացույց անելով համանախագահող երկրների ներկայացուցիչների ելույթները եւ Աստանայի հայտարարությունում ռազմական լուծումը բացառող արտահայտությունը, Հայաստանում փորձ է արվում դա ներկայացնել որպես Ադրբեջանի ագրեսիայի վերսկսումը զսպող կարեւոր ազդակ: Սակայն ցանկանում եմ հիշեցնել, որ նման արտահայտությունները ոչ միայն միշտ տեղ են գտել հայտարարություններում եւ այլ փաստաթղթերում, այլեւ տասնամյակներ շարունակ միջազգային իրավունքի պարտադիր նորմեր են ՄԱԿ եւ ԵԱՀԿ անդամ երկրների համար: Բայց երբեք նման փաստաթղթերը չեն կանխել պատերազմներն ու ագրեսիան` ոչ մեր տարածաշրջանում, ոչ էլ որեւէ այլ վայրում: Ավելին, ԼՂ հակամարտության կարգավորման երեք գլխավոր սկզբունքներից մեկը ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառումն է, մինչդեռ Մինսկի խմբի համանախագահները համարժեք չեն արձագանքում անգամ զինադադարի կոպիտ խախտումներին, որոնցից մի քանիսը հանգեցրել են մարդկային զոհերի եւ պատերազմի վերսկսման լուրջ սադրանք էին: Միամիտ կլինի կարծել, թե նրանք իսկապես չգիտեին, թե ովքեր են սադրիչները, եւ այդ պատճառով են լղոզված հայտարարություններով արձագանքում դրանց: Սակայն, այս դեպքում եւս, կարծում եմ՝ ճիշտ կլինի ոչ թե մեղադրել համանախագահներին, այլ պարզել, թե ինչ պետք է անեինք մենք, որ համանախագահները խուսանավելու տեղ չունենան: Պատերազմի կանխման միակ երաշխիքը կարող է լինել հայկական երկու պետությունների զորացումն ու երկու բանակների պատրաստվածությունը` հարձակման դեպքում ագրեսորին ծանր կորուստներ հասցնելու համար:

– Ինչպե՞ս կգնահատեք 2010թ. ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքբերումները, եթե այդպիսիք կան:

– Հաճույքով դա կանեի, սակայն, ցավոք սրտի, փաստերը ստիպում են խոսել միայն կորուստների ու տապալումների մասին: ՀՀ արտաքին քաղաքական գործունեության օրակարգը սահմանափակվում է միայն ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով: Առաջինի մասին, որպես ճգնաժամում գտնվող գործընթաց, արդեն խոսեցինք: Այս տարվա առաջին ամիսների զարգացումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, կարծում եմ, համոզեց անգամ ամենալավատեսական սպասումներ ունեցողներին, որ այդ գործընթացն ի սկզբանե դատապարտված էր: Ցավոք, անգամ ավարտը հայկական կողմից պատշաճ ու համարժեք չէր: ՀՀ-ն հայտարարեց, որ կասեցնում է մի բանը, ինչը Թուրքիան կասեցրել էր վեց ամիս առաջ, արձանագրությունների ստորագրման հաջորդ առավոտյան, Էրդողանի հայտարարությամբ, մինչդեռ լիակատար իրավունք ուներ չեղյալ համարելու վտանգավոր արձանագրությունները: Իսկ Թուրքիան լիովին օգտագործեց գործընթացի շնորհիվ ստացած առավելությունները:

Իհարկե, նկատելի է, որ այս տարի արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի պատասխանատուները որոշ փորձեր արեցին երկչոտ դիրքորոշումներից հրաժարվելու, ավելի վճռական երեւալու համար, սակայն ակնհայտ է, որ դրանք մասնագիտական նախապատրաստություն չունեին ու պայմանավորված են սոսկ ներքաղաքական խնդիրներով: Անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների բացակայության պայմաններում տխուր արդյունքները միանգամայն բնական են: