Կոնֆետի պատճառով երեխան ընկել է գետն ու խեղդամահ եղել

09/12/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լենինգրադյան կոչվող տնակային թաղամասը կարծես Երեւանի Նուբարաշենի աղբավայրը լինի: Բացառությամբ այն բանի, որ այստեղ շներ են թափառում, իսկ այնտեղ` արդեն 20 տարի մարդիկ են ապրում: Քսան տարին շատերին զրկել է մարդկային կերպարանքից ու թաղամասի արահետներով «ճոճվելով» քայլող, քթի տակ փնթփնթացող, չարացած, տառապած հայացքներով մարդիկ ավելի շատ նման են ուրվականների: Թիթեղյա «դոմիկների» ետնամասերից անակնկալ հայտնված մարդիկ ու շները հավանաբար նույն կենսակերպով են ապրում: Լենինգրադյան տնակային թաղամասը կարծես Վանաձորի գետտոն լինի, իսկ մարդիկ` համակենտրոնացման ճամբարներում «հալ ու մաշ» եղած «կմախքանման» կերպարանքներ: Մարդիկ ուրիշ են, պայմաններն՝ անդուր, աննկարագրելի, իսկ նրանց հոգեբանությունը` «ջարդուփշուր» եղած: Երկրաշարժին հաջորդած անխիղճ, դաժան 20 տարին շատերի առջեւ լայնորեն բացել է նյարդահոգեբուժական դիսպանսերների դռները: Այս թաղամասում մարդիկ բնազդաբար են գոյատեւում:

Աղբանոցի նման «դոմիկից» ինձ ընդառաջ դուրս եկած, ցրված հայացքով տղային հարցնում եմ` «Բարեւ… դուք քանի՞ երեխա եք»: Ուսերը թոթվելով՝ հասկացնում է, որ չգիտի: Զարմացած հարցնում եմ` «Ո՞նց, դու չգիտե՞ս, թե քանի քույր կամ եղբայր ունես»: Գլխով ծույլ բացասական շարժում անելուց հետո հեռանում է տնակ: Հետեւում եմ նրան: Տնակի գարշահոտը «դաղող» ապտակի պես ինձ դուրս է շպրտում: Քայլ առ քայլ առաջանալով` քիթս վարժվում է հոտին: Գարշահոտը, սրտխառնոցը, տնակի սառնամանիքն ինձ դուրս հրավիրելու մարտահրավեր են նետում: Բայց անխոս, դանդաղկոտ, «անկենդան» աչքերով տղան ներսում է, ու հաստատ գիտեմ, որ այդ հայացքի մեջ դաջված պատմությունը ցնցելու է ինձ: Անտարբեր, անորոշ հայացքով տղան 12-ամյա Մուշեղն է: Այս փոքրիկը «մարդ» դառնալու ճանապարհին սայթաքել է ու ինքն իրեն չներելու բարդույթից ընկել է հոգեբուժարանի դռները: Սովը չարացրել է այնքան, որ մի կոնֆետի համար…

Մայրը` Լենան, ասում է` «Ես տասը երեխա ունեի, հիմա ինն են: Երկու տարի առաջ Մարտինս… »: Երկու տարի առաջ Մարտինի ձեռքը կոնֆետ է ընկել, կամ էլ Մուշեղի ձեռքն է կոնֆետ ընկել: Երկու փոքրիկ եղբայրները սկսել են կոնֆետը ձեռքից ձեռք խլել: Քաղցը գոնե մի կոնֆետով հագեցնելու համար սկսել են իրար քաշքշել, կռվել ու իրար ծեծել: Մուշեղը կոնֆետի պատճառով եղբորը հրել է. «Մարտինս ընկել է գետը, խեղդամահ է եղել: Ջուրը քշել-տարել էր մինչեւ Թթու ջուր: Երեխուն խեղդված դուրս բերեցին»: Մուշեղը մոր պատմածից ագրեսիվ է դառնում, իրեն թափով գցում է ցեխակորույս մահճակալի վրա: Մայրը լռում է, բայց, երբ Մուշեղը տնակից դուրս է գալիս` շշնջալով պատմում է, որ այդ դեպքից հետո տղան հոգեկան հիվանդություն է ձեռք բերել: Եղբոր հետ պատահածի պատճառով Մուշեղն ինքն իրեն չի ներում ու հաճախ ինքնավնասման փորձեր է կատարում: Լենան ասում է` «Երակներն ա կտրում, իրան վնաս ա տալիս: Ջղայնանում, գնում ա շուշա-մուշա ա գտնում ու թեւերը ճղում ա»: Բժիշկները Լենային հորդորում են որդուն տեղափոխել Երեւանի Նյարդահոգեբուժական դիսպանսերում բուժվելու, սակայն Մուշեղին հիվանդանոց տեղափոխելու ճանապարհածախսի պատճառով մյուս երեխաները ստիպված կլինեն անհաց օրեր անցկացնել: «Փող չկա, որ Երեւան տանեմ»,- ասում է Լենան:

Լենայի ավագ որդին՝ 26-ամյա Էդգարը, Ռուսաստանում է, իսկ ամենափոքրը 3 տարեկան Մարիաննան է: Այլեւս վարձակալած բնակարաններում ապրել չկարողանալով` արդեն 12 տարի է, ինչ տեղափոխվել են Լենինգրադյան փողոցի այս տնակը: 13 հոգով մի քանի ոտնաչափ տնակում «գոյատեւելու» հնարքը հավանաբար մեր նմանների համար «անիմանալի» է: Լենան ու ամուսինը` Ստյոպան, չեն աշխատում, որովհետեւ Վանաձորում համատարած գործազրկություն է: «Նպաստով, թոշակով ենք ապրում»,- ասում է նա: 43.500 դրամ ընտանեկան նպաստով եւ 11.600 դրամ Ստյոպայի հաշմանդամության թոշակով ապրող ընտանիքի երեխաները մի կոնֆետի համար իրար «կյանք» են խլում: Ստյոպան բրոնխիալ ասթմա հիվանդությունն ունի, ինչը զարմանալի չէ նրանց տնակային պայմանների ֆոնին: Լենան ասում է` «Ո՞նց պիտի ապրենք, տեսնում եք, էլի… Նիսյայով ուտելիք ենք վերցնում, հետո նպաստով փակում ենք»:

Երկու երեխաներին մանկատուն է հանձնել, իսկ մեկին կորցրել է

Նարինե Ջանինյանը Լենայի որդու` Կամոյի կինն է, ով ամուսնանալուց ի վեր ապրում է Լենայի բազմանդամ ընտանիքի հետ` միեւնույն տնակում: Օրինական ամուսիններ չեն, բայց մշտապես միասին են ապրում: Ասում է` «Ճիշտն ասած` ես գյուղի` Օձունի աղջիկ եմ ու չեմ էլ պատկերացրել, թե որտեղ եմ հարս գնում: Հիմա էստեղ եմ` ամուսնուս քույրերի, եղբայրների, սկեսուրիս, սկեսրայրիս հետ: Չգիտեմ՝ ինչ ա լինելու մեր վերջը: Աշխատանք չկա, թե չէ` չէի ամաչի, հավաքարարություն էլ կանեի»: Նարինեն կուչ է եկել տնակի անկյունում, կոտրած աթոռին ու մի տեսակ չի էլ խառնվում տան անդամների խոսակցությանը: Մշտապես գլուխը կախ, կարծես մեղադրյալի աթոռին է նստել: Երբ խոսելու հերթն իրեն է հասնում` շփոթվում, կարկամում է: Ասում է` «Ես էլ երկու երեխա ունեմ»: Հարցնում եմ` «Ո՞ւր են, որո՞նք են քոնը»: Բառերը կցմցելով, կարկատելով ու «կես մարդ» դառնալով՝ պատմում է, որ 3-ամյա Արմանին ու 2 տարեկան Անուշին հանձնել է մանկատուն: Բառերն արտահայտելու հետ մեկտեղ՝ մի թաքստոց է ման գալիս, որ իրեն «կորցնի»: Հետո ինքն իրեն մխիթարելով` ասում է. «Ժամանակավոր եմ տվել, որ երեխեքիս սովից փրկեմ: Մի քիչ պայմաններ ստեղծենք՝ հետ կվերցնեմ: Բայց ես գնում եմ մանկատուն, իրանց այցելում եմ»: Արմանը 7 ամսականից մանկատանն է, իսկ Անուշը՝ ծնվելուց մի քանի օր անց: «Շատ-շատ եմ կարոտել երեխեքիս»,- ասում է Նարինեն, ով երրորդ երեխային էլ կորցրել է ցրտի պատճառով. մահացել է: Ընտանիքի հայրը` Ստյոպան, ասում է, որ ամեն օր գնում են բարեգործական ճաշարան, որ` «մի փոր» տաք ճաշ ուտեն: Թիվ 24 դպրոցի ճաշարանում «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը օրը մեկ անգամ կարիքավորներին կերակրում է: Ընտանիքի անդամներից բարեգործական ճաշարանից օգտվելու իրավունք ունեն միայն 3-րդ կարգի հաշմանդամ Ստյոպան, Մուշեղն ու 11-ամյա Վիկտորը: Շաբաթվա 5 օրն այս երեքը «կշտանում» են ճաշարանում, իսկ շաբաթ-կիրակի ընտանիքի մյուս անդամների պես հացին «կակա» են ասում: Ստյոպան ասում է, որ արդեն քանի օր է՝ ճաշարան չեն գնում: Թեեւ վստահեցնում է, որ ճաշարան չգնալու պատճառը ճաշերի վատ որակն է, այդուհանդերձ, իրականում նա աշխատողների հետ վիճել է: «Շատ վատ վիճակ ա: Նամակներ եմ գրել բարերարներին, մեր կենսագրության մասին տվյալներ եմ գրել, խնդրել եմ օգնել: Սպասում ենք…»:

Հ.Գ. Վանաձորում բնակվող այս եւ մի քանի այլ սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքներին այցելեց «Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր-նախագահ Արմինե Հովհաննիսյանը: Շրջայցի ընթացքում ծանոթանալով սարսափելի ծանր պայմաններում գոյատեւող ընտանիքների կենսապայմաններին՝ Ա. Հովհաննիսյանը՝ բացի հագուստի տեսքով օգնություններ բաշխելուց, նաեւ առաջարկեց ընտանիքների երեխաներին ընդգրկել «Օրրանի» Վանաձորի մասնաճյուղում, որտեղ նրանք կարող են ինչպես սնվել, այնպես էլ օգտվել «Օրրանի» ուսումնական, բժշկական եւ այլ ծառայություններից: