Սառը ցնցուղ

09/12/2010

ԱՄՆ Պետքարտուղարությունը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այն հայտարարություններին, թե «Wikileaks»-ի կողմից տարածված ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունները «լուրջ չեն եւ բաղկացած են ԱՄՆ դիվանագետների բամբասանքներից»: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին անդրադառնալով Էրդողանի հիշյալ հայտարարություններին՝ ասել է. «Մեր դիվանագետները մշտապես տեղեկություններ են հաղորդում այն երկրներում տեղի ունեցող զարգացումների մասին, որտեղ իրենք հավատարմագրված են: Դա շատ կարեւոր է եւ օգտակար: Մեր դիվանագետները շարունակելու են դա անել»: Հիշեցնենք, որ «Wikileaks»-ի հրապարակած փաստաթղթերում տեղ են գտել նաեւ մի շարք թուրք պաշտոնյաների անուններ, որոնք առնչություն ունեն կոռուպցիայի հետ: Ըստ «Wikileaks»-ի` Էրդողանը 8 առանձին հաշվեհամարներ ունի շվեյցարական բանկերում: Այս փաստաթղթերի հրապարակումից հետո Էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պնդելով, թե ինքը ոչ մի գրոշ չունի շվեյցարական բանկերում: