Դեկտեմբերի 8-ին լրանում է աշխարհահռչակ բիթըլ Ջոն Լենոնի մահվան 30-րդ տարելիցը: Նա ծնվել է 1940թ. հոկտեմբերի 9-ին, Լիվերպուլում: Լենոնը լեգենդար «Բիթըլզ» քառյակի հիմնադիրներից էր եւ խմբի մեներգիչներից մեկը: Ջոն Լենոնը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը եւ Ռինգո Սթարը «Բիթըլզով» իսկական հեղափոխություն կատարեցին ոչ միայն երաժշտության ասպարեզում, այլեւ շատերի կյանքում` նոր մտածողության, նոր աշխարհընկալումների սկիզբ դնելով: Լենոնը սպանվեց 1980թ. դեկտեմբերի 8-ին, Նյու Յորքում`ձայնագրման ստուդիայից տուն վերադառնալիս` ժամը 22:50-ին: Նրան սպանեց ԱՄՆ քաղաքացի Մարկ Չեմպենը, ով մինչ այդ, նույն օրը, ինքնագիր էր վերցրել Լենոնից: Չեպմենը նրա վրա էր արձակել հինգ փամփուշտ: Թեեւ Լենոնին շատ արագ տեղափոխել էին հիվանդանոց, այդուամենայնիվ, նա շատ արյուն էր կորցրել, եւ նրա կյանքը փրկել չէր հաջողվել: Մարդասպանը դատապարտվեց ցմահ ազատազրկման եւ մինչ այժմ կրում է իր պատիժը: Նա այդ ընթացքում 6 անգամ դիմել է ներման եւ վաղաժամկետ ազատման խնդրագրով, սակայն 6 անգամ էլ մերժում է ստացել: