Ճի՞շտ է արդյոք, պարոն նախարար

09/12/2010

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը երեկ մի քանի հարց է ուղղել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին` պահանջելով հաստատել կամ հերքել դրանք: Եվ այսպես. 1. Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, որ որոշ պաշտոնանկ արված կամ անգամ գործող դիվանագետներ համատեղում են պետական աշխատանքն արտերկրում իրենց կամ ընտանիքների անհատական ձեռներեցություն իրականացնելու հետ: 2. Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը այն, որ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանի ընտանիքի անդամները մշտական բնակություն են հաստատել Բուլղարիայում ու Եգիպտոսում, ԱԳՆ բաժնի պետ Եղիշե Սարգսյանի երկու դուստրերն ապրում են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում դեսպանատան աշխատող Վահրամ Աբաջյանի ընտանիքը մնաց Անգլիայում, Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան Վահե Գեւորգյանի գերդաստանը գերադասեց բնակվել Մոսկվայում, իսկ Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Էդուարդ Խուրշուդյանի հարազատները որոշեցին մնալ նույն տեղում` Ղազախստանում: 3. Ճի՞շտ է արդյոք, որ ԱԳՆ փոխնախարար Կարինե Ղազինյանի երեխաները մշտապես բնակվում են Ռուսաստանում: 4. Ճի՞շտ է արդյոք, պարոն նախարար, որ, Ձեր կինը բնակվում է Ռուսաստանում, իսկ դուստրը` Ֆրանսիայում, ընդ որում` ՀՀ ԱԳՆ-ի կողմից Փարիզում ամիսը 5000 եվրո արժողությամբ վարձակալվող բնակարանում: 5. Ի՞նչ ասել դեսպանների ու նախարարների մասին, երբ Միավորված Թագավորությունում տարիներ շարունակ բնակվում է ՀՀ նախկին վարչապետ եւ նույն Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան, ներկայումս որպես ազգային բարերար ներկայացող Արմեն Սարգսյանը, ում դիվանագիտական պաշտոնը իր երկարատեւ հիվանդության ամիսներին կատարում էր նրա կինը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը Էդ. Նալբանդյանին խնդրել է հաստատել կան հերքել ՀՀ տարբեր դեսպանությունների կողմից ոչ պարկեշտ կամ քրեական ծագում ունեցող անձանց ավտոմեքենաների համար դիվանագիտական «կարմիր համարանիշերի» վաճառքի մասին լուրերը, որոնք պարբերաբար հայտնվում են օտարերկրյա, մասնավորապես՝ ռուսաստանյան մամուլում. ասված է հրապարակային հարցման մեջ: