Լոնդոնում «Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժի ձերբակալման լուրը` «երկու կանանց դեմ սեռական հանցագործություններ կատարելու մեղադրանքով», ուժեղ եւ ոչ միանշանակ արձագանք է գտել մամուլում: Ֆլորիդայի հայտնի շոումեն Ռաշ Լամբրոնն ասել է. «Այ քեզ բան: Մարդն աշխարհում հայտնի է դարձել համաշխարհային արտահոսքերով, իսկ հիմա նրան ձերբակալել են առանց պահպանակի սեքսով զբաղվելու համար», ինչպես գրում է «MIGnews.com»-ը: Հիշեցնենք, որ Շվեդիայում Ասսանժին մեղադրում են ինչ-որ երկու կանանց բռնաբարելու համար: Ընդ որում, այդ կանանցից մեկն աշխատում է մի կազմակերպությունում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից: Եվ նաեւ այս պատճառով է, որ այդ մեղադրանքին ոչ ոք լուրջ չի վերաբերվում: Ասսանժի փաստաբան Մարկ Սթիվենսը հայտնել է, որ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու համար նոր դիմում կներկայացնի, որը կքննարկվի Լոնդոնում կայանալիք Վեստմիստրյան դատարանի հաջորդ նիստում: Ըստ փաստաբանի` նախօրեին գումարված նիստի ժամանակ մեղադրող կողմը չի կարողացել ներկայացնել եւ ոչ մի ապացույց: «Այսօր մենք ականատես դարձանք մի շատ ինքնատիպ նիստի, որի ընթացքում Ասսանժի նկատմամբ ներկայացված մեղադրանքների որեւէ ապացույց չներկայացվեց»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է փաստաբան Սթիվենսը: «Չնայած Ասսանժը ձերբակալված է, «Wikileaks»-ը կշարունակի իր գործունեությունը»,- հավելել է փաստաբանը` ընդգծելով, որ իր պաշտպանյալին պատրաստ են աջակցել բազմաթիվ մարդիկ, ովքեր լիովին համոզված են, որ Ասսանժի դեմ բոլոր մեղադրանքներն ունեն քաղաքական շարժառիթներ: Հիշեցնենք, որ 39-ամյա Ասսանժն ինքն էր ներկայացել ոստիկանական բաժանմունք՝ ցուցմունքներ եւ իր նկատմամբ մեղադրանքների առնչությամբ բացատրություններ տալու համար, սակայն լոնդոնյան ոստիկանությունը ձերբակալել է նրան` իր գործողությունները բացատրելով Շվեդիայի կողմից տրված ձերբակալման հրամանի առկայությամբ, քանի որ Շվեդիայի իշխանությունները մեղադրում են նրան «բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների համար»: Ասսանժը հերքել է բոլոր մեղադրանքները`դրանք անվանելով հատուկ ծառայությունների «կեղտոտ արշավ», որը նպատակ ունի վարկաբեկել իրեն` «Wikileaks» կայքի գործունեության առնչությամբ: Սակայն Լոնդոնի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Ջուլիան Ասսանժին, ուստի նա կշարունակի մնալ ձերբակալված մինչեւ հաջորդ դատական լսումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին:
Ի դեպ, «Time» հանդեսը Ջուլիան Ասսանժի անունը հանել է «Տարվա մարդ» հարցման ցուցակից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ասսանժն այդ ազդեցիկ ցուցակում զբաղեցնում էր առաջատարի դիրքերը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, Lady GaGa-ի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ այլոց անունների հետ: Նշենք, որ հանդեսը «Տարվա մարդ» կոչումն ամեն տարի շնորհում է այն մարդկանց, ովքեր առավել խոր ազդեցություն են ունեցել համաշխարհային իրադարձությունների վրա: Նախորդ տարի, օրինակ, «Time»-ը «Տարվա մարդ» էր ճանաչել Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեին, 2008-ին` Բարաք Օբամային, իսկ 2007-ին` Վլադիմիր Պուտինին: